“Հրապարակը” գրում է. “Եթե 2008 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀԿ գրասենյակում ասեղ գցելու տեղ չէր լինում, անշլագ ու բրոունյան շարժում էր թե միջանցքներում, թե սենյակներում եւ թե դրսում, հիմա, Սեւակի խոսքերով, “լռություն է` խորունկ-խորհրդավոր”:
Այդպիսի լռություն էր ՀՀԿ շտաբում նաեւ մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որովհետեւ իրական շտաբը ոչ թե ՀՀԿ-ում, այլ Բաղրամյան 26-ում էր: Լռությունն այս օրերին խորացել է մանավանդ Հովիկ Աբրահամյանի 55-րդ տարեդարձի տոնակատարությունից հետո, որին Սերժ Սարգսյանը չի մասնակցել, տոնակատարությունն էլ առանձնապես շքեղ չի եղել. որ “շեֆը գար, շքեղ կլիներ”,- ասացին: Ինչից էլ Հովիկ Աբրահամյանը բավականին նեղվել է, որն էլ ՀՀԿ-ում հեռուն գնացող եզրակացությունների տեղիք է տվել: Ի դեպ, ՀՀԿ շտաբում, ի տարբերություն 2008-ի, գրեթե չի լինում Ռուբեն Հայրապետյանը: Իսկ Սամվել Ալեքսանյանն էլ այսքան ժամանակ մեկ անգամ է “երեւացել”:
Փոխարենը՝ հաճախացել են սեղանների շուրջ կերուխումերը. չէ՞ որ այս անգամ առանձնապես աշխատելու կարիք էլ չկա, իսկ հանդիպումների Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին չի տանում: Երեկ եւս իշխանական վերնախավը՝ Բանակի օրվա առիթով, կերուխումի էր Ծառուկյանի “Օջախում”: