«ՓԱՅՏԻ ԳՈՐԾԵՐՈՎ» ԴԱՏԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. նոյեմբերին Տավուշի մարզում ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության կատարած ստուգումների արդյունքում բացահայտվեցին ծառերի ապօրինի հատման տասնյակ դեպքեր, հարուցվեցին քրգործեր: Այժմ այդ գործերը քննվում են մարզի առաջին ատյանի դատարանում: Հունվարի 24-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Իջեւան քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Գեւորգ Օթարյանի դատավարությունը: Նա ապօրինի հատել է 23 հաճարենի եւ 1 թխկենի՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ 2 մլն 568 հզ. դրամի վնաս: Նրան  մեղադրանք է առաջադրված ՀՀ քր. օր.-ի 296-րդ հոդվածի 3-րդ կետով (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը): Այդ հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Ավարտվել է «փայտի գործով» մեկ այլ դատավարություն: Աճարկուտ գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Վարդգես Ռեւազյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա 2012թ. նոյեմբերի սկզբներին Գետաշենի անտառպետության անտառամասից ապօրինի կերպով հատել է 366 հզ. 750 դրամ սակագնային արժեքով, ընդհանուր 1 մլն 100 հզ. 250 դրամ նյութական վնասով թաց կանգուն ծառեր: Նույն գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Սասուն Մելիքյանին մեղադրանք էր առաջադրվել, որ 2012թ. նոյեմբերի սկզբներին Կիրանցի անտառպետության անտառամասից ապօրինի կերպով հատել է 366 հզ. 750 դրամ սակագնային արժեքով, ընդհանուր 1 մլն 10 հզ. 250 դրամ նյութական վնասով լորենի տեսակի 7 թաց կանգուն ծառեր: Բացի այդ, Ս. Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2012թ. նոյեմբերի 17-ին ոստիկանության Իջեւանի բաժնում կեղծ տեղեկություն է տվել, թե իբր վերոհիշյալ ծառերից ստացված գերանափայտերը անտառից դուրս բերելու համար ինքն անտառապետ Կ. Փարսադանյանին վերջինիս պահանջով տվել է 80 հզ. դրամ: Աճարկուտ գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Վարդան Օհանյանին էլ  մեղադրանք է առաջադրվել, որ նա 2012թ. նոյեմբերի սկզբին Ս. Մելիքյանից եւ Վ. Ռեւազյանից գնել է ակնհայտ հանցավոր ճանապարհով, առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք բերված, ընդհանուր 1 մլն 248 հզ. 380 դրամ արժողության լորի եւ հացի տեսակի գերանափայտեր: Վ. Օհանյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քր. օր.-ի 216 հոդվ. 2-րդ մասի առաջին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելը կամ իրացնելը), Վ. Ռեւազյանին` ՀՀ քր. օր.-ի 296-րդ հոդվածի 1-ին կետով (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը), իսկ Ս. Մելիքյանին՝ ՀՀ քր. օր.-ի 296-րդ հոդվածի 1-ին կետով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնություն): Սույն գործով կայացել է արագացված դատաքննություն: Հունվարի 21-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշում կայացրեց սահմանել տուգանք՝ Վ. Օհանյանին 300 հազար, Վ. Ռեւազյանին՝ 500 հազար, իսկ Ս. Մելիքյանին՝ 550 հազար դրամի չափով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս