3-ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՊԱՏԻՎՆ ՈՒ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՀԱՎԿԻԹՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շատ դժվար է զբաղվել լրագրությամբ, որովհետեւ ազատ խոսքի առկայությունը խանգարում է շատերին՝ սկսած ապահով Հայաստան քարոզող Սերժ Սարգսյանից, վերջացրած նրա շրջապատի էլիտար թշվառներից ու իրենց ընդդիմություն հռչակած շատ ծաղրածուներից:
Ինչո՞ւ ենք եկել նման համոզման. «Ժողովուրդ» օրաթերթի մոտ 2-ամյա գործունեության ընթացքում արդեն 4 դատական հայցեր են ներկայացվել թերթի դեմ՝ տարբեր չափի դրամական փոխհատուցումների պահանջներով, եւ բոլոր 4 դեպքերում էլ մենք պահպանել ենք բարձր պրոֆեսիոնալիզմ, բազմակողմանիություն եւ օբյեկտիվություն: Հավատացե՛ք՝ առավել ճշգրտված գործունեություն ծավալել անհնար է Հայաստանի պայմաններում: Բայց այսքանից հետո մեր երկրում հասարակական տարբեր դիրքեր ունեցող մարդիկ պարբերաբար փորձել են հաշվեհարդար տեսնել մեզ հետ: Մարդիկ, չունենալով արժանապատվություն, փորձել են այն մեզանից գնել: Չկարողանալով ապրել բարի համբավով՝ «Ժողովուրդ»-ին են մեղադրել այն արատավորելու մեջ եւ, վերջապես, չունենալով տղամարդկային ինքնասիրություն՝ մեզանից են վիրավորվել:
Բայց այս հոդվածի շրջանակներում չենք փորփրի անցյալը, քանի որ կա առավել թարմ դեպք: «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն իր եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի արժանապատվությունը գնահատել է 3 մլն դրամ եւ փորձում է այն ստանալ «Ժողովուրդ»-ից:
Ինչի՞ց սկսվեց այս ամենը: «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին հրապարակեց այսպիսի լուր. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող «ԵԹՖ»-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Ժամկետանց ձվերը հատկապես Երեւանի ու Գյումրու խանութներում են բաժանվել: Օրերս էլ ձու առաքող վարորդներին հրահանգվել է, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա: Զրուցեցինք Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունենում: «Դուք ինձ պրովոկացիայի՞ եք ենթարկում, սխալ ինֆորմացիա եք ստացել, էտի բացառվում է, նմանատիպ խնդիր չկա ու չի էլ կարող լինել, ես վաղը Լենինական եմ գնում, կարաք գաք տեսնեք, թե ես որտեղ եմ էդ ձվերը ծախում, մենք ժամկետանց ձու չունենք»,-ասաց Խ. Խաչատրյանը: Մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում»:
Հենց հրապարակման օրը մի նոր տեղեկություն ստացանք, համաձայն որի՝ Խաչատրյանն իր սեւ «Ռենջ ռովեր» մակնիշի մեքենայով գնացել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպման ու հենց շենքի մոտ մեծ աղմուկ բարձրացրել, գոռգռացել: Կրկին, պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, փորձեցինք Խաչատրյանից անձամբ պարզել, թե ինչու էր գնացել ՊԵԿ, ինչ խնդիրներ ունի առհասարակ: Ահա թե ինչ «ինտելեկտուալ» պատասխան տվեց գործարարը: «Մոտ էրկու ամիս առաջ ես իմ «Ռենջ ռովեր»-ով որսի եմ գնացել Ղարաբաղ… հաաաա՜, Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպելո՞ւ, ազի՛զ ջան, էդ հարցաքննում ես ինձի՞, հարց ես տալի՞… Իհարկե տենց բան չի եղել, վաղն էլ էդ ես գրելո՞ւ: Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»,-ասաց Խաչատրյանն ու անջատեց հեռախոսը:
Սրանից օրեր անց՝ դեկտեմբերի 14-ին, «X գրուպ»-ը հաղորդագրություն տարածեց, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) չի տուգանել ո՛չ «ԵԹՖ»-ին, ո՛չ էլ հիմնադիր-բաժնետեր Խաչիկ Խաչատրյանին: Սակայն նույն գերատեսչության պաշտոնական կայքում գրված է. «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի 269-Ա հրամանի համաձայն՝ ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել է շուկայահանված ձվի դիտարկում, որի արդյունքում պարզվել է, որ «ԵԹՖ» ԲԲԸ-ի կողմից արտադրված՝ սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ ձվի խմբաքանակը չի համապատասխանում կճեպի մաքրության ցուցանիշներին, սպիտակուցը ոչ խիտ է, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվում է), առկա է հոտ, որը բնորոշ չէ թարմ ձվին: Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել եւ չօգտագործել նշված արտադրատեսակը»:
Պաշտոնական այս հաղորդագրությունից հետո որեւէ մեկի մոտ կասկած չէր կարող մնալ, որ «ԵԹՖ»-ն ժամկետանց ձու է վաճառում: Դրա համար էլ դեկտեմբերի 14-ի համարում «Ժողովուրդ»-ը գրեց, որ առայժմ սպասում ենք Խաչատրյանի հրապարակային ներողությանը:
Նկատենք, որ այս ողջ ընթացքում Խաչիկ Խաչատրյանը (Ձվերի Խաչիկ) հավանաբար չէր գիտակցում, որ վիրավորվել է: Բայց երբ տեղեկացավ, որ լրագրողին վիրավորելու համար «Ժողովուրդ»-ը դատական հայց է ներկայացրել իր դեմ՝ պահանջելով ընդամենը ներողություն, նրա 3 միլիոն դրամանոց պատիվն արթնացավ:
Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ը ստացավ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի կայացրած որոշումն այն մասին, որ օրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրված: Պատճառն այն է, որ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն եւ դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել «Ժողովուրդ»-ի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ ու որպես հայցի ապահովման միջոց՝ մի շարք միջնորդություններ արել: Բարեբախտաբար, դատավորը մասնակի է բավարարել միջնորդությունը՝ արգելանք դնելով միայն «Ժողովուրդ»-ի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա (երեկ ինչ-որ մարդիկ արդեն մեր լրագրողի տուն են այցելել՝ հետաքրքրվելու, թե ինչ գույք ունի):
Այսպիսով՝ «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանը կարծում է, որ իր պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ գործարար համբավն արատավորվել է օրաթերթի դեկտեմբերի 11-ի հրապարակումով, ինչի համար պահանջում է հերքում եւ 3 մլն դրամի փոխհատուցում: Նկատենք, որ Խաչատրյանն իր ներկայացրած հայցում հմտորեն շրջանցել է իր կողմից արված վիրավորանքները՝ իրեն տալով «անմեղ զոհի» կարգավիճակ:  
Մենք, իհարկե, կմիջնորդենք, որպեսզի հայցի ապահովման միջոց կիրառված արգելանքը օրաթերթի գույքի վրայից հանվի, եւ հնարավոր լինի անխոչընդոտ գործունեություն ծավալել: Բայց մինչ այդ եւս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել, որ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե տարատեսակ ճնշումներ գործադրելով, արհեստական խնդիրներ ստեղծելով՝ կարող են խոչընդոտել «Ժողովուրդ»-ի գործունեությունը, չարաչար սխալվում են: Մենք աշխատում ենք ընթերցողի պատվերով, հրապարակում ենք այն, ինչ կա իրականում՝ պահպանելով լրագրողական էթիկայի բոլոր նորմերը: «Ժողովուրդ»-ը եղել է, կա ու կլինի «Օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին»:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»




Լրահոս