«ՄԱԿԵՅԱՆԸ ԿԵՐԱԶԵՐ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՈՒԶԵԻՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը եւ քաղխորհրդի անդամ Պետրոս Գեւորգյանն օրերս հայտարարություն էին տարածել, որում կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին մեղադրում էին ԺՀԿ քաղխորհրդի հունվարի 19-ի նիստը «խորամանկորեն վիժեցնելու», յուրայիններով հունվարի 13-ին նիստ գումարելու եւ ներկաներին թյուրիմացության մեջ գցելու համար:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ԺՀԿ քաղխորհրդի անդամ Պետրոս Գեւորգյանի հետ՝ պարզելու, թե, ի վերջո, երբվանից են տարաձայնություններ առաջացել իրենց կուսակցությունում:
-Տարաձայնությունները սկսվել են մոտ վեց ամիս առաջ, երբ Պետրոս Մակեյանը փորձում էր բարեփոխումների անվան տակ տարբեր գործողություններ իրականացնել: Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ էր հանդես գալիս, բայց չէր ցանկանում, որ դա իր անվան հետ կապվեր: ԱԺ ընտրություններից հետո հայտարարում էր, թե մենք ՀԱԿ-ից դուրս չենք գա, բայց իր բոլոր գործողությունները ՀԱԿ-ի դեմ էին ուղղված: Հիմա ես կուզենայի խոսել նաեւ կուսակցության ներսում կատարվող իրադարձությունների մասին: Կուսակցությունն ունեցել է գրասենյակ, Մակեյանը որոշ ժամանակ հետո մեր գրասենյակը մի քանի մարդկանց վարձով տվեց: Եվ մենք մեր հաղորդագրության մեջ հարց ենք ուղղել, թե որտեղ է մեր գրասենյակը, կուսակցությունը փողոցում է հայտնվել:
-Դուք հայտարարել եք, որ Մակեյանը բարոյական իրավունք չունի ղեկավարելու կուսակցությունը, ինչո՞ւ վաղուց չէիք ասում, որ նա լավ ղեկավար չէ:
-Մենք հարց ենք ուղղում՝ գրասենյակը 99 տարով պայմանագիր է ունեցել, բայց հիմա այդ գրասենյակը չկա: Մեր բարձրացրած հարցից հետո Մակեյանը սկսեց տեղեկություններ տարածել, անձնական վիրավորանքներ հասցնել մեզ՝ փոխարենը չփորձելով մեր հարցին պատասխանել: 2007թ. ընտրություններից հետո «Իմփիչմենթ» դաշինք ձեւավորվեց, ուրեմն վիճակահանություն տեղի ունեցավ, որի ժամանակ հայտնի քաղաքական գործիչ Գագիկ Ներսիսյանը, որը կուսակցության համար մեծ ներդրումներ ունի, վիճակահանությամբ երկրորդ տեղն էր զբաղեցնում: Բայց Պ. Մակեյանը չգիտեմ որտեղ տարավ համամասնական ցուցակը, ու Գ. Ներսիսյանին ցուցակից հանեցին: Ներսիսյանն էլ, իմանալով այս մասին, դիմում գրեց ու կուսակցությունից դուրս եկավ: Իսկ երբ ես Մակեյանին հարցրի, թե ինչու է հանել, ասաց՝ ասացին, հանեցի: Անգամ այդ ժամանակ մեր կուսակցության անդամներից Կիրակոսյան Արմենը Մակեյանին անվանեց ստախոս, իսկ Ներսիսյանն էլ հայտարարեց, որ ինքը Մակեյանի հետ ճանապարհ չունի գնալու, քանի որ նա խարդախ է:
-Բայց Պ. Մակեյանը հայտարարել է, որ կարող եք գնալ կուսակցության քաղխորհրդի նիստին ու հնչեցնել Ձեզ հուզող հարցերը, ինչո՞ւ եք խուսափում այդ հանդիպումից:
-Ես հիմա մի բան ասեմ, մենք հրաժարական չենք պահանջում, մենք ընդամենն ասում ենք՝ պարո՛ն Մակեյան, արդեն 14 տարի է՝ դու ղեկավարում ես մեր կուսակցությունը, բայց մենք մինչեւ հիմա կուսակցության գրասենյակ չունենք, կուսակցության անդամներ են դուրս եկել, բա դա կուսակցության քանդո՞ւմ չէ: Մենք ասում ենք, որ դու բարոյական իրավունք չունես այդ կուսակցության ղեկավարը լինելու: Ինքը կերազեր, որ մենք իր հրաժարականը պահանջեինք:
-Դուք Ձեր այդ «կազմաքանդիչ» հայտարարությունից առաջ հանդիպե՞լ եք ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ:
-Ես Աջափնյակի շտաբի պետն եմ, եւ ամեն րոպե Լեւոն Զուրաբյանը կարող է զանգահարել ինձ, ու ես նրա հետ հանդիպեմ:
-Լուրեր կան, որ Լ. Զուրաբյանն է «պատրաստել» Ձեր եւ Ղուկաս Մեհրաբյանի հայտարարությունը:
-Իհարկե Լ. Զուրաբյանը կապ չունի այդ հայտարարության հետ, ու մենք էլ այդպիսի մարդիկ չենք, որ գրեն տան, մենք էլ տարածենք: Դա ուղղակի զառանցանք է: Ես ասում եմ՝ սա բանսարկու, խարդավանքի ձեւ է, ուզում է շիլաշփոթ սարքել, ծածկադմփոց սարքել, որպեսզի կարողանա կուսակցությունը հանել ՀԱԿ-ից: Ու դա անում է քայլ առ քայլ: Ու դեռ ԱԺ ընտրությունների ժամանակ Մակեյանն ասում էր, որ եկե՛ք աճուրդին չմասնակցենք, բայց երբ Լ. Զուրաբյանն ինչ-որ մի տեղ էր առաջարկում, նա շատ արագ գցվում էր այդտեղ՝ իր թեկնածությունն առաջադրելու համար: Բա ինչի՞ էր էդ դեպքում համաձայնում, բա ինքն է մասնակցել էդ աճուրդին: Ուղղակի վերջին ժամանակներս նաեւ մոդա է դարձել Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատելը, թվում է՝ իրենք դրանով աչոկ են հավաքում:
-Բայց Մակեյանն էլ ասաց, որ Լ. Զուրաբյանը կուսակցական չէ եւ իրավունք չունի թելադրել կուսակցություններին:
-Ես որեւէ բան չեմ ցանկանում այդ մասին խոսել:
-Լավ, իսկ ո՞րն է լինելու ձեր հետագա քայլը:
-Մենք դեռ ժամանակ ունենք ու կորոշենք՝ ինչ ենք անելու:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս