ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓԱԿԵԼ, ՍՆԱՆԿԱՑՆԵԼ ՄԵԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը` նույն ինքը՝ Ձվերի Խաչիկը, հունվարի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով իր ու «Երեւանի թռչնաֆաբրիկա»-ի պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու եւ վիրավորելու համար որպես փոխհատուցում վճարել 3 մլն դրամ: Բայց սա դեռ ամբողջը չէ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մասնակիորեն բավարարելով Խաչատրյանի կողմից ներկայացրած միջնորդությունները՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որոշել է արգելանք դնել «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Ս. Գրիգորյանի գույքի վրա: Հիշեցնենք, որ խոսքն այն գործարարի մասին է, որը վերջերս վիրավորել էր «Ժողովուրդ»-ի թղթակցին, ինչից հետո մեր խմբագրությունը դիմել էր դատարան` պահանջելով ներողություն խնդրել: Ինչպես ասում են, սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Ու Ձվերի Խաչիկն իր խոսքերի համար պատասխան տալու փոխարեն ինքն է դատարան դիմում: Իսկ Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանի «ամենաանկախ» դատարանն էլ բավարարում է գործարարի քմահաճույքները: Սա ոչ այլ ինչ է, քան հստակ փորձ` նախընտրական այս թոհուբոհում սնանկացնելու ճանապարհով փակել «Ժողովուրդ» օրաթերթը:




Լրահոս