Մահացել է ԵԿՄ անդամ Հակոբ Հակոբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահացել է ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանը, ինչի կապակցությամբ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը,  ԵԿՄ վարչությունը հանդես են եկել ցավակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ գաղափարաքարոզչական բաժնի պետ, Արցախյան ազատագրական շարժման ակտիվիստ, գրող, հրապարակախոս, հայ ազգի արժանի զավակ Հակոբ Հակոբյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Հակոբյանը կյանքն ապրեց երկրապահավարի, անմնացորդ նվիրումով: Մինչեւ ապրած վերջին օրն էլ Հակոբյանը ազնվորեն ծառայեց հայրենիքին, ժողովրդին: Նրա ուսերին չափազանց բարդ աշխատանք էր ծանրացած Երկրապահում՝ գաղափարաքարոզչական աշխատանքից մինչեւ արխիվային, մինչեւ ԵԿՄ վարչությունում եւ ստորաբաժանումներում գրադարանների հիմնում: Սակայն, նա այս ամենն անում էր առանց տրտնջալու, անում էր հաճույքով՝ ազգ-հայրենիքին պիտանի լինելու գիտակցումով:
Հակոբյանն Արցախյան ազատագրական շարժման առաջին իսկ օրերից եղել է այդ գործի նվիրյալն ու մինչ ապրած վերջին օրն էլ պայքարում էր հանուն հայության արդար դատի հաղթանակի: Նա դեռ լրջագույն ծրագրեր ուներ, ձեռնարկներ, որոնք ավարտին հասցնելն իր ընկերների, գործընկերների, երկրապահների պատվի գործը պետք է լինի:

Ննջի՛ր խաղաղությամբ, հարգելի՛ Հակոբ: Եվ հավերժ փա՛ռք քեզ:

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի հրամանով ստեղծվել է Հակոբ Հակոբյանի հուղարկավորության երկրապահական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն անձամբ զորավարն է: Հանձնաժողովի կազմում են ԵԿՄ վարչության փոխնախագահները, ԵԿՄ տարածքային բաժանմունքների եւ մարզային խորհուրդների նախագահները»:




Լրահոս