Իրանցի պատգամավոր Ալի Ալիլուին հայտարարել է, որ Իրանը մտադիր է Ուրմիա լիճը վերակենդանացնելու նպատակով Հայաստանից ու Վրաստանից ջուր բերել: Նա նշել է, որ ջուրը բերվելու է Հայաստանի Սևանա լճից ու Վրաստանի Կուր գետից՝ ջրի մղման 3 կայանների միջոցով: Բնապահպան Գագիկ Սուխուդյանն այս առնչությամն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ դա հանցագործություն է. «Մենք խաչ կքաշենք Սևանի վրա: Մենք Սևանում առանց այդ էլ ջուր չունենք, մի բան էլ Իրանի՞ն են տալիս: Դա անթույլատրելի է: Սևանն էլ են ուզում Ուրմիա սարքեն»:
Բնապահպանի խոսքով` եթե նման համաձայնագիր ստորագրվի և Սևանի ջուրը Իրանին տան, ապա դա կհանգեցնի մեծ «բունտի». «Ոչ մի էլեկտրաէներգիայի հարց չի կարող լինել այս հարցի նման: Բոլորը ոտքի կկանգնեն: Ես ձեզ խոստանում եմ, դա կլինի մեծ բունտ, ոչ մի ներքին զորքեր չի կարողանա կանգնեցնել: Հասկացանք, որ Իրանը բարեկամ երկիր է, բայց չի կարելի քո խմելու ջուրը տալ հարևանին կամ բարեկամին: Երևի լավ գործարք են առաջարկել, լավ գումարներ, իրենք էլ համաձայնել են գումար ունենալ, փոխարենը քաղցրահամ ջուր չունենալ: Սևանը ճահիճ կդառնա այդ դեպքում»:
Սուխուդյանը նշեց, որ ինքը որևէ պատկան մարմնի վրա հույս չի դնում. «Իմ հույսը ժողովուրդն է, որ ոտքի կկանգնեն և թույլ չեն տա նման հանցագործություն: Իրենք որ որոշել են, կանեն»: