2-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԲԺԻՇԿՆԵՐԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, 2-ամյա Լիա Միսակյանի առողջական վիճակը կտրուկ վատանում է: Միսակյանների ընտանիքը, անհանգստացած երեխայի առողջական վիճակով, նրան տեղափոխում է “Արաբկիր” բժշկական կենտրոն, որտեղ, ծնողների խոսքով, բժիշկների անտարբերությունից փոքրիկը մահանում է:
Դեկտեմբերի 31-ի երեկոյան Աջափնյակի 16 թաղամասի 26 շենքի բնակիչ Գեորգի Միսակյանի 2 տարեկան  դստեր` Լիա Միսակյանի ջերմությունը կտրուկ բարձրանում է: “Երեխաս երբեք լուրջ խնդիրներ չի ունեցել, եւ այդ օրը, երբ բարձրացավ ջերմությունը, մենք մտածեցինք, թե սովորական գրիպային վիճակ է, միգուցե դա է պատճառը, բայց ավելի ուշ երեխան սկսեց դողացնել, մենք կարծեցինք, թե ցնցումների մեջ է, շտապօգնություն կանչեցինք եւ երեխային տեղափոխեցինք “Արաբկիր” բժշկական կենտրոն”,-հազիվ զսպելով արցունքները՝ պատմեց աղջնակի մայրը՝ 37-ամյա Աշխեն Բաբայանը:
Հոր պատմելով՝ “Արաբկիր”-ում երեխային կաթիլային են միացնում, եւ 2-3 ժամ հետո Լիան, բուժքրոջ ձեռքը բռնած, ման է գալիս միջանցքում. “Դեկտեմբերի 31-ի հերթապահող բժշկուհին Լիլիթ Վարդանյանն էր, որն ասաց, թե երեխայի վիճակը կայուն է, եւ ընդամենը սովորական վիրուս է, որը իրենց միացրած կաթիլայինի միջոցով դուրս է գալու, եւ անհանգստանալու կարիք չկա”: 
Ծնողների խոսքով՝ երեխան հունվարի 1-ին լավ է եղել, բայց հունվարի 2-ին վիճակը բարդացել է: “Ամսի 2-ին մտա սենյակ, տեսա՝ երեխաս հազիվ էր շնչում, խռպոցով: Անգամ ես, որ մասնագետ չեմ, հասկանում էի, որ դա սխալ շնչառություն է, որ երեխան չպետք է այդպես շնչի, եւ որ վիճակը լուրջ է: Բժշկուհուն ասացի, որ երեխան չի կարողանում անգամ հաց կուլ տալ, գուցե ինչ-որ բան պետք է ձեռնարկել՝ կոկորդը մաքրել կամ մեկ այլ բան: Բժշկուհին պատասխանեց, որ կոկորդին ձեռք տալ չի կարելի, իրենք թոքերը լսել են, եւ ամեն ինչ նորմալ է: Կես ժամ անց մեզ ուղարկեցին ուլտրաձայնային հետազոտության (ԷԽՈ), հետո ռենտգենի: Մոտ 1 ժամ սպասել ենք միայն ռենտգենի պատասխանին, քանի որ բժիշկ չկար: Մինչեւ ամսի 2-ը լաբորատորիան էլ չէր աշխատում, երեխայից հենց առաջին օրը վերցրած մեզի անալիզները 2 օր մնացել են պալատում”,-պատմեց Գ. Միսակյանը: 
Ամսի 2-ին՝ երեկոյան 3-4-ից հետո, փոքրիկ Լիային հակաբորբոքային են նշանակել եւ ներարկել: “Իրենք ասում էին` երբ երեխան քնի, կբերեք, թթվածին կմիացնենք, բայց երեխան չէր կարողանում քնել: Ամսի 2-ի ժամը 5-6-ի կողմերը նոր երեխային բարձրացրել ենք քիթ-կոկորդի մասնագետի մոտ, ինքն էլ նայեց ու ասաց, որ վիճակը շատ լուրջ է: Իսկ մինչ այդ, երբ ուզում էի ԷԽՈ-ի կամ ռենտգենի պատասխանները, ինձ ասացին, որ աջ թոքի բորբոքում է, մնացած ամեն ինչ նորմալ է: Հետո մեկ այլ մասնագետ բերեցին, նա էլ ասաց, որ երեխայի կոկորդը շտապ մաքրեն: Բարակ խողովակով մաքրեցին, արյունախառը թարախային զանգված էր գալիս: Բայց այդ ամենը ձեռնարկեցին, երբ արդեն շատ ուշ էր. ժամը 12:20 երեխան ձեռքերիս վրա մահացավ: Նրանք շատ անտարբեր էին, անգամ վերջին պահին, երբ իրենք թթվածնային դիմակ էին միացրել, դարձյալ կինս էր պահում` բուժքույրը սենյակում կանգնած”,-նշեց Գեորգին: Նրանից տեղեկացանք, որ հունվարի 1-ին հերթապահող բժշկուհին մի երիտասարդ աղջիկ է եղել, որն ընդամենը մեկ անգամ է եկել հիվանդասենյակ, սակայն նրա անունը ծնողները չկարողացան հիշել, իսկ հունվարի 2-ի բժշկուհին Իրինա Մամյանն է եղել:
Գ. Միսակյանը պատմեց նաեւ, որ հունվարի 2-ի երեկոյան 20:00-ի սահմաններում ինքը տուն է գնացել` երեխային հագուստ եւ ուտելիք բերելու: Սակայն վերադառնալուց հետո երեխայի թույլ վիճակն անհանգստացրել է  իրեն, եւ ինքը դիմել է բուժքրոջը: “Ասացի՝ երեխայի վիճակը դուրս չի գալիս, բուժքույրն ասաց, թե հիմա բժշկուհուն կկանչի, վերադարձա պալատ ու զգացի, որ երեխան ասես չի շնչում, գոռացի, ձայնիցս բժշկուհին վազելով եկավ, արագ թոքերը լսեց եւ ասաց, որ բարձրացնեն վերակենդանացման բաժին: Բայց երեխաս արդեն չկար, ես զգացի դա”,-ասաց Գ. Միսակյանը: 
Երեխայի հայրը պատմեց, որ վերակենդանացման բաժնից միայն 2 ժամ հետո են բժիշկները դուրս եկել եւ ասել, որ երեխան կլինիկական մահ է տարել, եւ իրենց ոչինչ չի հաջողվել անել: 
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի 24.01.13 համարում




Լրահոս