Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, այսօր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկեց դասալքության հատկանիշներով Վալերի Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործի դատական քննությունը:
Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել պատասխանել հարցերին, և դատարանը՝ Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ, հայտարարել է դատաքննության ավարտի մասին:
Ժամեր անց կհրապարակվի դատական վճիռը:
Armlur.am-ի հետ զրույցում սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը դատական քննությունը գնահատեց ոչ ամբողջովին արդար: Փաստաբանի խոսքով, տպավորություն է, որ դատարանն ամեն բան անում է՝ քննությունը շուտափույթ ավարտին հասցնելու համար: Նա վստահ է նաև, որ ամիսներ շարունակ տևած նախաքննությունը չէր կարող մի քանի ժամանոց դատական քննություն ունենալ:
Իսկ թե ինչու է դատարանը նման շտապողականություն դրսևորում, դեռևս դժվար է ասել:
Հավելենք, որ դատական քննության ընթացքում հրապարակվել է Վ. Պերմյակովի նախաքննական ցուցմունքը, որում ասվում է, թե ինչու է նա լքել ռազբազայի տարածքը: Ըստ ցուցմունքի, Պերմյակովը ցանկացել է տուն վերադառնալ, իր հետ վերցրել է զենքը՝ պաշտպանվելու և կենդանիներին վախեցնելու համար:
Պերմյակովը հայտարարել է, որ Ավետիսյաններին սպանելու նպատակ չի ունեցել: Թեև սպանության հետ կապված այլ մանրամասներ դատարանում չեն հրապարակվել: Մեղադրող դատախազը շրջանցել է դրան առնչվող հատվածները՝ պարզաբանելով, որ դա գործի մաս չի կազմում, այն քննում է հայկական կողմը:
Ի դեպ, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին միայն դասալքության համար սպառնում է մինչև տասը տարի ազատազրկում: ՌԴ քրեական օրենսգրքի 338 հոդվածը սահմանում է մինչև տասը տարվա ազատազրկում դասալքության համար, բայց քանի որ Պերմյակովը մեղադրվում է միաժամանակ երեք հոդվածներով` դասալքություն, զենքի հափշտակում եւ ապօրինի կրում, ապա Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոյի խոսքով, որոշումը կայացնելիս երեք հոդվածները կհամադրվեն: «Պերմյակովը հունվարի 12-ին ծառայության վայրը լքել է առանց համապատասխան թույլտվության` վերցնելով զենք-զինամթերքը: Դա նշանակում է, որ նրա պատիժը կսահմանվի Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով»,- Գյումրիում լրագրողներին տեղեկացրեց Կատկալոն: ՌԴ քրեական օրենսգրքի 226 հոդվածի հիշյալ կետով նախատեսվում է պատիժ 5-12 տարի ժամկետով, 222-ով` մինչև երեք տարի: