Armenian text to speach

Ո՞ր գերատեսչություններն Անդրանիկ Նիկողոսյանին կզրկեն պարգևներից և մեդալներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն երեկ հանդես էր եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում էր Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ԱԺ բարձրագույն պարգև պատվո մեդալից: Նշենք, որ վերջինս կարծիք է հայտնել, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ:

Մարուքյանն Ազգային ժողովի նախագահին առաջարկել է Անդրանիկ Նիկողոսյանին զրկել 2013թ. հոկտեմբերին ստացած՝ ՀՀ ԱԺ բարձրագույն պարգև պատվո մեդալից: Նրան պարգևատրած գերատեսչություններից է նաև պաշտպանության նախարարությունը:

Ինչպես այսօր հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Ա. Նիկողոսյանին ոչ միայն ԱԺ նախագահը և ոստիկանապետն են մեդալներ տվել, այլև Պաշտպանության և Մշակույթի նախարարները, ինչպես նաև` Երևանի քաղաքապետարանը: Armlur.am-ն արդեն ներկայացրել էր Պաշտպանության նախարարության տեսակետը, այժմ կանդրադառնանք մյուս գերատեսչություններին:

Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ այդ մասով որևէ բան չեն մեկնաբանում: Ազգային ժողովի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանն էլ հայտնեց, որ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը գտնվում է արձակուրդում և այս հարցին կարող են անդրադառնալ միայն նրա վերադարձից հետո:

Արձակուրդում է գտնվում նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, սակայն նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ Նիկողոսյանին նախարարությունը պարգևատրել է 2009թ.-ին:

«Մշակույթի նախարարությունը 2009թ. Անդրանիկ Նիկողոսյանին պարգևատրել է ոսկե մեդալով` մշակույթի բնագավառում երիտասարդների ստեղծագործական ներուժի խթանման գործում ունեցած զգալի վաստակի համար: Գերատեսչական պարգևը տրամադրվել է իբրև խրախուսանք: Իսկ «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենք» -ի համաձայն պարգևներից կարող են զրկվել միայն  դատական կարգով», – փոխանցեցին նախարարությունից:

Մնում է սպասել, թե այլևս ինչ արձագանքներ կստանա անկախ պատգամավորի առաջարկը:




Լրահոս