Ինչպես արդեն հայտնել էինք, Գյումրիում գտնվող 5-րդ կայազորային ռազմական դատարանում դեռևս շարունակվում է Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը:
Նշենք, որ կայազորային դատարանը քննում է դասալքության գործը: Հատկանշական է, որ Ազգային ժողովի գյումրեցի պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը և Հովհաննես Մարգարյանը ներկա չեն դատական նիստին:
Armlur.am-ը փարձեց պատգամավորներից ճշտել` ինչու չեն մասնակցում դատական նիստին: Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ հարմար չի գտել, դրա համար էլ չի մասնակցել. «Հարմար չեմ գտել մասնակցել այդ դատական պրոցեսին: Ինձ ինչ-որ պետք է` ես հետաքրքրվում եմ, այնտեղ որևիցե արտառոց բան ոչ սպասում էինք, որ կլինի, ոչ էլ ինչ-որ մեկը կարող էր նորություն ասել դեպքի հետ կապված: Դրա համար հարկ չեմ համարել մասնակցել»:
Պատգամավորը, անդրադառնալով դատական պրոցեսի աննախադեպ արագացված կարգին և այն հանգամանքին, որ քիչ հետո կհրապարակվի դատավճիռը, ասաց. «Դե եթե վկաները չեն խոսում, մեղադրյալն էլ որևիցե բան չի ասում, մնում է, որ փաստաթղթերով եղած ցուցմունքների հիման վրա դատավճիռը կարդան ու վերջ»:
Ավետիսյանի խոսքով` միգուցե դասալքության համար 10 տարվա ազատազրկումը բավարար է, բայց սպանության համար պետք է մինիմում ցմահ լինի. «Ճիշտ է դրանից մաքսիմում չկա, բայց նրան պետք է ցմահ բանտարկություն տան և վերջ»:
Իսկ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյան ասաց, որ Պերմյակովի դատավարությանը չմասնակցելը կապված է իր հարազատներից մեկի մահվան հետ. «Ես գյուղում եմ, այստեղ հորաքրոջս տղան է մահացել»: Իսկ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Քրիստինա Աղալարյան