ՏԻՊԻԿ «ՀԱՅԱՎԱՐԻ» ՄՈՏԵՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ոչ միայն յուրահատուկ ազգ ենք, այլեւ յուրահատուկ պետություն՝ որպես այդպիսին միակը եւ անկրկնելին: Միայն Հայաստանին է հաջողվում միաժամանակ երկու նապաստակի հետեւից վազել եւ երկուսից էլ հետ չմնալ: Այլ հարց է, թե մինչեւ ուր կտանեն այդ «հայավարի» խաղերը եւ որքան կդիմանան:
Դեռ պատմական ժամանակներում մեր թագավորները կարողացել են նմանատիպ խաղեր տալ Պարսկաստանի եւ Հռոմեական կայսրության հետ: Ներկայիս Հռոմեական կայսրությունն էլ Եվրոպական միությունն է, իսկ Պարսկաստանը՝ Եվրասիական միությունը: ՀՀ իշխանությունները հաջողությամբ երկուսին էլ սիրաշահում են, երկուսի հետ էլ ծրագրեր կազմում, թե հետո ինչպես են համատեղ իրագործելու, կարեւոր չէ, կարեւորն այդ մասին հայտարարելն է ու ժողովրդի ուղեղը լվանալը՝ ապահով Հայաստանի սին հույսեր ներշնչելով:
Հիմա էլ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն է զգալի առաջընթաց արձանագրում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում, խոսում ՀՀ-ԵՄ ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագրերի կնքման գործընթացներից եւ դրա անհրաժեշտությունից: Բայց ԱԽՔ-ն այդ պահին հաշվի չի առնում, որ մեկ այլ հոյակապ անձնավորություն՝ հաճախակի դիրքորոշումներ փոխող վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը դեռ սեպտեմբերին ռուսական մամուլում դեմ էր արտահայտվել ՀՀ-ի՝ Եվրասիական միությանն անդամակցությանը, արդեն հոկտեմբերին Եվրասիական միություն ստեղծելու առաջարկը համարել է հեռանկարային եւ նշել, որ այդ կառույցին անդամակցելու վերաբերյալ ՌԴ առաջարկին Հայաստանը դրական է վերաբերում: Այլ կերպ չէր էլ կարող լինել, ինչպե՞ս կարող են մեր ռուսամետ իշխանությունները հրաժարվել նման առաջարկից: ԱԽՔ-ն այդ պահին հավանաբար այդ մասին չի մտածել կամ էլ մտածել է հաճախ դիրքորոշում փոխող վարչապետի նման, որը, ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերին արդեն հայտարարել էր, թե «Եվրասիական շրջանակներում Հայաստանի շփումները որեւէ կերպ չեն կարող սահմանափակել կամ ստվերել մեր երկրի եվրոպական նկրտումները»:
Այս ամենին զուգահեռ՝ Եվրամիության դեսպանները եւ ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ ՀՀ իշխանությունների առջեւ հստակ խնդիր են դրել եւ դնում՝ կողմնորոշվել կա՛մ այս կողմ, կա՛մ այն: Իսկ իշխանությունները դեռ շարունակում են վարպետորեն խույս տալ: Հետաքրքիր է, թե ոնց են սրա տակից դուրս գալու:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս