ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԱՂՄԿԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսաստանաբնակ գործարար Արամ Քոչարյանը մոտ 60 միլիոն դրամի վնաս է հասցրել հայ գործարար ««Մովսիսյան» բնական քարերի մշակման ձեռնարկություն» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Մովսիսյանին: «Մովսիսյան» ընկերության տնօրենը, իհարկե, այդ մասին հայտնել է ՀՀ իրավապահներին, բայց դեռ անօգուտ:

Եւ այսպես, «Ժողովուրդ»-ին մի շարք քաղաքացիներից բողոքներ են հասել, որ գործարար Արամ Քոչարյանը հայաստանյան որոշ ընկերությունների հետ շինարարության ոլորտում գործարքի մեջ է մտել, իսկ երբ գործը ավարտին է հասել, նա «քցել» է մարդկանց: Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինիս հետ ոչ ոք չի կարողանում լեզու գտնել եւ օրինական դաշտում խնդիրը կարգավորել, քանի որ նրա հովանավորը ՀՀ նախագահի նստավայրն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Շատ իրավիճակներում գործարարը «թքած» ունենալով օրենքի վրա՝ «ջրից չոր է դուրս գալիս»՝ ոտնահարելով մարդկանց իրավունքները: Եւ այդ լուրերն ամենեւին հիմնազուրկ չեն, քանի որ մամուլը Քոչարյանի մասին շատ է գրել:

Իսկ ինչով է հայտնի գործարարը
Եվ այսպես, դեռեւս 2011թ. «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ քրեական աշխարհի ներակայուցիչներ Անդրանիկ Սողոյանը` Զապը, ու Գեւորգ Մելքումյանը` Օշականցի Գեւորիկը, փորձել էին ռուսաստանցի գործարար Արամ Քոչարյանի բիզնեսի մի մասը խլել: Քրեական աշխարհի պարագլուխները պահանջել էին Արամ Քոչարյանից իրենց փոխանցել որոշ ձեռնարկություններ, այդ թվում եւ շշարտադրության գործարանը ու դրա համար ժամանակ էին սահմանել:
Սակայն գործարար Արամ Քոչարյանը հանդիպել էր Սերժ Սարգսյանին եւ բողոքել իր բիզնեսի նկատմամբ իրականացվող ոտնձգություններից, ինչից հետո Սերժ Սարգսյանը որոշել էր, որ գործարարին շանտաժի ենթարկող գողականները պետք է «նստեն»:
Այսքանով, սակայն, ռուսաստանաբանակ գործարարի անվան շուրջ աղմկալի պատմությունները չեն ավարտվում:

Թեւոսիկի եղբոր սպանությունն ու գործարարը
Ըստ շրջանառվող լուրերի՝ Արամ Քոչարյանի անունը կապվում է քրեական հեղինակություն համարվող Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու հետ: 2014 թվականին «Իրավունք» թերթը գրել էր, որ քրեական հեղինակություն համարվող Թեւոս Սաֆարյանի` Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի աղմկահարույց սպանությունը պատվիրված է եղել Մոսկվայից եւ այն էլ բավական խոշոր գումարի դիմաց: Բանն այն է, որ գործարարը տարիներ առաջ Թեւոսիկի հետ «չի կիսել» Մոսկվայում գտնվող ինչ-որ օղու գործարան, եւ Թեւոսիկն Արամին «պատժել է»: Այնուհետեւ, ըստ նույն խոսակցությունների՝ Արամ Քոչարյանի դեմ 2013-ին առանձնապես խոշոր չափերի խարդախության հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, կայացվել է կալանքի որոշում եւ հայտարարվել է հետախուզում: Սակայն շատ կարճ ժամանակահատվածում կալանքի եւ հետախուզման որոշումները վերացվել են, իսկ քրեական գործը` կարճվել:
Եվ, ահա, ինչպես գիտենք՝ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր սպանության մեջ ներկայումս մեղադրվում է Իսոն` Իսրայել Սարգսյանը, որը աշխատել է Գոռ Վարդանյանի հետ: Ըստ «Իրավունք» թերթի տեղեկությունների` Իսոյին եւ Արամ Քոչարյանին կապող օղակ են համարում վերջինիս անձնական թիկնապահներից մեկին` Ռաֆոյին, ով իբր նույնպես աշխատել է Գոռ Վարդանյանի հետ: Իսկ շրջանառվող վարկածն այն է, որ Արամ Քոչարյանը գործարանի հետ կապված խնդիրները կարգավորած անձանց նկատմամբ, որպես այդ օգնության դիմաց «պատասխան սիրալիրություն», կարող էր պարտավորված լինել Թեւոսիկի եղբոր հետ կապված պատվերի «երեւացող մասը» դառնալ` այդ կերպ նաեւ իր վաղեմի հակառակորդին պատասխան «պատիժը» տալով:
Իսկ, ահա, գործարար Արամ Քոչարյանն այս հրապարակման համար 2014թ փետրվարի 14-ին դատի էր տվել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին` պահանջելով իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքել, ներողություն խնդրել եւ զրպարտության համար 2 միլիոն դրամ փոխհատուցել: 2015թ մայիսի 12-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր գործարարի հայցը բավարարել մասնակի: Համաձայն վճռի՝ «Իրավունք» թերթը պետք է հերքում հրապարակի եւ գործարարին փոխհատուցի ոչ թե 2 միլիոն դրամ, այլ 500.000 դրամ: Սակայն նկատենք, որ թերթը չի հանձնվել եւ դատարանի այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան:

Դիմել են ոստիկանություն
Ինչպես նկատում ենք՝ գործարարի շուրջ աղմկալի պատմությունները չեն դադարում: Մի կողմից՝ Քոչարյանն իր անվան շուրջ ստեղծված աղմկալի տեղեկությունները փորձում է մաքրել՝ լրատվամիջոցին դատի տալով, մյուս կողմից՝ նա հայ գործարարներին է նեղացնում, ունեզրկում: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Արամ Քոչարյանը հայաստանյան ընկերություններից մեկի՝ ««Մովսիսյան» բնական քարերի մշակման ձեռնարկություն» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Մովսիսյանին «քցել» է, ոչ ավել, ոչ պակաս, 60 միլիոն դրամ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էդիկ Մովսիսյանը հաստատեց այդ լուրերը՝ հայտնելով, որ Քոչարյանն առանց իր իմացության վերցրել է իր շինտեխնիկան. «Մենք նրա հետ պայմանագիր ենք ունեցել՝ մի շենքի երեսապատումն իրականացնելու համար: Երեսապատումն իրականացրեցինք եւ հետո իմացանք, որ նա եկել ու «լեյսաները», որոնց վրա բանվորները կանգնում եւ պատ են շարում, ինչպես նաեւ «լիֆտերը» վերցրել, տարել է: Ես այլ ելք չունենալով՝ դիմել եմ ոստիկանություն, որ իմանամ, թե ով է տարել մեծ քանակությամբ տեխնիկան: Արդյունքում, որոշ ժամանակ անց ոստիկանությունը պարզաբանեց, որ գործարարն է վերցրել, տարել: Ավելին՝ ինձ ոստիկանությունից ասացին, որ սա քաղաքացիական գործ է, եւ, ըստ էության, իրենք չեն կարող քննել: Բայց ես բացատրեցի, որ քաղաքացիական գործ չէ: Եթե վերցրել էր տեխնիկան, պետք է բերեր ինձ մոտ, սակայն տարել է այլ տեղ, ու ոչ ոք չգիտի, թե ինչ է արել այդ տեխնիկայի հետ, իրացրել է կամ մեկ ուրիշի է տվել, ի վերջո, ուր է իմ տեխնիկան, իմ սեփականություն, սա ինչպե՞ս կարող է քաղաքացիական գործ լինել: Մոտ 60 միլիոնի ապրանքի մասին է խոսքը, սա լուրջ գործ է: Մի խոսքով, ես սպասում եմ, տեսնենք, երեւի քննություն կսկսվի, եւ ինձ կկանչեն, որ ցուցմունք տամ»:
Հուսանք, որ հայ գործարարի տեխնիկան իրեն կհասնի, իսկ ոստիկանությունը չի խուսափի եւ Սերժ Սարգսյանի հովանավորյալին, ըստ էության, հափշտակության համար համապատասխան պատասխանատվության կենթարկի:
Հ. Գ. Մեր բոլոր փորձերը՝ գտնելու Արամ Քոչարյանին, ձախողվեցին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄՈՐ ԶԱՆԳԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ
Երեկ Աջափնյակ վարչական շրջանում իր բնակարանում սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի հարազատները շոկի մեջ են եւ չեն կարողանում հասկանալ, թե ով կարող է լինել մարդասպանը:
Նշենք, որ Անի Մաջնունյանին հայտնաբերել էին իր բանկարանում: Հանցագործը կամ հանցագործները 58 դանակի հարված էին հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, իսկ վերջում էլ դանակի շեղբը թողել էին նրա մարմնում: Ավելին՝ կնոջ տունն ամբողջությամբ տակնուվրա էր արված եղել: Իսկ թե ով եւ ինչու կարող էր Անիի հետ այդպես դաժան վարվել, դեռ մնում է անհայտ:
Armlur.am-ի հետ զրույցում Անի Մաջնունյանին ընկերուհին՝ Մարինե Բունիաթյանը վստահեցրեց. «Անին որտեղ մտներ, այնտեղ խաղաղություն էր տիրում: Նրա երգերի տակ քնում էի, ասում էի` նվագիր, ես քնեմ: Չեմ հասկանում, որ տմարդին է այսպիսի բան արել: Սպանության հետ կապված որեւէ վարկած առաջ քաշել չեմ կարող: Բայց մի բան հաստատ է՝ նա ամեն մարդու առաջ դուռ չէր բացում: Նույնիսկ ես, երբ նրանց տուն էի գնում, նախապես զանգահարում, պայմանավորվում, հետո էի գնում: Սակայն չեմ կարող ասել, որ հարազատ մարդու արած բան է: Սա կանխամտածված սպանություն է եղել, բայց թե ինչը կարող էր դրդապատճառ լինել, չեմ կարողանում պատկերացնել»:
Ըստ մեր զրուցակցի՝ Անին որեւէ մեկի հետ խնդիր չի ունեցել, որ իրենց կասկածի տեղիք կտա. «7 տարի Գաբրիել Փանյանի հետ երջանիկ ապրել են: Ամուսնալուծությունից հետո երբեւէ որեւէ խնդիր նրանք չեն ունեցել: Երբեւէ խնդիր չի եղել նրանց միջեւ: Անին հարուստ էլ չէր, որ գողանալու ինչ-որ բան լիներ նրա բնակարանից: Երբ դեռեւս չէր աշխատում, հաղորդմանը չէր մասնակցում, միշտ օգնում էինք իրար, ինչով կարողանում էինք: Իսկ երբ նեղության մեջ էր հայտնվում, Արտաշատ էր գնում՝ մոր մոտ, կամ էլ եղբայրն էր Մոսկվայից գումար ուղարկում»:
Մարինայի պատմելով՝ Անիի մայրն ամեն առավոտ 09:00-ին զանգահարում էր դստերը, եւ Անին որքան էլ զբաղված լիներ, մոր զանգերն անպատասխան չէր թողնում: Եվ, ահա, դեպքի օրը մայրը զանգահարել է, իսկ դուստրը չի պատասխանել. «Մոր սիրտ է, զգացել է, որ ինչ-որ բան այն չէ: Սիրտը վկայել է, որ Անին փորձանքի մեջ է ընկել: Եղբոր հետ էլ այսօր եմ խոսել, նա էլ չի կարողանում հասկանալ՝ ով կարող էր նման բան անել: Հիմա բոլորս ենք շոկի մեջ»: Ըստ սպանվածի ընկերուհու՝ կատարվածն Անի Մաջնունյանի գործունեության հետ որեւէ առնչություն չէր կարող ունենալ, քանի որ հաճախորդներն անգամ ընկերանում էին նրա հետ: Նշենք, որ Անի Մաջնունյանի սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ):
Armlur.am-ի տեղեկություններով՝ Անիի սպանության կասկածյալը հայտնի է. նրան երեկ ոստիկանությունը բերման է ենթարկել:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

ՉԻ ՈՒՐԱԽԱՑՆԻ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ հայտարարել է, թե իր որդին` Տիգրան Խաչատրյանը, բանակից տարկետման իրավունք է ստացել, քանի որ 2013 թվականի հունիսին Գորիսում իրենց տան մոտ տեղի ունեցած սպանության հետեւանքով «ցնցումներ է ունեցել»:
«Տարկետման իրավունքը հիմնականում բռնվելուց ցնցումների մեջ էր, այդ երեք ամիսը, որ ձերբակալված էր: Իսկ դրանից հետո էլ դատաքննությունը գնում էր, իրեն չէին կարող զորակոչել»: Անդրադառնալով որդու կալանավորմանը` ասել է.«Այդ ձերբակալումը, անկեղծ որ խոսանք, անօրինական էր, ճիշտ չէր, որովհետեւ իսկապես ինքը դրան տեղյակ չէր»: Իսկ հարցին` արդյոք չի պատրաստվում հրաժարական տալ, մարզպետն արձագանքել է. «Չեմ կարծում: Չեմ ուրախացնի ձեզ»:

 

ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
Օգոստոսի 4-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 38-ամյա պայմանագրային զինծառայող Սամվել Խարազյանը, ով Բարեկամավանի դիրքերում հակառակորդի կողմից հրազենային վնասվածք էր ստացել: Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ զինծառայողը վնասվածքը ստացել է աջ ազդրի շրջանում, նրան վիրահատել են, եւ հիմա վիճակը բավարար է:

 

ԴԱՏԸ ԿԿԱՅԱՆԱ
Ազատության փոխանցմամբ` օգոստոսի 12-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը կկայանա Գյումրիում: Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին կա Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանի որոշումը: Ավելի վաղ Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի մամուլի խոսնակ Ալյոնա Կատկալոն ասել էր, որ դատը կլինի բաց:




Լրահոս