ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՆԳՆԱԾ ԽԱՉԻԿԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը մեծ արձագանք է ստացել մեր գործընկերների, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների շրջանում. արդյունքում` նրանցից շատերը (ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը) հանդես են եկել նախաձեռնություններով՝ պահանջելով մեր թերթի դեմ հայց ներկայացրած Խաչիկ Խաչատրյանից` Ձվերի Խաչիկից, հետ վերցնել հայցադիմումը, իսկ վարչական դատարանից՝ հանել «Ժողովուրդ»-ի ու լրագրող Սոնա Գրիգորյանի ունեցվածքի վրա դրված 3 մլն դրամանոց արգելանքը: «Ժողովուրդ»-ի ընթերցողների ակտիվ ջանքերի շնորհիվ հաջողվեց պարզել նաեւ, թե ովքեր են կանգնած իր արժանապատվությունը 3 մլն դրամ գնահատած Խաչիկ Խաչատրյանի թիկունքում: Պարզվում է՝ նրա հովանավորներն են՝ Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ), Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ Ս. Սարգսյանի առաջին փեսա Միքայել Մինասյանը: Հասկանալի է, որ այս երեք անձինք Խ. Խաչատրյանի միջոցով փորձում են նախընտրական շրջանում անել ամեն ինչ` «Ժողովուրդ» օրաթերթը փակելու համար: Ասել է թե՝ «Ժողովուրդ» օրաթերթը կանգնած է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի, հարազատ փեսայի ու քավորի կոկորդներին: Բայց շտապենք հիասթափեցնել` «Ժողովուրդ»-ը կշարունակի աշխատել:




Լրահոս