Մի գիժ քարը գցում է փոսը, 100 խելոք չեն կարողանում հանել. Անդրանիկ Նիկողոսյանի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի արտահայտություն կա. «Մի գիժ քարը գցում է փոսը, 100 խելոք չեն կարողանում հանել»: Գրեթե նույն իրավիճակն է Հայաստանում՝ ՌԴ քաղաքացի Անդրանիկ Նիկողոսյանի կողմից հնչեցված հայտարարության մասով:

Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարել էր, որ «Ռուսաստանը պետք է ձեւավորի կայսրություն, որովհետեւ Դաշնությունը Ռուսաստանի համար շատ փոքր է, եւ նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից, եւ որեւէ անհատ չէ, որ պետք է որոշի, թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը. դա պետք է որոշի հայ ժողովուրդը` հանրաքվեի միջոցով: Ես համոզված եմ, որ դա սարերի հետեւում չէ, եւ Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի»: Իհարկե, Նիկողոսյանը մի պարզաբանում էլ է տարածել՝ ասելով, թե ինքն ընդամենը կարծիք է հայտնել եւ վերջ:

Բայց ո՞վ է Անդրանիկ Նիկողոսյանը, որ իրեն թույլ է տալիս նման հայտարարություն անել: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին անտեղյակ մեկը, եթե վերցնի ու ընթերցի նրա կենսագրությունը, ծանոթանա Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից նրան տված մեդալների ու պարգեւների ամբողջությանը, կարող է պնդել, որ նա լուրջ գործիչ է, եւ արտահայտած կարծիքը պետք է առնվազն չանտեսել:

Տեղեկացնենք, որ Անդրանիկ Նիկողոսյանը ՀՀ ՊՆ-ի կողմից երկու մեդալ է ստացել՝ «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», ՀՀ «Ոսկե զինանշան», ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի կողմից հաջորդաբար երկու ոսկե եւ մեկ ոչ ոսկե մեդալով է պարգեւատրվել, նա մեդալ է ստացել նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից: Պատվավոր դիպլոմներ է ստացել Ռուսաստանի դեսպանատնից, ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ղեկավարության եւ ՌԴ կառավարության կողմից: Երախտագիտության մեդալ է ստացել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից եւ մի պարգեւ էլ՝ ՌԴ պատրիարք Կիրիլի կողմից:

Նիկողոսյանը պարգեւ է ստացել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ «Մարշալ Ժուկովի», «Բարեկամության» շքանշանների տեսքով: Ուշագրավ է, որ բացի ՌԴ մարզային իշխանության ու զինվորական դաշտի ներկայացուցիչներից՝ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդն էլ «Սուրբ Ջորջ» մեդալ է տվել Նիկողոսյանին:

Թվում է, թե այսքան բարձրագույն պարգեւների արժանացած մարդը պետք է ինչ-որ գործառույթներով հայտնի լիներ ու իրապես հայ-ռուսական բարեկամությանն ուղղված ռեալ քայլեր կատարեր: Բայց նա այս ընթացքում միայն հաջողացրել է ընդամենը թեթեւ շոուներ կազմակերպել՝ «Պուտին» ակումբ, մեդիամագնատ դառնալու ձախողված փորձեր, ինչ-որ շնորհանդեսներ եւ այլն: Ու այդ բոլոր գործողություններն իրականացրել է բացառապես անձնական շահերի նպատակով՝ ավելացնելով իր մեդալների ու դատարկ պարգեւների քանակը: Թերեւս որեւէ լուրջ ծրագիր Նիկողոսյանը դեռ Հայաստանում չի իրականացրել:

Եւ ցավալին այն է, որ օտար երկրի քաղաքացու հայաստանյան հյուրախաղերով մինչ օրս ՀՀ պետական գերատեսչություններից որեւէ մեկը չի հետաքրքրվել: Նա անարգել մտել է ամենատարբեր պետական հաստատություններ, գլխից մեծ խոստումներ տվել ու իր անձնական գործերն է կարգավորել: Եւ հիմա, երբ նա ակնհայտ հակապետական մի հայտարարությամբ է հանդես եկել, մեր ողջ երկրի պետական մարիններն անհարմար իրավիճակում են հայտնվել. ի՞նչ անել տարիներ առաջ նրան տրված պետական պարգեւների ու մեդալների հետ: Եւ փոխանակ անմիջապես վերցնեն ու մեկ այլ որոշմամբ Նիկողոսյանին տված պարգեւների մասին որոշումները չեղյալ հայտարարեն, ՀՀ թվարկված գերատեսչությունների ղեկավարները ջայլամի պես գլուխներն ավազի մեջ են թաղել ու լռում են:

Դատելով ռուսական լրատվամիջոցների երեկվա հրապարակումներից, կարելի է կարծել, որ ՌԴ իշխանության ներսում եւս քննարկում են փուչիկի էֆեկտ ունեցող այս գործչի գործողություններն ու փորձում վերանայել հանձնված պարգեւների հարցը: Նշենք, որ հուրախություն մեզ, ՀՀ ՊՆ-ն Նիկողոսյանին տված անվանական զենքը հետ է վերցրել՝ նրա լկտի պահվածքի համար: Իսկ թե կոնկրետ ինչ է արել, ՊՆ-ն չի գաղտնազերծում: Նշենք, որ Երեւանի ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանն էլ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով հետ վերցնել Նիկողոսյանին տված քաղաքապետի բարձրագույն պարգեւը:

Եվ արդեն երեկ «Երիտասարդ հայրենապահների միավորում» անվանումով անհայտ մի խումբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչերը քրեորեն պատժելի են: Անդրանիկ Նիկողոսյանի վերջին հայտարարությունները՝ կապված Հայաստանը Ռուսաստանին միացնելու հետ, ամբողջովին տեղավորվում են այս հոդվածի տրամաբանության մեջ (տարածքային ամբողջականությունը խախտելը): Ուստի պահանջում ենք քրեական պատասխանատվության կանչել Անդրանիկ Նիկողոսյանին ՀՀ ՔՕ 301 հոդվածի հատկանիշներով»: Սակայն մինչ օրվա վերջ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ որեւէ կերպ չի արձագանքել:

Հուսանք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածն այս դեպքում գործի կդրվի՝ փարատելով այն կասկածները, որ այդ հոդվածը օգտագործվում է բացառապես ընդդիմադիր գործիչներին լռեցնելու դեպքում միայն: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի անդամներից շատերի նկատմամբ հենց այս հոդվածով էր հրահանգել քրեական գործ հարուցել: Բայց այս դեպքում գործ ունենք կոնկրետ տարածքային ամբողջականությունը խախտելու մասին հայտարարության հետ:

Թամարա Միքայելյան




Լրահոս