Հունվարի 23-ին՝ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցում գտնվող «7 կադր» սրճարանում կրակոցներ են հնչել: Միջադեպի արդյունքում սրճարանից տասից ավելի երիտասարդներ բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին: Կրակոցներից տուժածներ չկան:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց «7 կադր» սրճարան: Փորձեցինք զրուցել սրճարանի տնօրեն Արման Արոյանի հետ, բայց վերջինս տեղում չէր, եւ աշխատակիցները չկարողացան հստակ ասել, թե նա երբ կգա աշխատավայր: Սակայն սրճարանի փոխտնօրեն Դավիթը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: «Նման միջադեպ եղել է մեզ մոտ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, բարեբախտաբար, տուժածներ չկան»,-նշեց Դավիթը` չցանկանալով այլ մանրամասներ հայտնել: «Մեր տնօրենը շատ զբաղված է եւ չի ցանկանում այս միջադեպի հետ կապված որեւէ մեկնաբանություն տալ»,-ասաց նա` պարզաբանելով, թե տղաներին բերման են ենթարկել ոստիկանություն, եւ ինքը ավելացնելու ոչինչ չունի: Փոխտնօրենից տեղեկացանք նաեւ, որ սրճարանը շուրջօրյա չէ եւ աշխատում է առավոտյան ժամը 8:00-ից մինչեւ գիշերը 24:00-ն:
Ըստ ոստիկանության կայքում առկա տեղեկատվության՝ բերման ենթարկված երիտասարդներն են՝ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ 36-ամյա Վաղինակ Ղազարյանը, որն «Ավա եւ Ա» ՍՊԸ-ի տնօրենն է, 36-ամյա Մուշեղ Առաքելյանը, 26-ամյա Արմեն Հայրապետյանը, Երեւանի Աբովյան փողոցի բնակիչներ 38-ամյա Արմեն Ղազարյանը, 40-ամյա Արման Հովսեփյանը, Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 23-ամյա Գեւորգ Երիցյանը, Ռոստոմի փողոցի բնակիչ 26-ամյա Արթուր Մաթեւոսյանը, Սասունցի Դավիթ փողոցի բնակիչ 28-ամյա Միխայիլ Մարտիրոսյանը, Անդրանիկի փողոցի բնակիչ 36-ամյա Արթուր Աբգարյանը, Դավիթաշեն թաղամասի բնակիչներ 37-ամյա Վահրամ Հակոբյանը եւ 36-ամյա Գարի Մկրտչյանը:
Նշենք, որ ոստիկանության բաժնում խուզարկության ժամանակ Գարի Մկրտչյանի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ պահունակով` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով, իսկ Արթուր Աբգարյանի մոտ` «Աուտո C 5» գազային ատրճանակ` 4 փամփուշտով: Սրճարանում կրակել է Գարի Մկրտչյանը:
shamshyan.com կայքից տեղեկանում ենք, որ այդ օրը Գ. Մկրտչյանը 2 ընկերների հետ սրճարանում նշել է իր ծննդյան տարեդարձը: Պատվիրել է խմորեղեն, խմիչք եւ արդեն գինովցած` «Մակարով» տեսակի ատրճանակից մեկ անգամ օդ է կրակել, որից հետո մոտեցել է հարեւան սեղանին նստած իր ընկերներին եւ մեկ անգամ էլ կրակել: Սրճարանում ֆոտոլրագրողին պատմել են, որ երկրորդ կրակոցից հետո Մկրտչյանը բարձրաձայն գոռացել է. «Այսօր իմ ծնունդն է, տժժալու ենք բոլորս եւ սրճարանում Գյումրվա տրնգի ենք պարելու»:
Ինչպես արդեն նշեցինք, բերման ենթարկված երիտասարդներից երեքն Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ են: Կատարվածի կապակցությամբ զրուցեցինք Նորաշենի գյուղապետ Արտուշ Սարգսյանի հետ: Վերջինիս խոսքով՝ ինքը դեպքի մանրամասներին ծանոթ չէ, քանի որ քաղաքից բացակայել է, եւ իրեն այդ մասին տեղյակ են պահել իր աշխատակիցները: «Տղաները նորմալ երիտասարդներ են, ես իրենց ճանաչում եմ: Դե հիմա երեւի մի քիչ գինովցել են ու նման բան արել, ի՞նչ իմանանք»,-ասաց Ա. Սարգսյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) եւ 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանությունը, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով) հատկանիշներով: Ատրճանակները եւ գտնված պարկուճն ուղարկվել են փորձաքննության: Գ. Մկրտչյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
ԿՐԱԿՈՑՆԵՐ «7 ԿԱԴՐ» ՍՐՃԱՐԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ