ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ԳԱՄԲԻՏԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուքիաս Ավետիսյանի խորհրդարանական կենսագրությամբ, ավելի ճիշտ՝ երկարակեցությամբ, այսօր կարող է վստահաբար ասել, որ ինքը «նստել» է Բաբկեն Արարքցյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Դեմիրճյանի, Արմեն Խաչատրյանի, Արթուր Բաղդասարյանի, Տիգրան Թորոսյանի, Հովիկ Աբրահամյանի, Սամվել Նիկոյանի ու դարձյալ Հովիկ Աբրահամյանի օրոք… Ստացվում է, որ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԳԽ նախագահ եղած ժամանակ է բացակայել օրենսդիր մարմնից:
Որպես կանոն՝ բոլոր ժամանակներում եղել է իշխանական պատգամավոր, անգամ 1995թ., երբ առաջին անգամ մուտք է գործել Բաղրամյան փողոցի հոյակերտ շենք, ատամներով պաշտպանել է ՀՀՇ-ին, իսկ 1996-ին՝ Վազգեն Մանուկյանի չստացված «հեղաշրջման» ժամանակ, մի լավ ծեծուջարդ սարքել հենց նիստերի դահլիճում՝ ուժգին հարվածներ տեղալով նախկին ընդդիմադիր, իսկ այժմ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխին… Ուրեմն, նա ՀՀՇ իշխանությունը պաշտպանում էր բռունցքներով, կրծքով՝ հույս ունենալով, որ մատուցած ծառայությունների համար իրեն Շիրակի մարզպետ կնշանակեն կամ էլ կօգնեն, որպեսզի դառնա Գյումրու քաղաքապետ… Բայց նրա համար երկու պաշտոնն էլ անհաս երազ մնացին: Հետո էլ ՀՀԿ-ն որեւէ կերպ չուզեց օգնել իր նորանվիրյալ «մարտիկին» ու դարձյալ իրականություն չդարձրեց վաղեմի երազանքները… Գոնե նախարար, փոխնախարար նշանակեին: Բայց…
Ս. Ավետիսյանն իր աշխատանքային կենսագրությունը սկսել է հոր՝ Հեգել Ավետիսյանի գլխավորած Լենինականի պետական սելեկցիոն կայանում՝ արդեն 14 տարեկանից գրանցվելով այստեղ որպես բանվոր: Հասկանալի է, որ սա ձեւական մի բան է եղել, մանավանդ որ այս ընթացքում ե՛ւ դպրոցն է ավարտել, ե՛ւ ընդունվել պոլիտեխնիկական ինստիտուտ… Ինստիտուտում սովորելու տարիներին էլ եղել է Մարիական Ինքնավար Հանրապետությունում եւ Տյումենի մարզում (ՌԽՖՍՀ) ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի ուսանողական շինարարական ջոկատի հրամանատար:
Նպատակ ունենալով հետագայում բարձր պաշտոններ զբաղեցնել՝ Ս. Ավետիսյանը 1981-82թթ. եղել է Լենինականի պոլիտեխնիկումի կոմերիտմիության քարտուղար, ծառայել բանակում, վերադարձել ու նշանակվել ՀԼԿԵՄ քաղկոմի բաժնի վարիչ, վարիչ, ՀԼԿԵՄ Մոսկովյան շրջկոմի առաջին քարտուղար: 1989-1990թթ. եղել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի հրահանգիչ: 1990թ. ընտրվել է Լենինականի քաղխորհրդի պատգամավոր: 1990-1999թթ. եղել է Մոսկովյան շրջանի բնակտնտեսության վարչության գլխավոր ճարտարագետ, Գյումրու քաղաքային գործկոմի բնակարանային-կոմունալ վարչության պետ, գործկոմի նախագահի տեղակալ, փոխքաղաքապետ: 1999-2001թթ. նշանակվել է ՀՀ նախագահին առընթեր շինարարության եւ աղետի գոտու հանձնաժողովի անդամ: 2004-2007թթ. եղել է Գյումրու թիվ 25 դպրոցի կառավարման խորհրդի նախագահ: 2005թ. նշանակվել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ: 2006թ.-ից ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ է: 2009թ.-ից դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում:  2011թ. ընտրվել է ՀՖՖ գործկոմի կանանց ֆուտբոլի եւ ֆուտզալի կոմիտեի նախագահ:
Ս. Ավետիսյանի 2009-ի եկամուտը նրա պատգամավորական աշխատավարձն է: 2006-ին եւս եղել է ԱԺ պատգամավոր, եւ այդ տարվա նրա եկամուտներից 3 մլն 212 հզ. տարեկան աշխատավարձն է, 180 հզ. էլ ստացել է պատգամավորական ծախսերի համար: Իսկ 1 մլն 200 հզ. դրամի եկամուտը նա ստացել է որպես իրեն պատկանող «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենայի վարձավճար: Եւս 300 հզ. դրամ էլ ստացել է իր` Գյումրու Պ. Սեւակի փողոցում 75 քմ մակերեսով տարածքի վարձակալության դիմաց: Իհարկե, հատկապես այս «եկամուտը» մի քանի անգամ նվազեցված է, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձնի այն հանգամանքին, որ Գյումրու նորակառույց Անի թաղամասը շատերը համարում են Ս. Ավետիսյանի կալվածքը, որովհետեւ այստեղ շա՜տ բան է նրան պատկանում…
Ըստ 2006-ի հայտարարագրի՝ Ավետիսյանն ունի նաեւ 120 քմ մակերեսով բնակելի տարածք Գյումրու Լ. Մադոյան փողոցում, նույն հասցեում ունի նաեւ 270 քմ մակերեսով հողակտոր: Նա հայտարարագրել է նաեւ 1488 քմ մակերեսով հասարակական նշանակության շինություն Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: 2007-ի հունվարի 1-ի դրությամբ Ավետիսյանի բանկային հաշիվներին եղել է 3,6 մլն դրամ, 3400 դոլար եւ 800 եվրո: 2006-ին, վերը նշված «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենայից բացի, հայտարարագրել է նաեւ «ԲՄՎ 520» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: Նաեւ նշել է, որ իրեն են պատկանում «Դավիթ-Ս» եւ «ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ների հիմնադիր կապիտալները: Ս. Ավետիսյանը 2006-ի հայտարարագրում որպես «Այլ անշարժ գույք» հայտարարագրել է «ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ի բաժնետոմսերը: Առաջիկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեից ակնկալում ենք ստանալ Ս. Ավետիսյանի 2010-ի գույքի եւ եկամուտների հայտարարագրի հրապարակման ենթակա տվյալները: 2006-ի եւ 2009-ի տվյալների տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջինի թվերը վերցված են Ս. Ավետիսյանի կողմից 2007-ին որպես պատգամավորության թեկնածու ՀՀ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից, իսկ 2009-ի տվյալները ՊԵԿ-ի կողմից մեզ տրամադրված` նշված տարվա գույքի եւ եկամուտների հայտարարագրի հրապարակման ենթակա տվյալներն են, որոնք այդ պաշտոնյայի եկամուտների եւ ունեցած գույքի մի չնչին մասն իսկ չեն արտացոլում: Պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց ներկայացված տվյալները:
Ս. Ավետիսյանը երբեք ցույց չի տալիս իր ունեւոր լինելու հանգամանքը, անգամ ոմանց պատկերացմամբ՝ գրեթե չքավոր մարդ է, բայց այս «չքավոր» մարդը նաեւ ողջ Գյումրին լցրել է իր՝ պաշտոններ ստացող բարեկամներով ու ընկերներով, ամենուրեք կարողացել է իր «մարդկանց» ներկայությունն ապահովել… Իսկ ԱԺ-ում բոլորն էլ գիտեն, որ Սուքիասն այնտեղ է, որտեղ հայտնվում են նախագահը, վարչապետը: Ավետիսյանին նաեւ Գալուստ Սահակյանի «կցորդ» են կոչում ԱԺ-ում, որովհետեւ միշտ հավատարիմ է նրան, հենց Գ. Սահակյանի միջնորդությամբ է նրա բարեկամը դարձել Գյումրու թատրոնի տնօրեն, Գալուստ Գրիգորիչն է հովանավորում Սուքիասին ու ամեն անգամ «ուշացումով» խորհրդարան բերում…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս