ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ջերմուկի Շահումյան 2 բնակելի շենքի առաջին հարկն արդեն 3 տարի է՝ գնել է ինչ-որ մեկը, քանդել-թողել միայն հիմնասյուները՝ վթարային իրավիճակ ստեղծելով: Անմիջապես այդ բնակարանի վրեւում գտնվելու պատճառով կրակն եմ ընկել. անձրեւը, ցուրտը, ձյունը, քամին հերթով իրենց վնասն են բերում: Սառչում են խողովակաշարերը. արդեն 200 000 դրամի ծախս եմ արել՝ փոխելու, վարպետներին վարձատրելու համար: Իմ բողոքներին քաղաքապետը համառորեն չի պատասխանում:

Նվարդ Հակոբյան (49 տարեկան, բուժաշխատող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նվարդ Հակոբյանը բողոքել է, որ Ջերմուկի Շահումյան փողոցի 2-րդ շենքի առաջին հարկի բնակարանը, որի երկրորդ հարկում է գտնվում իր բնակարանը, վթարային վիճակում է եւ բնակեցված չէ, դրա հետեւանքով սառչում են ջրատար խողովակաշարերը` լուրջ խնդիրներ ստեղծելով իր կենցաղի համար: Իրոք, Ն. Հակոբյանը դիմել է քաղաքապետին: Քաղաքապետարան է հրավիրվել առաջին հարկի բնակարանի սեփականատերը, նրա առջեւ պահանջ է դրվել հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել բնակարանի բարձիթողի վիճակը: Բնակարանն այժմ գտնվում է վերանորոգման փուլում: Պատերը նախկինում եղել են գաջապատ, սեփականատերը դրանք ամբողջությամբ մաքրել է գաջի ծեփից եւ փոխարինել ցեմենտ-ավազի շաղախե սվաղով, որով ամրացրել է բնակարանի պատերը: Հատակը նախկինում եղել է փայտից, որը ժամանակի ընթացքում փտել է: Հատակը քանդելուց հետո պարզվել է, որ փայտե հատակի տակ նախկինում բետոնե աշխատանքներ չեն կատարվել, հատակը եղել է հողի վրա: Սեփականատերն այն ամբողջությամբ բետոնապատել է: Քանի որ Ջերմուկում արդեն սկսվել է խստաշունչ ձմեռը, շինարարական աշխատանքները դանդաղել են: Խմելու ջրի խողովակը   ջերմամեկուսացված է, պատուհանները ապակեպատված են, դրանք լրացուցիչ պատված են պոլիէթիլենային թաղանթով: Բնակարանի վերջնական վերանորոգումն ընթացքի մեջ է, սակայն ձգձգվում է սեփականատիրոջ ֆինանսական սուղ միջոցների պատճառով: Քաղաքապետը ոչ թե «համառորեն չի պատասխանում» թերթի ընթերցող Ն. Հակոբյանին, ինչպես նշել է վերջինս, այլ նրան ընդունել եւ տվել է վերը շարադրվածի մասին տեղեկատվություն:

Ջերմուկի քաղաքապետարանի աշխատակազմի
գլխավոր  մասնագետ-ճարտարապետ
Արսեն Գառնիկյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղական ինքնակառավարման մարմինները միշտ էլ արդարանալու տեղ գտնում են, գցում են մեկ ուրիշի վրա, միայն թե իրենք մաքուր դուրս գան: Եվ սա միակ դեպքը չէ, երբ քաղաքացին իր հաշվին եւ տեղական ինքնակառավարման մարմնի փոխարեն ծախսեր է անում, որոնք այդպես էլ չեն փոխհատուցվում:




Լրահոս