Նալչիկում սպանվել է հեռուստալրագրող Կազբեկ Գեկիևի և Կաբարդինո-Բալկարիայի ագրարային համալսարանի պրոռեկտոր Բորիս Ժերուկովի սպանության մեջ կասկածվողը: Ոստիկանները կասկածյալին առաջարկել են հանձնվել, սակայն նա մի քանի անգամ կրակել է հատուկ զորաջոկատայինի վրա և սպանվել պատասխան կրակոցից, հղում անելով ՆԳՆ մամլո ծառայությանը՝ հաղորդում է BBC-ն: Զոհվածի մոտ հայտնաբերվել է 1982թ.-ին ծնված Զեյթուն Բազիևի անունով անձնագիր:
Հիշեցնենք, որ լրագրողը սպանվել էր դեկտեմբերի 5-ին, երեկոյան ժամը 21-ին Նալչիկ քաղաքի Կիրովի փողոցի թիվ 171 հասցեում գտնվող շենքի մոտ: Նախնական քննության ընթացքում հանցագործության վայրում հայտնաբերվել էր 9 մմ չափի երկու պարկուճ:
ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը Գեկիևի սպանության մասին ասել էր, որ այն փաստը, որ զոհվել է սովորական լրագրող, վկայում է, որ “… ավազակներն անցել են ռեպրեսիաների”, որոնք ուղղված են ոչ թե իրավապահ մարմինների աշխատակիցների, իշխանության ներկայացուցիչների դեմ, այլ “սովորական մարդկանց, լրագրողների դեմ: Նրանց փորձում են վախեցնել”:
28-ամյա հեռուստալրագրողը տուն էր վերադառնում հաղորդումից հետո: Ճանապարհին նա հանդիպում է մի ծանոթ աղջկա, որն էլ, ըստ զոհվածի հարազատների հանդիսանում է սպանության հիմնական վկան: Իսկ Կաբարդինո-Բալկարիայի ագրարային համալսարանի պրոռեկտոր Բորիս Ժերուկովը սպանվել էր անցյալ տարվա դեկտեմբերի վերջին՝ իր աշխատասենյակում:
“Փաստինֆո”