«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` Աղալարի անունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է մամուլի էջերում: Բանն այն, որ վերջինիս անվան հետ բավականին աղմկալի պատմություններ կան, եւ դատելով ստեղծված իրավիճակից` նա մշտապես այս պատմություններից չոր է դուրս եկել:
Եվ այսպես` դեռես 2013 թվականին Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը լրատվամիջոների հետ զրուցում հայտարարել էր, որ 2000 թվականին Գորիսում Սեյրան Խաչատրյանը կրակել եւ ծանր վիրավորել է մի բնակչի` ոմն Գարիկի, սակայն այդ հանցանքի համար չի պատժվել, քանի որ նրան տրվել էր «գժի թուղթ»:
Սա դեռ վերջը չէ, դեռեւս 2007 թվականին հրապարակվել էր տեղեկություն, ըստ որի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը թմրամիջոց օգտագործելու համար հայտնվել էր դատարանում: Եվ այսպես պարզվել էր, որ Սեյրան Խաչատրյանը գործով չպարզված անձից ապօրինաբար ձեռք է բերել եւ պահել 10 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց, որը համարվում է խոշոր չափ: Այնուհետեւ այն 2006-ի հունվար-փետրվար ամիսներին Գորիս քաղաքի մոտակայքում ոմն Վարդանի միջոցով 100 դոլարով վաճառել է Հրաչ Հակոբյանին: Բացի այդ՝ 2005-ի աշնանը Սեյրան Խաչատրյանը ապօրինաբար ձեռք է բերել մարիխուանա տեսակի 1.1 գրամ քաշով թմրամիջոց: 2006-ի մարտի 28-ին էլ ոմն Մահմադից ապօրինաբար ձեռք է բերել եւ պահել 5 գրամ քաշով խոշոր չափ հանդիսացող ափիոն տեսակի թմրամիջոց, որի մի մասը պատրաստել եւ օգտագործել է ներարկման եղանակով:
Եվ, ահա, այս ամենը պարզելուց հետո 2007 թվականին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայքների առաջին ատյանի դատարանի նախագահ Աբրահամյանը 2006-ի օգոստոսի 10-ին կայացրած իր դատավճռով անմեղ էր ճանաչել Սեյրան Խաչատրյանին եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակել նրան: Իսկ մարզպետի եղբայրը իր թմրամիջոց օգտագործելու հանգամանքը բացատրել էր հետեւյալ կերպ, թե 1990-1994 թթ., մասնակցելով ղարաբաղյան պատերազմին, երկու անգամ վիրավորվել է եւ ստացել կոնտուզիա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: