Բողոքի երթ ի պաշտպանություն Ժողովուրդ օրաթերթի. (Լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունվարի 30-ին տեղի ունեցավ բողոքի երթ՝ ի պաշտպանություն “ժողովուրդ” օրաթերթի: Օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանը կարդաց իրենց հայտարարությունը, որում, ասվում է.
“Ուզում եմ ազդարարել, որ այսօրվա ակցիայի նպատակն է ցույց տալ բոլորին, որ մամուլը մեր երկրում միասնական է, որ ցանկացած ոտնձգություն մամուլի դեմ արժանանալու է ողջ լրատվական դաշտի ու նաեւ ազատ խոսքի ջատագովների քննադատությանը: Եւ այսօրվա բազմամարդությունը վկայությունն է այն իրողության, որ մեր երկրում ազատ խոսքի դեմ պայքարն անարդյունավետ է: ՀՀ քաղաքացին չի կարող նահանջել օլիգարխների առջեւ. մեր գործն արդար է, մենք թույլ չենք տա, որ փող ունեցող մարդը թելադրի, իշխի երկրում: Գործարար լինելը դեռ չի նշանակում ամենակարող լինել: 
Ո՛չ ճնշումներին
Այժմ մի քանի նախադասությամբ պատմեմ գործի նախապատմությունը եւ սկսենք մեր քայլերթը:
“Ժողովուրդ” օրաթերթը անցած տարվա դեկտեմբերին ստացել է տեղեկություն, որ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան ժամկետնանց ձվեր է վաճառում: Զանգահարել է ԵԹՖ-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին՝ ճշտելու ստացած ինֆորմացիան: Խաչատրյանը հերքել է: “Ժողովուրդ” օրաթերթը որոշել է, այնուամենայնիվ, հրապարակել լուրը, քանի որ այն ավելի քան արժանահավատ էր. դրանից երկու ամիս առաջ ՀՀ Սննդամթերի անվտանգության ծառայությունը ստուգումներ էր իրականացրել ձվի շուկայում եւ հայտնաբերել էր ԵԹՖ-ի կողմից մատակարարած ժամկետնանց ձվերի՝ սպառողներին կոչ անելով չօգտվել այդ ընկերության արտադրանքից: Այս լուրի հրապարակումից հետո “Ժողովուրդ” օրաթերթը իր ընթերցողներից ստացավ այլ տեղեկություն, որ ժամկետնանց ձվեր վաճառող Խաչիկ Խաչատրյանը Պետեկամուտների կոմիտեում աղմկել, կռիվ է արել: Դարձյալ, պահելով լրագրողական էթիկայի նորմերը, “Ժողովուրդ” օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը զանգահարել է Խաչատրյանին՝ պարզելու կռվի պատճառները: Խաչատրյանը այդ ժամանակ ցուցաբերել է անհավասարակշիռ պահվածք եւ հայհոյանքին հավասար բառապաշարով վիրավորել լրագրողին (ձայնագրությունն առկա է խմբագրությունում): “Ժողովուրդ” օրաթերթը 10 օրից ավել սպասելով Խաչատրյանի հրապարակային ներողությանը, ի վերջո դիմեց դատարան՝ պահանջելով ներողություն խնդրել: Խաչիկ Խաչատրյանն էլ երկար մտածելով, թե ինչպես անի, որպեսզի ներողություն խնդրի, որոշեց առանձին հայցով մտնել դատարան՝ “Ժողովուրդ”-ից որպես վնասի փոխհատուցում պահանջելով 3 մլն դրամ: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանն էլ որոշեց արգելանք դնել “Ժողովուրդ” օրաթերթի գույքի վրա՝ որպես հայցի ապահովման միջոց: Իհարկե, մինչ այժմ ԴԱՀԿ աշխատակիցները դեռ չեն մտել խմբագրություն, բայց ցանկացած պահի կարող են մտնել եւ խոչընդոտել “Ժողովուրդ” օրաթերթի գործունեությունը:
Այսօր մենք քայլերթով կգնանք դեպի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ներկայացնելու միջնորդություն, որպեսզի հայցի ապահովման միջոց արգելանքը դատարանը վերացնի: Մենք դատարանից ակնկալում ենք արդարամտություն”:
Հայտարարության հրապարակումից հետո երթի մասնակիցները “Արդարություն” վանկարկումներով շարժվեցին դեպի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան: Կառավարության շենքի առջեւ երթի մասնակիցները կանգ առան եւ բարձրախոսով ներկայացրին իրենց պահանջը, իսկ դատարանի մոտ տեղի ունեցավ կարճ ակցիա, որի ընթացքում ելույթ ունեցան Գուրգեն Եղիազարյանը, թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը:
Այնուհետ “Ժողովուրդ” օրաթերթի  խմբագիրը դատարանին հանձնեց նամակը, որով դատավոր Ռուբեն Ափինյանից պահանջում էին հանել գույքի վրա դրված արգելանքը:
Քայլերթին մասնակցել  են  ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքական գործիչներ՝ “Սասուն” ջոկատի հրամանատար  Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ՀԱԿ անդամներ Գուրգեն Եղիազարյանը, Սասուն Միքայելյանը, Պետրոս Մակեյանը, “Հանրապետություն” կուսակցության անդամ Սմբատ Այվազյանը, ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, իրավապաշտպաններ Վարդան Հարությունյանն ու Արթուր Սաքունցը, ինչպես նաև ՀԱԿ անդամ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, ակտիվիստ Վարդգես Գասպարին:




Լրահոս