Հայաստանի խնդիրների պատճառն այն մարդիկ են, ովքեր պետական պաշտոն զբաղեցնելով դարձան միլիոնատերեր ու Հայաստանի կեսն «իրենցով արեցին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի ամիսներին ակտիվորեն շրջանառվում է այն լուրը, ըստ որի՝ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարությունը, մասնավորապես, Արթուր Բաղդասարյանն իր մի քանի համախոհների հետ մտադիր է փոխել կուսակցության անվանումը: Նշվում է, որ Արթուր Բաղդասարյանի եւ նրա ՕԵԿ-ականների կողմից նախաձեռնած «Ազգային վերածնունդ» քաղաքացիական նախաձեռնությունը հենց այդ վերջնական նպատակն է հետապնդում:

Հենց դա է պատճառը, որ ՕԵԿ-ականներին «պատկանող» մեկ կամ երկու մարդուց բաղկացած հասարակական կազմակերպությունները հայտարարում են «Ազգային վերածնունդին» միանալու մասին՝ տպավորություն ստեղծելով, թե իբր քաղաքական ուժերի նոր կոնսոլիդացիա է ընթանում: Մի քանի մարդ-կուսակցություններից բացի՝ ոչ մի լուրջ քաղաքական միավոր այդպես էլ չարձագանքեց Արթուր Բաղդասարյանի` միավորվելու կոչին: Ուստի ՕԵԿ-ականներին մնում է ինքնամիավորվելով անվանափոխել իրենց կուսակցությունը: Բայց առնվազն աբսուրդ է, որ կայացած քաղաքական կառույցը նոր միավոր է ձեւավորում: Ընկալելի կլիներ, եթե այդ բոլոր կազմակերպություններն ու կուսակցությունները լուծարվեին եւ հրապարակավ միանային ՕԵԿ-ին:

Բայց իրականում ՕԵԿ-ականների այս մտադրությունը ի ցույց է դնում Հայաստանի քաղաքական դաշտում ձեւավորված ավանդույթը, երբ մարդիկ իրենց գործունեությամբ ՀՀ ընտրողների շրջանում վարկաբեկում են այս կամ այն կուսակցության անվանումը, այնուհետեւ փորձում են մեկ այլ անունով կուսակցություն բացել եւ շարունակել քաղաքական գործունեությամբ զբաղվել: Այս գաղափարազուրկ կուսակցականները սովորաբար լինում են կոռումպացված պաշտոնյաներ, որոնք ոչ միայն անձամբ են հեղինակազրկվել այս տարիների ընթացքում, այլեւ իրենց կուսակցությանն են մինչեւ վերջ վարկաբեկել՝ հընթացս հասցնելով միլիոնավոր դոլարների հասնող հարստություն կուտակել: Ու քանի որ հնարավորությունների տեր են, կարծում են, թե իրենց կուտակած գումարների մի մասը ներդնելով՝ իրենց կհաջողվի այլ «հանդերձանքով» ներկայանալ Հայաստանի հանրության առջեւ եւ ընտրողներին մոլորեցնելով` նախկին թալանը շարունակելու «քվե» ստանալ: Եւ այն, որ գաղափարազուրկ կուսակցականները կարծում են, որ իրենց մտադրությունը կհաջողվի, ամենեւին էլ պատահական չէ ու հիմքում ունի անկախ Հայաստանի անցած տարիների պատմական փորձը:

Այսպես, 1990 թվականին, երբ արդեն ընթանում էր խորհրդային միության փլուզման գործընթացը, եւ կոմունիստներն այլեւս զրկվում էին իշխանությունից, նախկին կոմունիստները հանկարծ մեկ ակնթարթում դարձան հակակոմունիստ: Այդ ժամանակ, եթե մարդկանց շրջանում հարցում անցկացվեր, չէր գտնվի մեկը, որը կխոստովաներ իր կոմունիստ լինելու փաստը: Սա այն դեպքում, երբ հայտնի էր, որ Խորհրդային Հայաստանում բոլոր փոքր-ինչ պատասխանատու պաշտոնում նշանակվում էին բացառապես կոմկուսի անդամները: Մի խոսքով, 90-ականների սկզբին պարզվեց, որ Հայաստանում ոչ մի կոմունիստ կուսակցական չի եղել: Այս երեւույթը բացատրվում էր նրանով, որ կոմկուսի անդամ լինելն արդեն «ձեռնտու» չէր, քանի որ Հայաստանը պատրաստվում էր անկախանալ: Անկախ Հայաստանն առավել քան հանդուրժող գտնվեց նախկին կոմունիստների նկատմամբ: Նորանկախ Հայաստանի բնակչությունը շատ հանգիստ վերաբերվեց այն հանգամանքին, որ մարդը պաշտոն կամ աշխատանք ստանալու համար դարձել է կոմունիստ, իսկ հետագայում դրանից հրաժարվել: «Բա ինչ աներ, եթե չդառնար, պաշտոն չէին տա»,- ասում էին մարդիկ` նախկին կոմունիստներին արդարացնելու համար: Մի խոսքով, 90-ականների սկզբին կոմկուսի անունը Հայաստանում դարձել էր տաբուի պես մի բան:

ՀՀՇ-ի իշխանության գալուց հետո նախկին կոմունիստները շատ արագ համալրեցին այդ կուսակցության շարքերը: Մարդիկ նույնիսկ չհասցրեցին նկատել, թե ինչպես նախկին սոցիալիստը դարձավ ազատական: Նախկին կոմունիստներն աստիճանաբար ետին պլան մղեցին գաղափարական ՀՀՇ-ականներին. առավել «ընդունակներին» սովորեցրին, թե ինչ «հմայք» ունի պաշտոնը, եւ ինչ մեծ հեռանկարներ է բացում ազատական իշխանությունը, որտեղ ողջ տնտեսությունը դեռ պետք է մասնավորեցվի:

1998 թվականի փետրվարյան հեղաշրջումից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելուց հետո սոցիալիստից ազատական դարձած նախկին կոմունիստները սկսեցին նաեւ ՀՀՇ-ի նավը լքել, որի կործանման գործում նրանք առանձնահատուկ դերակատարություն ունեին: Ի վերջո, հենց այդ սոցիալիստից ազատական դարձածների լկտի կառավարման շնորհիվ էր ժողովրդի շրջանում իշխանության եւ ողջ ՀՀՇ-ի նկատմամբ մահացու ատելություն ձեւավորվել: Եւ այդպես ՀՀՇ-ն չկարողացավ ուշքի գալ, ի վերջո, այն անվանափոխվեց, քանի որ իրենք՝ ՀՀՇ-ականները եւս ընդունում էին, որ իրենց կուսակցության անվանումը մարդկանց մոտ միայն բացասական հիշողություններ է առաջացնում:

ՀՀՇ-ական դարձած նախկին կոմունիստները, սակայն, այդքանով «չվերացան». որոշ ժամանակ անց նրանք սկսեցին համալրել երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի շնորհիվ 1999-ին իշխանության եկած ՀՀԿ-ի շարքերը: Արդյունքում, պարզվեց, որ սոցիալիստից ազատական դարձած նախկին կոմունիստները հիմա էլ պահպանողական են, ու իրենց իդեալը Գարեգին Նժդեհն է:

Կասկած չկա, որ երբ ՀՀԿ-ն զրկվի իշխանությունից, այդ կուսակցությունում, որում այսօր 150 հազարից ավել անդամ կա, մի քանի հարյուր մարդ էլ չի մնա: Եթե ապագայում ՀՀԿ-ն կորցնի իր իշխանությունը, կարժանանա ՀՀՇ-ի ճակատագրին: Հայաստանում կուսակցափոխները իշխանությունից չզրկվելու համար կուրանան նաեւ ՀՀԿ-ին, եւ նրանք, թերեւս, ստիպված կլինեն փոխել կուսակցության անունը, քանի որ հասարակության շրջանում բացառապես վատ հիշողություններ ու համընկնումներ կան ՀՀԿ-ի հետ:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ներկա եւ մինչ այժմ կուտակված խնդիրների հիմնական պատճառն այն է, որ պաշտոնի համար ամեն ինչի ընդունակ եւ ամեն գաղափարախոսության տակ իր ստորագրությունը դնելու պատրաստակամություն ունեցող մարդիկ իշխանություն ունեն: Նրանք նույն այն մարդիկ են, որոնք բացառապես պետական պաշտոն զբաղեցնելով դարձան միլիոնատերերը ու Հայաստանի կեսն «իրենցով արեցին», մյուս կեսն էլ դեռ պատրաստվում են «սեփականաշնորհել»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս