Մանկական բալետային ներկայացումները «կորչում են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հանդիսատեսի հիշողություններում դեռ թարմ են տարիներ առաջ բեմադրված մանկական բալետային ներկայացումները` «Մոխրոտիկը», «Ճպուռն ու մրջյունը», «Շելկունչիկը», «Ձյունե թագուհին» եւ այլն: Այսօր արդեն դրանք չեն բեմադրվում, եւ արդեն տեւական ժամանակ է` հանդիսատեսը զուրկ է համաշխարհային գանձարանի պահոցին պատկանող ներկայացումները դիտելուց:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Սերգեյ Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարեւորեց մանկական ներկայացումները վերականգնելու անհրաժեշտությունը: «Բացի նրանից, որ երեխաները հնարավորություն կստանան մանկապարտեզներից, դպրոցներից գալ, առնչվել այդ արվեստին, դաստիարակվել դրանով, նաեւ պարողներս բալետային այդ ներկայացումներում հանդես գալով` կկրթվենք. մենք դրա կարիքը, միանշանակ, ունենք: Մանկական ներկայացումների բացակայությունը ցավալի փաստ է բեմական արվեստի զարգացման գործում»,-նկատեց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք մանկական բալետային ներկայացումների պահանջարկ կա Հայաստանում, Ս. Սաֆարյանը պատասխանեց, որ, անշուշտ, կա, պարզապես համապատասխան ֆինանսավորում չկա. «Ամբողջ խնդիրն այն է, որ նախարարությունը սխալ ներկայացումների, փորձարարական թատրոնի պահանջներին համապատասխան ցածր մակարդակի բեմադրողներին է ֆինանսավորում, այնինչ, եթե գումարներ ուղղվեին դասական արվեստի թեկուզ տվյալ ճյուղի զարգացմանը, մենք կունենայինք մրցունակ բալետ ողջ աշխարհում»,-ասաց նա` հավելելով, որ բալետային կազմն էլ պատրաստ է նման ներկայացումների եւ ունի համապատասխան պոտենցիալ:

Պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանն էլ մեզ հետ զրույցում վկայեց, որ նախկինում տարվա մեջ 2-3 մանկական բալետային ներկայացում էր վերաբեմադրվում, կամ նոր բեմադրություններ էին լինում, անգամ արտասահմանից բեմադրիչներ հրավիրելու հնարավորություն էր լինում. «Շատ կուզենայի, որ մեր նախկին մանկական ներկայացումները վերաբեմադրվեին, որ դրանք չկորչեին: Երեւի հանդիսատեսը քիչ է այցելում նման ներկայացումներին, այնուամենայնիվ, գլխավոր խնդիրը, կարծում եմ, ֆինանսավորման պակասի հետ է կապված. դեկորները, զգեստները պատրաստելը մեծ գումարներ արժեն, իսկ նախկինում բեմադրություններ անելն այսքան թանկ չէր»,-եզրափակեց նա` հույս ունենալով, որ առաջիկայում հնարավորություն կունենա պարելու մանկական բալետային ներկայացման պրեմիերային:

Աննա Բաբաջանյան




Լրահոս