Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ինքնաշեն վերելակի վթարի հետ կապված գործն արդեն ուղարկվել է դատարան: Նշենք, որ այս գործով մեղադրվում էր «Արտնորոգշին» ընկերության տնօրեն Արայիկ Հարությունյանը: Ինչպես մենք տեղեկացրել էինք, նրա նկատմամբ նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել որպես խափանման միջոց ընտրել կալանքը, որը, սակայն, դատավորը մերժել էր: Տնօրենը հիմա ազատության մեջ է: Ա. Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Դավիթաշենի Սասնա ծռեր 2 հասցեի նորակառույց շենքի ինքնաշեն վերելակի վթարի հետեւանքով երկու մարդ էր զոհվել, եւս երկուսը բազմակի վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Պարզվել էր, որ շենքի ինքնաշեն բեռնատար վերելակը գրանցված չի եղել ԱԻՆ ռեեստրում եւ փորձաքննություն չի անցել: Բեռներն իջեցնելու պահին այն 19-րդ հարկից պոկվել ու ընկել էր վերելակի հորանը: Տեղեկացնենք, որ նորակառույց շենքը պատկանում է «Ռենշին» շինարարական-ներդրումային ընկերությանը:
ԱՐԴԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ