«Հայոց եկեղեցու՝ դարերով ամրագրված ավանդույթի համաձայն՝ մեր եկեղեցու սուրբ ավազանում կարող են մկրտվել հայեր, հայերի հետ ամուսնացած օտարազգիներ և օտարներ կամ այլադավաններ: Նրանք անցնում են նախապատրաստական շրջանը, Քրիստոսին ընդունում իբրև փրկիչ, տեղեկանում են հավատքից և ձեռք են բերում տարրական գիտելիքներ, ընդունում են հայ եկեղեցու ուղղափառ դավանություն, որից հետո միայն մկրտվում են»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արևմտյան Հայաստանից երեք ծպտյալ հայերի՝ հայոց եկեղեցու կողմից չմկրտվելուն, ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Նրա խոսքով, մկրտությունը ձևական արարողություն կամ շոու չէ, այլ քրիստոնյա դառնալու, եկեղեցուն անդամագրվելու խորհուրդ.
«Հետևաբար այս խորհրդին պետք է մոտենալ ոչ թե զգացականությամբ, այլ խորին հոգևոր գիտակցությամբ»,- հավելեց վարդապետը՝ միաժամանակ հայտնելով, որ «Արևմտյան Հայաստանից ժամանած երեք անձերին ցույց է տրվել ճիշտ ճանապարհը՝ Պոլսո պատրիարքության հովանու ներքո,անցնել այդ նախապատրաստական ուսուցողական շրջանը և հստակեցնել իրենց ազգությամբ հայ լինելը, որից հետո հայոց եկեղեցին կմկրտի նրանց: Եկեղեցին ոչ ոքի չի մերժում»: