Հիմնանորոգվում է Գավառ տանող ճանապարհի 4կմ երկարությամբ հատվածը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գավառ տանող ճանապարհի 4կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը միջպետական ավտոճանապարհին կապող հանրապետական նշանակության 21 կմ երկարությամբ ճանապարհի 4 կմ հատվածում հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս հունիսի 18-ին:

Աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲ ընկերության շինարարների վստահեցմամբ ճանապարհը շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետում՝ 2015թ. նոյեմբերի 12-ին։

Ընկերության գլխավոր ինժեներ Բաղդասար Նազարյանը նշում է, որ ճանապարհահատվածը 1986 թվականից հետո չէր նորոգվել։ Ճանապարհն ամբողջությամբ քայքայված էր. «Ճանապարհի էլեմենտները չէին համապատասխանում շինարարական նորմերին։ Պետք է կատարվեր ճանապարհի բոլոր տարրերի հիմնանորոգում:

Արդեն իրականացվել է հողային աշխատանքների 90 տոկոսը, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել գեոգրիդե ցանցեր, և շուտով կսկսենք ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Հսկողությունը շատ խիստ է, աշխատում ենք ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխան»։

4 կմ ճանապարհահատվածի 1 կմ-ը, որը գրեթե անանցանելի էր, վերակառուցվում է, իսկ հաջորդ՝ 3 կմ-ում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։
Ասֆալտապատումն ավարտելուց հետո ճանապարհի ողջ երկայնքով կվերականգնվեն իջատեղերը և մուտքերը, ջրահեռացման համակարգը, ինչպես նաև կտեղադրվեն ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կկատարվի երթևեկելի մասի նշագծում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի համոզմամբ՝ աշխատանքների ավարտից հետո կունենանք որակյալ ճանապարհ:

– Հսկողությունն ամենօրյա է։ Աշխատանքները նորմալ հունով ընթանում են: Կատարվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար զեկուցում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին,- նշեց Է. Սարգսյանը:

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ՄԳ Պրոմիլ» ՍՊ ընկերությունը։ Ընկերության մասնագետները կատարում են շինարարական աշխատանքների որակի ամենօրյա ստուգումներ։ Ընկերության տնօրեն Մինաս Գրիգորյանը հավաստիացնում է, որ աշխատանքները կատարվում են շինարարական նորմերին համապատասխան։

Իսկ ավելի քան 10 տարի ճանապարհներ կառուցող բանվոր Պետրոսը համոզված է, որ իրենց կառուցած ճանապարհը առնվազն 30 տարվա երաշխիք ունի:
Ծովազարդ գյուղի բնակիչ Օնիկ Քոչարյանն էլ, ով նշված ճանապարհով հաճախ է բարեկամների տուն գնում, նշում է, որ նախկին ճանապարհը քանդված էր և գրեթե անանցանելի, բայց հիմա տեսնում է, որ շատ լավ աշխատանք է կատարվում։

Գավառ քաղաքը միջպետական ավտոճանապարհին կապող ճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները կատարվում են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող «ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի արժեքը 386 267 310 ՀՀ դրամ է։




Լրահոս