Մարզահամերգային համալիրը կվաճառվի 30 մլն դոլարով. կպահպանվի համալիրի անվանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Պաշտպանության նախարարությանն հաշվեկշռում գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ ՍՊԸ»–ին։ Նախագիծը կառավարությանը ներկայացրեց  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ  վաճառքի գինը կազմում է 30 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

«Գնորդը պարտավորվում է վեց ամիս ժամկետով առնվազն 55.000 դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել ՊՈԱԿ-ում փաստացի աշխատող 99 աշխատողների հետ: Պահպանել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր անվանումը և օգտագործման ուղղվածությունը, տասը տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել Կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող միջոցառումները»,-հավելեց  Օհանյանը:

Նախագծով առաջարկվում է նաև հավանություն տալ ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 100 միլիոն ԱՄՆ դոլարը: «Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել չորս տարվա ընթացքում և ստեղծել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև կապահովվի 250 նոր աշխատատեղի ստեղծում»,- հավելեց նախարարը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ է լինելու պետական միջոցառումների անցկացման հարցը, քանի որ նախկին սեփականատիրոջ հետ կար նման պայմանավորվածություն: Պաշտպանության նախարարն էլ նշեց,  որ այդ հարցով նախատեսվում է տասը տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել հատուկ հայտով համապատասխան նշանակություն ունեցող միջոցառումների անցկացում:




Լրահոս