ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանում շատացել են լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները, որոնք արտահայտվում են այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ դատական գործընթաց սկսելով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը, ըստ էության, այն կառույցներից մեկն է, որը պետք է ինչ-որ ձեւով փորձի աջակցել լրատվամիջոներին, լրագրողներին: Armlur.am-ը միության գործունեության եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցեց միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի հետ:
-Տիկի՛ն Գեւորգյան, Ժուռնալիստների միության նախագահի ընտրությունները քանի՞ տարին մեկ են տեղի ունենում:
-Մինչեւ ՀԿ-ների մասին ՀՀ օրենքով աշխատելու պահանջը, բոլոր ստեղծագործական միությունների համագումարները հրավիրվում էին հինգ տարին մեկ: Երբ ստեղծագործական միությունները արհեստականորեն վերանվանվեցին ընկերակցություններ, միավորումներ ու զանազան ասոցիացիաներ, ՀԿ-ների մասին օրենքով ընտրությունների ժամկետը սահմանվեց երկու տարին մեկ: Վերջապես մեկ տարի է, որ երկար քննարկումներից, բանավեճերից հետո ընդունվեց նոր օրենք, վերականգնվեց «միություն» բառը եւ յուրաքանչյուր ստեղծագործական միության համագումար հրավիրվելու է չորս տարին մեկ:
-Կոնկրետ ե՞րբ է լինելու Ժուռնալիստների միության համագումարը:
-Չեմ կարող ասել: Ժամանակ ունենք: Լուրջ նախագծեր կան, որ պետք է ավարտել, ուզում եմ հատկապես շեշտել ժուռնալիստական արհմիություններ ստեղծելու նախագիծը, որը տարածաշրջանում (Թբիլիսի, Բաքու, Երեւան) իրականացնում է ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան (Բրյուսել): Պետք է մտածել ֆինանսական միջոցներ հայթայթելու մասին, խնդիրները շատ են:
-Դուք կրկին առաջադրվելո՞ւ եք որպես միության նախագահի թեկնածու, թե՞ ոչ:
-Իհարկե, ոչ: Ես ուզում եմ հանգստի գնալ: Լինում է, չէ, մասնագիտական հոգնածություն:
-Սահմանափակում կա՞, թե միեւնույն անձը քանի անգամ կարող է առաջադրվել նախագահ:
-Ո՛չ, սահմանափակում չկա: Ո՛չ տարիքային, ո՛չ սեռի: Միայն պետք է լինես միության անդամ:
-Միության նախագահ ընտրվելու համար ինչ-որ չափորոշիչներ կա՞ն:
-Միության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ընտրվելու Ժուռնալիստների միության նախագահ: Ընտրությունը կատարվում է բաց կամ փակ: Համագումարն է որոշում` փակ քվեարկություն անցկացնել, թե բաց: Միության նախագահ ընտրվելու համար կոնկրետ պահանջներ չկան, պարզապես պետք է լինես պրոֆեսիոնալ: Իհարկե, համագումարը որոշում է` եթե ճանաչված մարդ է, հայտնի լրագրող է, ժուռնալիստական հանրությունը վստահում է: Մինչեւ հիմա չի եղել, որ պատահական մեկի անունը տրվի որպես միության նախագահի թեկնածու: Կարեւոր են նաեւ մարդկային որակները:
-Իսկ Ժուռնալիստների միության անդամ ո՞վ կարող է լինել:
-Միության անդամ կարող է լինել յուրաքանչյուր ոք, ով առնվազն երկու տարի հաստիքով աշխատում է ԶԼՄ-ում: Վերջին անգամ Կանոնադրության մեջ փոփոխություն մտցվեց, որ անկախ լրագրողները եւս կարող են լինել միության անդամ` պայմանով, որ ներկայացնեն որեւէ ԶԼՄ-ի գրավոր երաշխավորությունը:
-Միությունը քանի՞ անդամ ունի:
-Շատ են: 1000-ից ավելի են: Բայց տնտեսական վիճակի պատճառով շատերը գնացել են արտասահման: Դրա համար կասեցրել ենք մոտ 400 լրագրողի անդամությունը: Նրանք ժամանակ առ ժամանակ վերադառնում են Հայաստան, վերականգնում անդամակցությունը, վճարում բաց թողած անդամավճարը: Մենք աղքատ կազմակերպություն ենք: Պետական ֆինանսական աջակցություն չենք ստանում:
-Իսկ ծախսերը ինչպե՞ս եք հոգում այդ դեպքում:
-Հայաստանի Ժուռնալիստների միության շենքը միության սեփականությունն է: Օրենքը թույլ է տալիս, որ մենք վարձակալության հիմունքով տրամադրենք տարածքը: Այդ գումարով հոգում ենք ծախսերը, պատերազմի մասնակիցներին նպաստ ենք տալիս, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 10 լավագույն ուսանողի ամեն ամիս անվանական թոշակ ենք տալիս:
-Տիկի՛ն Գեւորգյան, միությունն ի՞նչ քայլեր է անում լրատվամիջոցների նկատմամբ վերջին շրջանում նկատվող ճնշումների հետ կապված: Ինչպես հայտնի է` դատական հայցեր են տրվում լրատվամիջոցների դեմ, պահանջում են բացահայտել տեղեկատվության աղբյուրը եւ այլն:
-Լրագրողն ինքը կարող է այնպես անել, որ իր նկատմամբ ոչ մի դատական հայց չլինի: Ընդամենը նա պետք է փաստարկված հոդված գրի, ունենա անհերքելի փաստեր: Ես միշտ ասում եմ` ծոցատետրում պետք է ունենալ ավելի շատ չհրապարակած փաստեր, որ երբ բողոքեն, ներկայացնի չհրապարակված փաստերը: Շատ դեպքերում մասնագիտական մակարդակի, փորձի պակասի հետեւանքով է, որ լրագրողին պատասխանատվության են ենթարկում: Միշտ պետք է հիշել. անխոցելի է այն ժուռնալիստը, թերթը, որը պատասխանատու է եւ ունի պրոֆեսիոնալ բարձր որակներ: Ինչ վերաբերում է տեղեկատվության աղբյուրի բացահայտմանը, ԶԼՄ-ների մասին օրենքը հստակ սահմանում է` լրագրողը տեղեկատվության աղբյուրը կարող է բացահայտել միայն դատարանում, այն էլ փակ նիստում:
-Իսկ կոնկրետ Բաղրամյան պողոտայում լրագրողների նկատմամբ կիրառված բռնության հետ կապված միությունը, բացի հայտարարություն տարածելուց, ուրիշ ի՞նչ քայլեր է կատարել:
-Բաղրամյանի պարագայում ոչ միայն մեր միությունը հանդես եկավ հայտարարությամբ, այլեւ ես նամակ գրեցի Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիային եւ նրանք էլ հայտարարությամբ հանդես եկան: Նման դեպք դեռեւս չէր եղել, որ միջազգային ֆեդերացիան բողոքի ձայն բարձրացնի Հայաստանում լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Մենք բացի հայտարարությունից, դժբախտաբար, ոչ մի միջոց չունենք:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆԸ

 

 

 

 
ԽՈՐԱՄԱՆԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ «ԱՆՓՈՂ» ՉՄՆԱԼՈՒ ՈՒՂԻՆ

Հուլիսի 23-ի Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմիններին հանձնարարել էր ոլորտում կես տարով հետաձգել ստուգումները: Սակայն տեղեկություններ են շրջանառվում, որ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը իր նեղ շրջապատում գլուխ է գովել, թե գտել է վարչապետի հրահանգը շրջանցելու ուրույն տարբերակ` «անգործ չմնալու» համար:

Ըստ այդմ, «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Արամ Կարապետյանը իր մտերմիկ շրջապատի ներկայացուցիչներին ասել է, թե տեսչությունը կշարունակի ստուգումներ իրականացնել` որտեղ կամենա` դիմելով թեժ գծի «օգնությանը»: Այսինքն` ինչ-որ մարդիկ անհրաժեշտ ժամանակահատվածում կզանգահարեն թեժ գիծ եւ կբողոքեն թիրախավորված հաստատության դեմ: Եւ, ահա, կրթության եւ գիտության նախարարության տեսչությունն էլ համապատասխան մարդիկ կգործուղի` ստուգումներ իրականացնելու համար:
Այս թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը զրուցեց կրթության նախարարության տեսչության պետ Արամ Կարապետյանի հետ: Վերջինս ասաց, որ նախքան վարչապետի հանձնարարականն էլ տեսչությունն աշխատել է թեժ գծով: «Մինչեւ վարչապետի այդ որոշումը զանգում, ասում էին, որ այդպիսի բան կա, եկեք, տեսեք՝ մեր տնօրենն այդպիսի բան է արել կամ չի արել, սխալ նշանակում է արել, իր բարեկամներին էլ է նշանակել: Նման թեժ գծեր եղել են, գնացել տեսչությունից կարգավորել, եկել են»,-նշեց նա: Կարապետյանի խոսքով՝ այժմ թեժ գծով ստուգումեր չկան, քանի որ համապատասխան հաստատություններն արձակուրդում են գտնվում:
«Մեր ստուգումների ոլորտը հանրապետական դպրոցներն են, մանկապարտեզներն են, ուսումնարաններն են եւ ոչ պետական դպրոցները: Սեպտեմբերի 1-ից մենք հավանաբար կստանաք զանգեր եւ եթե տեսնենք, որ այն իր մեջ շատ լուրջ բան է պարունակում, սահմանված կարգով կդիմենք նախարարին, նախարարը վարչապետին, եթե համաձայն կլինեն, կգնանք, ստուգումներ կանցկացնենք»,- ասաց նա: Կրթության տեսչության պետը հավելեց. «Մեր տեսչությունը զբաղվում է միայն բովանդակային խնդիրներով՝ օրենսդրության պահանջների կատարմամբ եւ պետական կրթական ծրագրերի իրականացմամբ: Եթե մանկապարտեզների բողոքներ կան, օրինակ, սննդի հետ կապված՝ վատ են կերակրում, կամ սնունդն անհասկանալի ծագում ունի, ապա ասեմ՝ դա մեր տեսչության գործառույթը չէ»:
Նկատենք` պետական պաշտոնյան այդպես էլ չհերքեց, որ վարչապետի հանձնարարությունը շրջանցելու մեխանիզմ է գտել եւ չի պատրաստվում կես տարի հանգիստ տալ հիմնարկ-ձեռնարկություններին:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԱՐԴՅՈՔ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵ՞Ն
Հունիսի 11-ին Դեբեդի հովտում տեղացած կարկուտի պատճառած վնասները մեծ են հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս, Լճկաձոր գյուղերում եւ Այրում քաղաքում: Կարկտահարությունից հետո բնական տարերքից տուժած բնակավայրերում ստեղծվել են տեղական հանձնաժողովներ, որոնք հաշվարկել են պատճառված վնասների չափերը:
Ըստ տեղական հանձնաժողովների կատարած հաշվարկների՝ Արճիսում կարկտահարության պատճառած վնասը 244 միլիոն, Լճկաձորում՝ 40, Այրումում՝ 15 միլիոն դրամի չափ է: Այդ 3 բնակավայրերում հավի ձվի մեծության կարկուտի հարվածներից բազում տների տանիքների ազբոշիֆերներ, տների եւ ավտոմեքենաների ապակիներ, ջերմոցների ծածկեր են ջարդվել: Սակայն դրանց գումարները նշված չեն կարկտահարության վնասների մասին վերոհիշյալ ակտերի մեջ: Բացի այդ` Լճկաձորում եղել է 1000-ից ավել մեղվաընտանիք: Կարկտահարության պատճառով դրանցից մեղուները դուրս են եկել եւ ամբողջությամբ ոչնչացել: Լճկաձորում ոչնչացել է նաեւ 600 քառակուսի մետր մակերեսով ջերմոց: Կարկտահարությունից գրեթե 2 ամիս է անցել, սակայն տարերքից տուժած գյուղացիներին օգնություն չի ցուցաբերվել:
Արճիսի գյուղապետ Սեյրան Միկիչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Արճիսում կարկտից ջարդված ազբոշիֆերների, պատուհանների եւ այլնի վնասի գումարը կազմում է մոտ 12 միլիոն դրամ, սակայն իրենք չգիտեն՝ այն փոխհատուցելու համար պետական աջակցություն կլինի՞, թե՞ ոչ: Ս. Միկիչյանի վկայությամբ՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ասել է, որ կարկտահարված այգիների, ցանքատարածությունների համար գյուղացիների վճարելիք հողի հարկի գումարի չափ՝ շուրջ 4 միլիոն դրամ, ավելացվելու է պետական բյուջեից Արճիս համայնքին տրվող գումարի չափը: Այդ կերպ գյուղացիները կազատվեն կարկտահարված, բերքից ամբողջությամբ զրկված այգիների, ցանքերի համար հողի հարկ վճարելուց, համայնքի բյուջեն էլ այդ չափով կհամալրվի:
Մեր հարցին՝ իսկ կորսված բերքի համար գյուղացիներին ոչ մի փոխհատուցում կամ աջակցություն չի՞ լինելու, գյուղապետը պատասխանեց. «Հայաստանում որտե՞ղ են ոչնչացված բերքի համար գյուղացիներին փոխհատուցել, որ Արճիսում փոխհատուցեն»: Արճիս համայնքի ղեկավարը հայտնեց, որ Դեբեդի հովտում արդեն հակակարկտային կայաններ են տեղադրվել: Բագրատաշենի, Դեղձավանի եւ Պտղավանի տարածքում տեղադրվել են «Զենիթ» տեսակի 5 հակակարկտային կայաններ, առաջիկայում նման 2 կայան կտեղադրվի նաեւ Արճիսում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս