100 օր լռելուց հետո էլ Գաբրիել Ղազարյանը շարունակում է լռել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի մայիսին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվեց Գաբրիել Ղազարյանը, որը համարվում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «մարդը»: Բացի այս հանգամանքից՝ Ղազարյանին ընտրել էին այն բանի համար, որ վերջինս քաջատեղյակ էր ոլորտից ու այն պետք է «ծաղկեցներ»: Բայց, արի ու տես, որ արդեն մեկ տարի է, ինչ սույն անձնավորությունը ղեկավարում է նշված գերատեսչությունը, սակայն այնտեղ ոչ միայն որեւէ առաջընթաց չկա, այլեւ հանրությունն, առհասարակ, մոռացել է, որ Հայաստանում նման գերատեսչություն գոյություն ունի:

Երբ Գաբրիել Ղազարյանը նշանակվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, վերջինս կտրականապես հրաժարվում էր պատասխանել լրագրողների ցանկացած հարցի` նշելով, թե ինքը 100 օր լռելու է, որպեսզի այդ ընթացքում ծանոթանա գերատեսչության խնդիրներին, ակտիվորեն աշխատի ու միայն դրանից հետո պատասխանի լրագրողների հարցերին: 100 օրն էլ անցավ, 200 օրն էլ, ու արդեն մեկ տարի է՝ Ղազարյանը որեւէ կերպ չի ցանկանում «առնչվել» լրագրողների հետ: Նա ՀՀ Կառավարության նիստերին մասնակցելուց անմիջապես հետո արագ հեռանում է՝ ցույց տալով, թե շատ զբաղված է:

Վերջերս էլ նախարարն այնքան էր մոռացել իր հիմնական աշխատանքի մասին, որ սկսել էր տարվել առավելապես անձնական PR-ով, ինչն էլ վրդովվեցրել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վարչապետը ստիպված եղավ օգոստոսի 6-ի Կառավարության նիստի ժամանակ Գաբրիել Ղազարյանին զգուշացնել, որ արտերկրում ՀՀ դեսպանների հետ հանդիպումներից հետո այլեւս տեղեկատվություն չտարածի, քանի որ դրանք իր աշխատանքային պարտականություններն են, որոնց բարձրաձայնումն ամենեւին պարտադիր չէ: Ղազարյանն էլ ընդունեց իր սխալը եւ խոստացավ այլեւս այդ եղանակով «չփիարվել»:

Դրա համար, սակայն, երեկ նոր առիթ կար. Գ. Ղազարյանը շնորհավորել էր երիտասարդներին՝ միջազգային տոնի առթիվ, եւ, բնականաբար, այն տիրաժավորելու խնդիր կար, ինչին էլ ֆեյսբուքյան խմբերում «լծվել» էին նախարարության աշխատակիցները` ցույց տալով, թե` տեսեք-տեսեք՝ նախարարն աշխատում է: Իսկ ահա օրինակ այնպիսի կարեւոր իրադարձությանը, ինչպիսին Համահայկական խաղերն են, սպորտի նախարարի մասնակցությունը բավականին աննկատ էր. վերջինս ինչ-որ մի անկյունում կանգնած կամ նստած ուղղակի հետեւում էր խաղերին ու վերջ: Հետաքրքիր է՝ Գագիկ Ծառուկյանն ուրիշ սպորտային մարդ չունի՞ այդ պաշտոնում նշանակելու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս