ՀԱՑԱԴՈՒԼ` ՄԻՆՉԵՎ ՄԱՀ
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը եւս մեկ ամսով երկարացրել է հացադուլ հայտարարած Շալիկո Մանուչարյանի կալանավորման ժամկետը: Դատարանն այդ կերպ մերժել է արդեն 10 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորի փաստաբան Ռուբեն Հակոբյանի` կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը: «Իմ պաշտպանյալը հացադուլից դուրս չի գալու, մինչեւ մահ պայքարելու է»,-«Առավոտ»-ին ասել է փաստաբանը` տեղեկացնելով, որ դիմելու է ՀՀ վերաքննիչ դատարան: Մանուչարյանը նախորդ տարվա մայիսի 30-ից կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 112 եւ 135 հոդվածներով (ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ դիտավորյալ կյանքին ծանր վնասվածք հասցնելը խուլիգանական դրդումներով):
ՉԱԽԱԼՅԱՆՆ ԱԶԱՏ Է
Երեկ 5 տարվա ազատազրկումից հետո Վրաստանի բանտից ազատ է արձակվել քաղբանտարկյալ, հասարակական ակտիվիստ Վահագն Չախալյանը: Առաջիկա օրերին՝ անձնագրային խնդիրները լուծելուց հետո, նա կայցելի Երեւան: «Անմիջապես գալու եմ, կարոտել եմ Երեւանը»,-news.am-ին ասել է Չախալյանը` նշելով, որ առաջիկայում էլ շարունակելու է իր գործունեությունը:
ԿՈՌԵԿՏ ՉԷՐ
«Ա1+»-ի հարցին, թե համաձայն է առաջիկա ընտրությունների մասին Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի գնահատականներին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Մեծ Բրիտանիայի դեսպանը կարծեմ ինքը տվեց իր մեկնաբանությունը այն արձագանքին, որը հնչել է մամուլում եւ մեր հանրային կարծիքի կողմից։ Կարծում եմ՝ շատ արձագանքներ միանգամայն տեղին էին: Ընտրություններից առաջ դեսպանի մակարդակով ինչ-որ գնահատականներ տալը եւ կանխատեսումներ անելը, չեմ կարծում, այդքան կոռեկտ է»:
ՀԱՆՁՆԵՑԻՆ
Հայաստանյան 27 անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչներ երեկ բաց նամակ են հանձնել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցներին: Նամակում նրանք բողոքում են հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից:
ԱՊԱՀՈՎ ԾՆՈՒՆԴ
Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ Արամոն հունվարի 24-ին դարձավ 45 տարեկան: Նա կնոջ՝ Էմմա Պետրոսյանի եւ մի քանի երգիչ-երգչուհիների հետ իր ծննդյան տոնը նշել է Եղեգնաձորում, որտեղ մասնակցում էին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին:
ՆՈՐ ՊԱՏՐԻԱՐՔ
Երուսաղեմի հայոց պատրիարքարանից ստացված հաղորդագրության համաձայն՝ երեկ պատրիարքարանի լուսարարապետ տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ընտրվել է Երուսաղեմի 97-րդ պատրիարք: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 12-ից պատրիարքի աթոռը թափուր էր մնացել Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահից հետո: