Ցեղասպանության ականատես-վերապրածներին տրամադրվում է բժշկական օգնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է Հայոց ցեղասպանության ակատաես-վերապրածներին բժշկական օգնության և սպասարկում տրամադրելու աշխատանքները:

Այսօր Հայոց ցեղասպանության ականատես-վերապրած, 103-ամյա Սիլվարդ Ատաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, վնասվածքաբան– օրթոպեդ Արմեն Չարչյանի անմիջական հսկողությամբ անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, մասնավորապես` ներքին օրգանների ուլտրաձայնային, կոնքազդային հոդերի ռենտգեն հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական քննություն:

Նշենք, որ 2015թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ Սիլվարդ Ատաջյանը ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատությունը կատարվել է պետական պատվերի շրջանակում:

Բարեհաջող անցած վիրահատությունից հետո, այժմ տարեց կինը գանգատվում էր վիրահատված ոտքի ցավերից:

Սիլվարդ Ատաջյանին հետազոտությունների և բուժման ընթացքին տեղում ծանոթացել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման միջոցառումները համակարգելու նպատակով այս տարվա մարտին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր խորհուրդ, որն այս ընթացքում պարբերաբար բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում ականատես-վերապրածներին:

Երևանի և մարզերի ականատես-վերապրածներին` ըստ հետազոտությունների արդյունքների տրամադրվում են բժշկական ցուցումներին համապատասխան դեղեր և բժշկական պարագաներ: Բժշկական օգնության կարիք ունեցողները գտնվում են մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:

Ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագ արձագանքելու և շարունակական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը:




Լրահոս