ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի պատրաստվում պատժել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործը հսկող հատկապես կարեւոր գործերի քննության վարչության դատախազ Հակոբ Ենոքյանին:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին «ՀԺ»-ն լուր էր հրապարակել, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատախազ Հակոբ Ենոքյանը փորձել է ներազդել տուժողների վրա: Ավելի ուշ պարզվել էր, որ ծեծի գործը հսկող դատախազ Ենոքյանը զանգահարել էր տուժող կողմին՝ Զաքարյանների ընտանիքի անդամներից մեկին, եւ փորձել ներազդել նրանց վրա, ինչի մասին նախաքննական մարմինը տեղեկացել էր եւ համապատասխան միջնորդություն ներկայացրել պաշտոնյայի վերադասին: ՀՀ քննչական կոմիտեն անմիջապես միջնորդություն ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դատախազի գործողությունները քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ:
Այս փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել էր նաեւ Հարութ Զաքարյանի մայրը՝ տիկին Անահիտը՝ ասելով. «Միայն հարցրել է՝ Հարությունը ե՞րբ է գալու, առողջականը ո՞նց է, ի՞նչ տեղեկություն ունենք նրա վիճակի մասին: Այդքան բան, ավելորդ ոչինչ չի ասել այդ մարդը»:
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատախազի լիազորությունների մեջ ամենեւին էլ չի մտնում նման զգացմունքային գործառույթը: Նա չպետք է կապ հաստատեր տուժողների հետ՝ թեկուզ հետաքրքրվելու համար, թե ինչ վիճակում է Զաքարյանը: Թեեւ մյուս կողմից էլ կարող է արդարանալ, թե վերահսկելու նպատակով է զանգահարել: Իսկ ի՞նչ է մտածում այս մասին ՀՀ գլխավոր դատախազը:
Ինչ բացատրություն տվեց Գեւորգ Կոստանյանին
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ ՀԿԳՎ դատախազ Հակոբ Ենոքյանը այս առիթով կանչվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ բացատրություն տալու, թե ինչու է զանգահարել տուժող Զաքարյաններին: Համենայնդեպս, Ենոքյանը խիստ անհանգստացած իր մտերիմներին հայտնել է, որ գնում է մի հեռախոսազանգի համար բացատրություն տալու: Մեզ հասած տեղեկություններով՝ դատախազ Ենոքյանն իր այս քայլը բացատրել է քննիչի նկատմամբ ունեցած անվստահությամբ: Վերջինս հայտնել է, որ երբ հետաքրքրվել է, թե ինչու չեն հարցաքննում Հարություն Զաքարյանին, քննիչը պատասխանել է՝ նա երկրում չէ, կամ առողջականը լավ չէ, եւ, ահա, ինքն էլ չվստահելով քննիչին՝ անձամբ է փորձել հետաքրքվել, թե ինչ վիճակում է Հարությունը եւ արդյո՞ք ընդունակ է ցուցմունք տալու:
Այն, որ այս երկու գերատեսչությունները մշտապես փորձում են մեկը մյուսի վրա թերություններ գտնել, գաղտնիք չէ, սակայն այս դեպքն աննխադեպ էր այնքանով, որ ՀՀ քննչական կոմիտեն արդեն դատախազությանը փորձում է մեղադրել ներազդելու մեջ, եւ եթե առաջիկայում մարզպետի որդին կամ նրան հարազատները խուսափեն պատժից, պատասխանատվության ողջ բեռը կարող է ընկնել հենց դատախազ Ենոքյանի վրա:
Ինչեւէ: Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունից անցել է մեկ ամիս, եւ «Ժողովուրդ»-ն արդեն երկար ժամանակ է, ինչ հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժին՝ պարզելու, թե արդյո՞ք դատախազությունը ստացել է ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը եւ ի՞նչ է պատրաստվում անել. կպատժվի՞ արդյոք դատախազ Ենոքյանը:
Երկար սպասված պատասխան
Եվ, ահա, երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքումյանը երկար լռությունից հետո անձամբ է պատասխանել մեր հարցման՝ նշելով, թե չի պատրաստվում մեկնաբանել ասեկոսեները. «Պարզապես կուզեի ուշադրություն հրավիրել մի կարեւոր հանգամանքի վրա: Ի՞նչ տրամաբանությամբ կարող է լինել պնդում, որ դատախազը փորձել է ներազդել տուժողի հարազատների վրա, երբ այդ նույն դատախազը նախաքննական մարմնին ցուցում է տալիս քրեաիրավական գնահատական տալ Տրգրան Խաչատրյանի արարքին, ինչի արդյունքում վերջինիս մեղադրանք է առաջադրվում, եւ նա կալանավորվում է: Նույն այդ դատախազը ցուցում է տալիս խստացնել Սեյրան Խաչատրյանի եւ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը, եւ ասեմ ավելին՝ քննիչը բողոքարկում է դատախազի այս ցուցումը, ինչից հետո վերադաս դատախազը ոչ միայն մերժում է քննիչի բողոքը, այլեւ ցուցում է տալիս միջնորդել դատարանին Սեյրան եւ Էյներ Խաչատրյանների նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառել: Այս բոլոր փաստերը համադրելուց հետո, կարծում եմ, պատկերն առավել քան ակնհայտ է եւ հստակ, թե ով ում վրա է փորձում ներազդել եւ ինչ նպատակով: Դատախազությունը շարունակել եւ շարունակելու է իրականացնել օրենքով իր վրա դրված պարտականությունները՝ անկախ նրանից, թե ով ինչ ձեւով եւ նպատակով է դա փորձում շահարկել»:
Այսպիսով, թեեւ դատախազի խորհրդականը ֆորմալ առումով պատասխանել է մեր հարցին, բայց իրականում շրջանցել էր դրա բուն էությունը՝ այն համարելով ասեկոսե: Ստացվում է, որ կա՛մ քննչական կոմիտեն չի ուղարկել իր միջնորդությունը դատախազություն, կա՛մ դատախազությունում այլեւս քննչականի գրություններին որպես ասեկոսեի են վերաբերում: Երկու դեպքում էլ տխուր պատկեր է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ ներազդելու փորձ արած դատախազը (նրա հասցեին պատոնապես նման մեղադրանք է հնչել) չի պատժվելու: Դա երեւաց նաեւ հենց դատախազի խորհրդականի խոսքերից. Գեւորգ Կոստանյանը պաշտպանեց իր դատախազին:
Քնար Մանուկյան