Այսօր՝ օգոստոսի 13-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը վերադարձել է արձակուրդից, ծանոթացել ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրավոր դիմումին: Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արսեն բաբայանը նշեց, որ ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին պարգևներից զրկելու ընթացակարգ չկա:
«Օրենքը պարգևից զրկելու ընթացակարգ չի նախատեսում : Ինչ վերաբերվում է 2013 թվականին ԱԺ նախագահի կողմից Անդրանիկ Նիկողոսյանին ԱԺ պատվո մեդալով պարգևատրմանը, ապա նշեմ, որ պարգևատրման առիթը չի եղել նրա ունեցած հայացքները, կարծիքը կամ դրանց հրապարակային հայտարարումը։ Այդ ժամանակ նրա ունեցած կարգավիճակում կատարած աշխատանքի գնահատման համար է պարգևատրվել։ Ցավոք պարգևատրողը ոչ միշտ է կարող կանխատեսել պարգևատրվողի հետագա գործողություններն ու արված հայտարարությունները»,- մանրամասնեց Արսեն Բաբայանը:
Իսկ հարցին` Գալուստ Սահակյանը ցանկություն ունի՞ Անդրանիկ Նիկողոսյանին զրկելու պարգևներից, Ա. Բաբայանը նշեց. «Ցանկությունները չեն կարող դուրս լինել իրավակարգավորումներից»: