Պերմյակովը կտեղափոխվի Ռուսաստանի հատուկ ռեժիմով կալանավայրերից մեկը. ռուսական աղբյուրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարքային Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը կորոշվի երկու երկրների իշխանությունների միջև համաձայնության արդյունքում: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իրավիճակին մոտ կանգնած իր անանուն աղբյուրը:

«Այս հարցը գտնվում է երկու երկրների՝ Հայաստանի ու Ռուսաստանի համապատասխան մարմինների իրավասության ներքո: Համաձայն երկկողմ համաձայնագրերի՝ կորոշվի պատժի կրման վայրը»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Սպանության գործով Պերմյակովի դատավճիռը պետք է կայացնի Հայաստանի դատարանը:

«Մինչ այդ դատավարության մեկնարկը դատապարտյալը կգնվի Գյումրու կայազորային զինվորական կալանատանը: ՌԴ օրենսդրության համաձայն՝ նա արդեն դատապարտյալ է հանդիսանում»,- նշել է աղբյուրը:

Նրա տվյալներով՝  հայկական դատարանն ամենայն հավանականությամբ ռուս զինծառայողի կդատապարտի առավելագույն պատժի՝ ցմահ ազատազրկման:

«Հնարավոր է՝ կողմերը որոշակի պայմաններով համաձայնության կգան, որպեսզի Պերմյակովը տեղափոխվի Ռուսաստանում ցմահ դատապարտվածների համար նախատեսված հատուկ ռեժիմով կալանավայրերից մեկը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հավելենք, որ  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ու ՌԴ իրավապահները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում և պատիժն այստեղ կկրի: Բայց նա կպահվի ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող կալանավայրում. այսինքն՝ Հայաստանի ներսում, բայց՝ ՌԴ տարածքում:




Լրահոս