«Գոտկատեղից ներքև» հումորներ փորձում ենք չանել. Գրիգոր Դանիելյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է, որ օգոստոսի վերջին կմեկնարկեն «Ֆուլ հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանի նկարահանումները: Նախագիծը եթերում կլինի սեպտեմբերի 14-ից: «Ժողովուրդ»-ը սիթքոմի դերասան եւ սցենարիստ Գրիգոր Դանիելյանից հետաքրքրվել է իր կերպարին առնչվող իրադարձությունների զարգացմամբ: Դերասանը խոսել է նաեւ հումորի ասպարեզում նոր գաղափարների պակասից, դրա պատճառներից եւ այլ թեմաներից:

-Գրիգո՛ր, «Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանում Ձեր կերտած կերպարի` Մուշեղի շուրջ իրադարձությունների ի՞նչ զարգացումներ են սպասվում: Հնարավո՞ր է, որ, օրինակ, Տամարայի հետ նրա հարաբերությունները բոլորովին նոր, անսպասելի հունով ընթանան:

-Ասեմ, որ հեռուստադիտողների համար հետաքրքիր սեզոն է սպասվում, փորձել ենք այնպես անել, որ սիթքոմն իր համն ու հոտը չկորցնի, նոր կերպարների կտեսնենք նոր իրավիճակներում: Նաեւ նոր զարգացումներ կան՝ կապված կերպարների փոխհարաբերությունների հետ, սակայն դեռեւս չենք կարող փակագծերը բացել: Շատ է լինում, որ պատահական մարդիկ տեսնում, հարցնում են` բա Տամարայի հետ ե՞րբ ես ամուսնանալու, մեծ կանայք էլ ասում են` շատ ես էդ աղջկան տանջում…Արդեն ինձ չեն հարցնում, թե ոնց եմ, ասում են` ո՞նց ես, Մուշե՛ղ (ծիծաղում է):

ullllllll

-Վերջերս տեղի ունեցած ավտովթարից հետո սիթքոմի դերասանուհի Անի Երանյանին տեսակցե՞լ եք, նա կրկին կխաղա՞ «Ֆուլ հաուս»-ում, թե՞ արդեն ոչ:

-Անին անպայման ընդգրկվելու է նոր եթերաշրջանի նկարահանումներում, այդ առումով ոչինչ չի փոխվել: Ու թեեւ որոշ լրատվամիջոցներ թյուր տեղեկություններ տարածեցին հակառակի վերաբերյալ, Անին շարունակելու է լինել եթերում, նրա տրամադրվածությունը լավ է, ֆիզիկապես մի քիչ թույլ է, բայց հիմա բժիշկների վերահսկողության ներքո է, հոգեբանորեն էլ պատրաստ է աշխատանքի անցնելուն:

-Դժվար չէ՞ միաժամանակ սիթքոմի սցենարիստ եւ դերասան լինելը: Այս հանգամանքն ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:

-Դա իրականում օգնում է, որ ավելի լավ խաղանք, քանի որ, լինելով սցենարիստ, ես պատկերացնում եմ, թե ինչ է անում իմ կերպարը, նկարահանման հրապարակում կարողանում եմ դերասաններին ճիշտ ուղղորդել: Սիթքոմի հաջողության գրավականներից մեկն էլ հենց դա է:

-Ինքներդ Ձեզ համար ներքին գրաքննություն մշակե՞լ եք: Սցենարիստի պարտավորություններն այդ առումով, թերեւս, ավելի շատ են…

-Դե, օրինակ` «գոտկատեղից ներքեւ» հումորներ փորձում ենք չանել: Ի դեպ, ամենահեշտ բանը նմանատիպ հումոր գրելն է, բայց մենք ինքներս մեր առջեւ որոշակի սահմաններ ենք դրել: Այդ հանգամանքը դժվարացնում է մեր աշխատանքը, սակայն մենք դրան պատրաստ ենք:

grrgg

-Գրիգո՛ր, ի՞նչ է հարկավոր, որ հումորը մեզ մոտ նույնական բնույթ չկրի, նոր գաղափարներ, նոր մտածողություն ծնվի:

-Այսօր մեր ասպարեզում շատ քիչ մարդիկ կան, որոնք աշխատում են որպես սցենարիստ: Ինչ վերաբերում է կոնկրետ մեզ, ապա մենք փորձում ենք անել հնարավորը, որ սիթքոմը հաջողվի (ի դեպ, արդեն ԱՊՀ երկրներից ունենք սիթքոմի սցենարը գնելու վերաբերյալ բավական մեծ թվով առաջարկներ):
Իսկ մեր ոլորտի սցենարական խմբերին մեկ ձեռքիս մատների վրա կարելի է հաշվել: Ուստի կասկածելի է` նոր սերունդ կգա՞, որ իրավիճակ փոխի, թե՞ ոչ: Խնդիրներից մեկն էլ այն է, որ հումորի դպրոց չունենք: Ես, օրինակ, КВН-ի հիմքի վրա դաստիարակված հումորիստ եմ, այսօր էլ կա КВН-ի ուսանողական լիգա, դպրոցական լիգա, ի դեպ, դրանց շրջանակներում մեծ թվով դեմքեր են ի հայտ եկել, որոնց դուք հեռուստատեսությամբ արդեն տեսել եք: Միակ հույսը սա է, իսկ թատերական ինստիտուտում, ցավոք, հումորի ասպարեզի սցենարիստների չեն պատրաստում:

11015460_870525602990598_8085616868509723996_n

-Բայց КВН-ային հումորն էլ տարիների ընթացքում որակապես տուժել է…

-Այո՛, բնականաբար, սերունդը ծուլացել է, եթե նախկինում մենք գիշեր-ցերեկ աշխատում էինք առանց գումարի, միայն էնտուզիազմի հաշվին, ապա այսօր այդ միտումը նվազել է: Ինչպես ցանկացած դեպքում, այս պարագայում էլ հաջողություն ունենալու նախապայմանը համարում եմ աշխատասիրությունը: Սա է ելքը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս