«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը իշխանափոխության հարթակ է ստեղծել ընդդիմադիր կուսակցությունների համար: Armlur.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ ընդդիմադիր կուսակցություններին հորդորելու են միանալ իրենց և ձևավորված հարթակում հասնել իշխանափոխության:
«Հենց մեր երեկվա հանրահավաքում մենք ընդդիմադիր կուսակցություններին հորդորեցինք հասկանալ իրավիճակը և միանալ մեզ: Իրենք պետք է հասկանան, որ մենք հարթակ ենք ձևավորել, ոչ թե լիդեր ենք: Եթե իրենք բոլորը գան, մենք ունենանք շատ մարդ, ստեղծենք ժողովրդի կառավարություն և կհասնենք մեր նպատակին»,- ասաց նա և հավելեց. «Ուզում եմ հավատալ, որ իրենք ծախված չեն: Քանի տարի է իրենք ասում են իշխանափոխություն: Մենք հիմա ասում ենք` պատրաստ ենք նման լոզունգների, առաջարկներին: Եկեք, մենք այդ հարթակը ձեզ համար ստեղծում ենք»:
Հարցին` այսինքն ընդդիմադիր կուսակցությունների համա՞ր են հարթակ ստեղծել, Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք հարթակ ենք ստեղծել բոլորի համար, այն մարդկանց համար, ովքեր դժգոհ են երկրի կառավարումից, ովքեր դժգոհ են Հանրապետական կուսակցությունից: Մենք երեկ իրենց հորդորեցինք, հասկացրեցինք, որ ամբիցիոզներ չենք, լիդերներ չենք: Եթե դուք մի քանի տարի շարունակ պահանջում եք իշխանափոխություն, ապա այսօր մենք հստակ այդ պահանջները դրել ենք, եկեք, ցույց տվեք, որ պոպուլիզմով չեք զբաղված»:
Նախաձեռնության անդամի խոսքով` դեռևս կուսակցություններից իրենց առաջարկին արձագանք չի եղել. «Երեկվա դրությամբ չի եղել, այսօր դեռ տեղյակ չեմ»: Դ. Հովհաննիսյանը հավելեց, որ իրենք բաց նաման են ուղարկելու կուսակցություններին` հրավիրելով գալ և միանալ իրենց պայքարին:
Իսկ կոնկրետ հրաժարականների պահանջների մասով, Հովհաննիսյանը նշեց, որ իրենց կողմից հրաժարականների պահանջնեերը դրվում են ոլորտ առ ոլորտ. «Եթե տվյալ ոլորտում աշխատանքներ չեն կատարվում, պահանջները չեն բավարարվում, ապա մենք պահանջում ենք տվյալ ոլորտի պատասխանատու պաշտոնյայի հրաժարականը:
Բայց այսօր ունենք մի իրավիճակ, որ ողջ Կառավարությունը չի աշխատում և ըստ այդմ պահանջում ենք Կառավարության հրաժարականը»:
«Ոտքի Հայաստան» շարժան պահանջները չեն փոխվել, այլ մի բան էլ ավելացել են: «14-15 պահանջ է ավելացել, որոնք կապված են երկրում սահմանադրական կարգի փոփոխության, ձեռներեցության հետ կապված և այլն: Տարբեր հարցեր են ընգրկված մեր պահանջների մեջ: Այնպսիսի հարցեր, որոնք այսօր առկա են Հայաստանում»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը:
Վերջում հավելենք, որ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, նախաձեռնության անդամները որոշում կայացրեցին օգոստոսի 21-ին ևս հավաքվել, իսկ մինչ այդ նստացույցը նույն վայրում շարունակվում է:
Քրիստինա Աղալարյան