Վերջին օրերին տեղեկություններ ստացանք այն մասին, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բավական սերտ հարաբերություններ ունի «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ: Եվ Խ. Խաչատրյանը նաեւ նրան է պարտական իր այսօրվա կարգավիճակի եւ ունեցվածքի համար: Ու քանի որ բոլոր հարցերում Վիգեն Սարգսյանը կանգնած է Խ. Խաչատրյանի թիկունքին, ուստի երեկ փորձեցինք մի քանի հարց ուղղել նրան՝ պարզելու՝ արդյոք «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցն էլ է հովանավորվում Վ. Սարգսյանի կողմից: -Պարո՛ն Սարգսյան, Ձեր մտերիմ Խաչիկ Խաչատրյանը դատի է տվել «Ժողովուրդ» օրաթերթին… -Ուզում եք խնդրեմ, որ դատի չտա՞: -Ընդամենը ուզում եմ հարցնել, թե Դուք ինչպես եք վերաբերվում Ձեր ընկերոջ արած քայլին: -Ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչ քայլի է դիմել: Բայց կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկն ինչ-որ մեկին դատի է տվել, դրա մասին կարծիք հայտնելը շատ անշնորհակալ գործ է: Կա՛մ մեկը կնեղանա, կա՛մ մյուսը: Դրա համար գնացե՛ք ու դատարանում ձեր հարաբերությունները պարզեք: Ի՞նչ կարծիք հայտնեմ: -Ճի՞շտ է արել արդյոք, Ձեր տեսակետը հայտնեք… -Դուք ինձ կհարգեի՞ք, եթե ես դատական գործի մասին տեսակետ հայտնեի՝ չիմանալով, թե ինչի մասին է խոսքը: Բացարձակ տեղյակ չեմ ու առաջին անգամ Ձեզնից եմ լսում: Ու Դուք զանգահարել եք ինձ աշխատանքային ժամին Ձեր մասնավոր գործով: Իսկ պետությունն ինձ դրա համար չի վճարում, որպեսզի ես Ձեր գործերով զբաղվեմ: -Մասնավոր չէ, արդեն երկու օր է՝ հանրային է դարձել: -Սիրելի՛ բարեկամ, Դուք ինձ կոչ եք անում, որ ես՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարս, չկայացած դատական վճռի մասին կարծի՞ք ասեմ: Դուք այն պետությունը կհարգե՞ք, որտեղ աշխատակազմի ղեկավարը դատական գործի մասին, որ դեռ պետք է կայանա, կարծիք արտահայտի: Ցտեսություն, լա՛վ մնացեք: Հ.Գ. Կարծում ենք՝ բոլորի համար էլ հասկանալի դարձավ, որ Վիգեն Սարգսյանն առնվազն դեմ չէ, որ իր ընկեր Խաչիկ Խաչատրյանը, 3 մլն դրամի պահանջ ներկայացնելով եւ օրաթերթի գույքն արգելանքի տակ դնելով, հաշիվները մաքրի «Ժողովուրդ»-ից: Ա՛յ հիմա հասկանալի է, թե ինչու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ափինյանը Ձվերի Խաչիկի օգտին նման որոշում կայացրել: Հայաստանում բոլորին է հայտնի, որ «ամենաանկախ» դատարաններն ուղղորդվում են ՀՀ նախագահի նստավայրից: Ինչպես ասում են, «Ժողովուրդ» օրաթերթը փակելու գործընթացն իրականացվում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո»: Հետո էլ ասում են՝ ապահով Հայաստան: