Երեկ` հունվարի 28-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մուրացան 64 տան բնակիչ 64-ամյա Գագիկ Սենեքերիմյանը ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ մայրը՝ 75-ամյա Գեղանուշ Մանգյանը, տան աստիճանավանդակներից ընկել, մահացել է: Ինչես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ հետաքննիչի կողմից նշանակվում է դիակի դատափորձաքննություն և, ըստ ֆոտոլրագրողի տեղեկություների՝ այսօր դատական բժիշկը Էրեբունու ոստիկանությանը հայտնել է, որ Գ. Մանգյանը մահացել է մեխանիկական շնչահեղձության (խեղդամահ լինելու) հետևանքով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարևանները պատմել են, որ մահացածը նշված տանը բնակվում էր իր երկու տղաների` Գագիկի և 45-ամյա Կարեն Սենեքերիմյանի հետ: Կարենը ամուսնալուծված էր և տանը միշտ վիճաբանություն է տեղի ունեցել ընտանեկան հարցերի շուրջ, ով մորը մեղադրում էր, որ ինքն է եղել պատճառը, որ բաժանվել է կնոջից: Եվ երեկ տանը նույնպես վիճաբանության ձայներ են լսել: Գ. Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ էրեբունու ոստիկանություն են տարվել Գ. և Կ. եղբայրները` դեպքի մանրամասները պարզաբանելու համար: