ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԸ` ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պետական պաշտոն ունենալը նշանակում է արագ ու անպատիժ հարստանալու հնարավորություն ձեռք բերել: Այս են վկայում նաեւ պաշտոնական փաստաթղթերը:
«168 ժամ»-ը, հայաստանյան շուրջ 70 փորձագետների ու տարբեր պաշտոնյաների հետ խոսելով, հրապարակել էր Հայաստանի 10 ամենահարուստ անձանց ցուցակը: Այն ունի հետեւյալ հերթականությունը. Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, Գագիկ Խաչատրյան, Հովիկ Աբրահամյան, Ռուբեն Հայրապետյան, Տիգրան Սարգսյան, Մաքսիմ Հակոբյան եւ Խաչատուր Սուքիասյան:
Նկատեցի՞ք. Հայաստանի 10 ամենահարուստ անձանց թվում տեղ են գտել նաեւ պետական ներկա ու նախկին պաշտոնյաներ: Ու եթե Գ. Ծառուկյանի, Ս. Ալեքսանյանի, Ռ. Հայրապետյանի, Մ. Հակոբյանի ու Խ. Սուքիասյանի հայտնվելն այս ցուցակում ինչ-որ տեղ կարելի է համարել բնական, որովհետեւ նրանք համարվում են գործարար, բիզնեսով զբաղվել են մինչեւ ԱԺ պատգամավոր դառնալը, ապա Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի անունները լավ բանի մասին չեն խոսում:
Այսինքն` Գ. Ծառուկյանը կամ Ս. Ալեքսանյանը կարող են արդարանալ, թե իրենք ժամանակին «բիզնես են դրել», հետո ԱԺ պատգամավոր դառնալով՝ իրենց սեփականությունը հավատարմագրային կառավարման հանձնել ազգականներին: Թե որքանով է դա իրականությանը համապատասխանում կամ որքանով են այդ անձինք ազնիվ եղանակով վաստակել իրենց գումարները, այլ հարց է: Փաստն այն է, որ նրանք համարվել ու համարվում են գործարար: Բայց այլ խնդիր է, երբ Հայաստանի ամենահարուստ անձանց թվում են Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը, Հ. Աբրահամյանը, Տ. Սարգսյանը, Գ. Խաչատրյանը. այս անձինք ՀՀ 21-ամյա պատմության մեջ մշտապես զբաղեցրել են պետական տարբեր պաշտոններ. նրանց պաշտոնական կենսագրության մեջ որեւէ խոսք չկա բիզնեսով զբաղվելու մասին:
Ռ. Քոչարյանը եղել է ԼՂՀ նախագահը, այնուհետեւ` 1997թ., նշանակվել է ՀՀ վարչապետ, 1998թ. դարձել ՀՀ նախագահ` պաշտոնավարելով 10 տարի: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ նա ունի մոտ 4 մլրդ դոլարի ունեցվածք:
Ս. Սարգսյանը 1993թ. ՀՀ-ում նշանակվել է պաշտպանության նախարար, այնուհետեւ` ՆԳ, ԱԱ նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, դարձյալ ՊՆ, վարչապետ, հիմա էլ զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը: Այսօր Ս. Սարգսյանը հայտարարագրել է 108 միլիոն 400 հազար դրամի ունեցվածք, նաեւ` բանկում փոխառնությունից ստացված տոկոսներ` ավելի քան 10 մլն դրամի չափ: Ուշագրավն այն է, որ 2008թ. հետո նրա դրամական ունեցվածքն ավելացել է 50,4 միլիոն դրամով:
Հ. Աբրահամյանն էլ եղել է Արտաշատի քաղաքապետ, հետո` Արարատի մարզպետ, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, հիմա էլ ՀՀ ԱԺ նախագահն է: Տարբեր պետական պաշտոններ զբաղեցրած այս անձի բանկային հաշվեհամարին, ըստ նրա հայտարարագրի, 2012թ. մարտի 1-ի դրությամբ եղել է 2,5 մլն դոլար, նա հսկայական եկամուտ է ստանում գյուղամթերքի իրացումից` մոտ 40 մլն դրամի չափ:
Տ. Սարգսյանն էլ ժամանակին եղել է դասախոս, բանկերի ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԿԲ նախագահ, վարչապետ: Ասել է թե՝  նա եւս պաշտոնապես երբեւէ չի զբաղվել բիզնեսով: Իր համեստ աշխատանքի արդյունքում նա 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ հայտարարագրել է 870 հազար դոլար եւ 35 մլն դրամ, բացի այդ, տարեկան 31 մլն դրամի եկամուտ տարբեր բանկերում ներդրած ավանդներից ստացված տոկոսներից:
ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը եւս ՀՀ անկախացումից հետո տարբեր պաշտոններ է զբաղեցրել. եղել է Շենգավիթի գործկոմի նախագահի տեղակալ, ԱԺ պատգամավոր, ԱԺ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Ու չնայած այս ամենին՝ նրա ունեցվածքը գնալով ավելացել է. բանկային հաշվին, ըստ հայտարարագրի, ունի 5 մլն դրամ ու 20 հազար դոլար, հասցրել է ձեռք բերել տներ, «ԳԱՎԵՔՍ» ՍՊԸ բաժնետոմսերը:
Ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանը ՀՀ անկախացումից հետո տարիներ շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել հարկային մարմիններում` հարկայինի տարածքային տեսչության պետի տեղակալից հասնելով ՊԵԿ նախագահի պաշտոնին: Խաչատրյանի ունեցվածքը պաշտոնական դիրքի բարձրացմանը զուգահեռ գնալով ավելացել է. եթե 2009թ. նա հայտարարագրել է 53 մլն դրամ, ապա 2011թ. ունեցել է 278 մլն դրամ, 2,9 մլն դոլար եւ այսպես շարունակ:
ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանն էլ է մշտապես զբաղեցրել պետական պաշտոններ. սկզբում եղել է դպրոցի փոխտնօրեն, այնուհետեւ՝ տնօրեն, ԱԺ պատգամավոր, Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի խորհրդական, արդարադատության փոխնախարար, նախարար, իսկ հիմա` ԱԺ պատգամավոր: Պետական օղակներում տարբեր պաշտոններ զբաղեցրած Դ. Հարությունյանի մոտ էլ եկամուտները գնալով աճել են. 2009թ. ունեցել է 3 մլն դրամի եկամուտ, 2011թ. նրա հաշվեհամարին եղել է 5 մլն դրամ եւ 20 հազար դոլար: Բացի այդ, Հարությունյանն ունի ավելի քան 8 մլն դրամ արժողության հնաոճ իրեր, կտավներ, ոսկյա եւ արծաթյա դրամներ:
Վերջերս մեծ աղմուկ հանեց նաեւ նախկինում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, հիմա Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի ունեցվածքը. իր աշխատանքային կարիերան սկսել է ԱԺ-ից` 1993թ. դառնալով Գերագույն խորհրդի քարտուղարի օգնական, հասել մինչեւ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը: Նա էլ հայտարարագրել է 395 հազար դոլար, 192 հազար եվրո, 19 մլն ռուսական ռուբլի:
Այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել. հսկայական ունեցվածք ունեն գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Ու հիմա հարց է առաջանում. այդ մարդկանց որտեղի՞ց այսքան գումար, եթե իրենք ձեռներեցությամբ չեն զբաղվել, այլ մշտապես զբաղեցրել են պետական պաշտոններ: Իսկ միգուցե պետական պաշտոնին զուգահեռ զբաղվել են բիզնեսով, միգուցե հավելյալ` սեւ եկամուտ են ունեցել, ասել է` կոռումպացված են: Միգուցեները շատ են…

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս