ՀԱՐԿԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ, ՎԻՃԱԿԱԳԻՐՆԵՐՆ ԱՃ ԵՆ ՆԿԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ պաշտոնական տեղեկության՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեի հարկերի եւ տուրքերի հավաքագրումը 2015 թվականի պետական բյուջեի պլանից թերակատարվել է 22 միլիարդ 87 միլիոն դրամի չափով: Ավելին՝ առաջին կիսամյակում երկու հիմնական հարկատեսակների՝ ավելացված արժեքի եւ շահութահարկի հավաքագրումներն անցած տարվանից քիչ են եղել: Ասել է թե՝ ոչ միայն այս տարվա բյուջեով նախատեսված պլանը չի կատարվել, դեռ մի բան էլ արդյունքը անցած տարվա ցուցանիշից պակաս է եղել:
Բայց սա թերեւս ֆինանսների նախարարության թերի աշխատանքի արդյունքը չէ: Ակնհայտ է, որ Հայաստանում հարկային ծառայությունը գործարարներից հարկում է այնքան, որքան հնարավոր է, եւ դեռ ավելին, ուստի եթե հավաքագրումները նվազել են, ապա այն ուղղակի տնտեսության անկման փաստով է պայմանավորված: Իհարկե, դեռեւս մայիսին Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստում հրահանգել էր այս տարի 2-3 տոկոս տնտեսական աճ ապահովել, եւ նրա հրահանգը պաշտոնական վիճակագիրները կատարել ու 4,2 տոկոսանոց տնտեսական աճ են գրել: Բայց վիճակագրությունում գրված թվերով ո՛չ տնտեսությունն է զարգանում եւ ո՛չ էլ հարկերի հավաքագրումն է ավելանում: Այսինքն՝ եթե տարեվերջին պարզվի, որ պետական բյուջեն 40 կամ 50 միլիարդ դրամով թերակատարվել է, քանի որ տնտեսությունը խորը ճգնաժամում է, ապա ինչ կապ ունի, թե պաշտոնական վիճակագիրները քանի տոկոս տնտեսական աճ կգրեն: Կարող են 10 տոկոս գրել, կամ անգամ հարյուր, բայց դրանից իրականությունը չի փոխվում, տնտեսությունը չի զարգանում, մարդիկ էլ ոչ թե հարստանում են, այլ շարունակում են աղքատանալ:

 

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այնքան են զայրացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ երեկ այս մասին վարչապետը նույնիսկ ՀՀ Կառավարության նիստում բարձրաձայնեց՝ նախարարներին հորդորելով այլեւս չհրապարակել նախարարների եւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների միջեւ կայացող հանդիպումները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռեւս այս տարվա փետրվարին Կառավարության բոլոր անդամներին հրահանգվել է աշխատանքային հանդիպումները չհրապարակել, քանի որ առանձին դեպքերում դա հակառակ կողմին կարող է անհարմար վիճակի մեջ դնել: Սակայն նշված նախարարներն իրենց անձնական քարոզչության համար բոլոր հանդիպումները եւ քննարկումներն անվրեպ հրապարակել են: Եւ այն, որ երեկ այդ երեւույթի մասին Կառավարության նիստում բարձրաձայնվեց, փաստում է, որ վարչապետը ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններից եւ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանից բողոքներ է ստացել:

 

 

«Ժողովուրդ»-ին պարբերաբար գործարար աշխարհից դժգոհություններ են հասնում այն մասին, որ բոլոր նրանք, ովքեր գործարքի մեջ են մտնում մոսկվայաբնակ գործարար Արամ Քոչարյանի հայաստանյան ընկերությունների հետ, որոնք հիմնականում գործում են շինարարության ոլորտում, հետագայում լուրջ խնդիրների առաջ են կանգնում, քանի որ մշտապես առկա է «քցված» լինելու վտանգը: Համընդհանուր ընկալում կա, որ Արամ Քոչարյանը նախագահի նստավայրի կամ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի հովանավորյալն է: ««Մովսիսյան» բնական քարերի մշակման ձեռնարկություն» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Մովսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր 60 միլիոնանոց գույքը հափշտակել է Քոչարյանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Ա. Քոչարյանը նախագահականի հովանավորյալն է դարձել դեռեւս 2011 թվականից, երբ քրեական հեղինակությունների հետ հակասություններից հետո նա դիմել էր Ս. Սարգսյանի օգնությանը: Արդյունքում, Քոչարյանին «նեղած» օրենքով գողերը պատժվեցին, իսկ ժամանակին «տուժող» ձեւացած գործարարն այժմ ինքն է ուրիշների գլխին պատուհաս դարձել:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց՝ Տիգրան Խաչատրյանից բացի, առաջիկայում կկալանավորվեն նաեւ նրա եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը եւ վերջինիս որդին՝ Էյներ Խաչատրյանը: Ինչպես հայտնել էինք՝ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով Սեյրան եւ Էյներ Խաչատրյաններին ի սկզբանե մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ, եւ նրանք չհեռանալու ստորագրությամբ ազատ են արձակվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրգործը վերահսկող դատախազը քննիչին հրահանգել է մարզպետի եղբոր եւ նրա որդուն առաջադրված մեղադրանքը խստացնել, քանի որ նրանք նույնքան մեղավորություն ունեն, որքան գործով մյուս երեք կալանավորվածները: Քննիչն այդ որոշումը վերադասության կարգով բողոքարկել է: Սակայն արդյունքում վերահսկող դատախազի որոշումը ոչ միայն նույնն է մնացել, այլ նաեւ քննիչին կարգադրվել է մեղադրանքները խստացնելուց հետո միջնորդել, որ Սեյրան եւ Էյներ Խաչատրյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը:

 

 

 

 

ՀԱԿԱՍԱԿԱՆ

Այս օրերին սահմանադրական փոփոխությունների քարոզչությամբ զբաղված հանրապետականների հիմնական փաստարկներից մեկն այն է, որ խորհրդարանական կառավարման համակարգն անհամեմատ ավելի արդյունավետ է, քանի որ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին թույլ է տալիս լիարժեք վերահսկողություն իրականացնել գործադիր իշխանության նկատմամբ: Իհարկե, դա այդպես է, համենայնդեպս, դասական խորհրդարանական կառավարում ունեցող երկրներում: Եվ այն, որ նոր Սահմանադրության նախագծում առկա որոշ դրույթներ փոքր-ինչ սահմանափակում են այդ հնարավորությունը, թերեւս չպետք է կասկածի տակ դներ ՀՀԿ-ականների հիմնավորումները, եթե չլինեին դրան հակասող օրենսդրական նախաձեռնությունները` նույն ՀՀԿ խմբակցության պատգամավորների կողմից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արփինե Հովհաննիսյանի եւ Խոսրով Հարությունյանի հեղինակած նախագծին, որով առաջարկվում է սահմանափակել պատգամավորների հարցերին պատասխանելու ժամանակը: Կառավարության կողմից երեկ հավանության արժանացած այս նախագծով առաջարկվում է հարցերին պատասխանելու համար տրամադրել մինչեւ 6-ական րոպե, իսկ արձագանքելու համար՝ մինչեւ 2-ական րոպե:
Այսպիսով` ստացվում է, որ մի կողմից վերահսկողության մեծացման կարեւորությունը որպես փաստարկ ներկայացնելով` ՀՀԿ-ականներն առաջարկում են փոխել Սահմանադրությունը, մյուս կողմից փորձում են սահմանափակել այդ վերահսկողության դրսեւորման ամենակարեւոր հրապարակային հնարավորությունը` սահմանելով Կառավարության անդամների պատասխանների առավելագույն տեւողություն: Ինքնին հասկանալի է, որ այս նախագծի կյանքի կոչման դեպքում ցանկացած անցանկալի հարցին ի պատասխան՝ այս կամ այն նախարարը կսկսի նախ մի «հինգ րոպե» ջուր ծեծել, մի կես րոպե «կմկմալ», եւ երբ ստիպված կլինի անցնել բուն պատասխանին, հոպ, ժամանակը կսպառվի:
Առանց այդ էլ այսօրվա դրությամբ Աժ-ում ներկայացված փոքրաթիվ ընդդիմության համար Կառավարության անդամների հետ հարցուպատասխանները հանդիսանում են ազդեցության այն եզակի գործիքներից մեկը, որոնցից գործադիրի ներկայացուցիչները փոքր-ինչ ձգվում են: Ուստի առնվազն համոզիչ չէ նախագծի հեղինակիների ներկայացրած հիմնավորումը. «ԱԺ օրակարգի հագեցվածության» եւ «ժամանակի առավել արդյունավետ կառավարման անհրաժեշտության» մասին: Թեեւ եթե հաշվի առնենք նույն Խ. Հարությունյանի որդու զբաղեցրած պաշտոնը, Ա. Հովհաննիսյանի եւ Վ. Բաղդասարյանի` վարչապետի հետ ունեցած մտերմությունը, ամեն ինչ հասկանալի կդառնա:
Մնում է, որ ՀՀԿ-ականները կարողանան բացատրել, թե ինչու են սահմանափակում պատգամավորների կողմից գործադիրի նկատմամբ հրապարակային վերահսկողության ինստիտուտը` դրան զուգահեռ կոկորդ պատռելով խորհրդարանական համակարգի անցման անհրաժեշտության մասին:




Լրահոս