ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին առողջապահական համակարգի խնդիրներն ու իրականացվող աշխատանքները:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնակիցներին ներկայացրեց «Առողջապահություն» հանդեսի նոր տնօրեն Զավեն Քոլոյանին:
Նա նշեց, որ հանդեսը պետք է նորովի ներկայանա ընթերցողին` արտացոլելով համակարգի նոր մոտեցումներն ու մարտահրավերները:
Հանդեսի նոր ղեկավարի առջև նպատակ է դրվում առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերի և բարեփոխումների շուրջ ձևավորել վստահության մթնոլորտ, ինչպես նաև ակտիվ աշխատանք ծավալել ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ: Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ վստահությունը բժշկության մեջ անկյունաքարային է:
Ուրվագծելով անելիքները` Զավեն Քոլոյանը նշեց, որ «Առողջապահություն» հանդեսում կհրապարակվեն ապացուցողական բժշկության մեթոդաբանությանը, առողջապահության կազմակերպմանը, բժշկի աշխատանքի բարոյահոգեբանական կողմին, իրավաբանական և կազմակերպական արդիական հարցերին վերաբերող նյութեր:
Պարբերականը հետագայում կունենա ոչ միայն նոր խորագրեր, այլև էլեկտրոնային կայք-էջ: Աշխատակազմի արդյունավետ կառավարման, բովանդակային, դիզայներական, տպագրական, այլ փոփոխությունների շնորհիվ բժշկական նեղ մասնագիտացում ունեցող լրատվամիջոցը էականորեն կբարելավի որակը:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը համառոտ ներկայացրեց կառույցի ընթացիկ և կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը: Նա նշեց, որ իրականացվել են վիճակագրական ծառայության հզորացմանը, բժշկական մի շարք փաստաթղթերի պատրաստմանն ուղղված աշխատանքներ:
Կառույցի ղեկավարը խոսեց նաև առաջիկայում տարբեր ուղղություններով նախատեսված հետազոտությունների, ինչպես նաև դրանցից ակնկալվող արդյունքների մասին:
Ազգային ինստիտուտը ընթացիկ տարում կարևորել է նաև կրթական բաղադրիչը: Նախատեսվել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում զարգացնել հետբուհական շարունակական ծրագրի իրականացումը: Էական քայլեր են իրականացվել էլեկտրոնային առողջապահության ներդրման ուղղությամբ: Ալեքսանդր Բազարչյանի տեղեկացմամբ` ինստիտուտում մասնագիտական ծառայությունների ձևավորումը թույլ կտա ընդլայնել կառույցի ոչ միայն կրթական, այլև գիտական ուղղվածությունը:
Ամփոփելով խորհրդակցությունը` նախարարն ընդգծեց, որ յուրաքանչյուր մշակվող գործելակարգ և ուղեցույց պետք է անցնի մասնագիտական քննարկումների փուլ:
Արմեն Մուրադյանի խոսքով` չափագրումն է համակարգի խնդիրների լուծման ամենաարդյունավետ ճանապարհը:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենին հանձնարարվեց` ըստ ոլորտների ներկայացնել ծրագրերի և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, ակտիվ աշխատանք ծավալել ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների հետ:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սեպտեմբեր-հոկտեմբերին նախանշված համահայկական բժշկական համագումարի աշխատանքներին: Ձևավորվեց կայանալիք միջոցառման աշխատանքները համակարգող հանձնաժողով: