«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը Բաղրամյան պողոտայում ծավալելու հաճույքը վայելած երիտասարդությունը, բնական է, չպետք է բավարարվեր տրադիցիոն ու իր «դարն ապրած» Ազատության հրապարակով։ Նրանց նոր հորիզոններ են հարկավոր։ Մանավանդ՝ միշտ չէ, որ պայքարը հաջողություն է արձանագրում, եւ երիտասարդությունը դրա պատճառը հաճախ տեսնում է ոչ թե իր գործողությունների ճշգրտության, այլ վայրի ընտրության մեջ։ Թերեւս դա էր պատճառը, որ երիտասարդների խումբը որոշեց «գրավել» Հանրապետության հրապարակը։ Երկու շաբաթից ավելի Հանրապետության հրապարակն էր համախմբում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողներին։ Դավիթ Սանասարյան-Անդրիաս Ղուկասյան զույգը փորձում էր այնտեղ հավաքել քաղաքացիներին, օր օրի մեծացնել մարդկանց քանակը, գրավել հրապարակի գորգը, նոր մեթոդներ կիրառել, նոր հայտարարություններով հանդես գալ: Երեկ արդեն հերթը հասել էր մեր տատիկ-պապիկներին, ում հետ մեծ հույսեր են կապում նախաձեռնողները:
Շարժման համակարգող Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ հրապարակն այն վայրն է, որտեղ իրենց պահանջներն ավելի ազդեցիկ են հնչում։ Բայց դեռ վստահ չեն, որ այնքան մարդ կհավաքվի, որ հնարավոր կլինի գրոհել եւ գրավել Հանրապետության հրապարակը։ Շոգն էլ մյուս կողմից է նեղում։ «Ոտքի, Հայաստանը» մտադիր է օգոստոսի 21-ին եւս հանրահավաք անցկացնել եւ հիշեցնում է իր 3 հիմնական պահանջը. պատասխանատվության ենթարկել էներգետիկ համակարգը ճգնաժամի հասցրած անձանց, ազգայնացնել ՀԷՑ-ն ու պաշտոնանկ անել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին։ Մինչ այդ էլ եւս 14 պահանջ էին հրապարակել՝ ընդգրկելով նաեւ իշխանափոխությունը։ Նրանք ընդդիմադիր կուսակցություններին կոչ են արել ժամանակավոր կառավարություն ձեւավորել:
….
«Ոտքի, Հայաստան» շարժմանը թեւ ու թիկունք լինելու համար ստեղծվել է «Կարգին հայ պապիկներ» նախաձեռնությունը: Նախաձեռնության ղեկավար Սեյրան Ազիզյանը մեզ տեղեկացրեց, որ պապիկների խումբը կոչ է անում բոլոր պապիկ- տատիկներին միանալ «Ոտքի, Հայաստանի» կազմակերպած ակցիաներին: «Պատկերացնո՞ւմ եք, որ դուրս գանք համացանց, ու աշխարհի հայ պապիկները միանան մեզ: Ի՜նչ ուժ կլինի, ու ո՜նց սրանց հախից կգանք»,- ասում է Սեյրան Ազիզյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: