Թիմային հաշվարկով Երևանը զբաղեցրել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի առաջին հորիզոնականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական ամառային վեցերորդ խաղերի փակման հանդիսավոր արարողության շրջանակում Համահայկական խաղերի դրոշը ի պահ է տրվել Երևանին, որը հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Օգոստոսի 2-ից 13-ն անցկացվող մարզական այս խոշոր ստուգատեսը միավորել էր աշխարհի 36 երկրի 175 քաղաքներից ժամանած 6352 մարզիկների: Խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, բազմաթիվ երևանցիներ ու մայրաքաղաք այցելած հյուրեր:

Ողջունելով և շնորհավորելով Համահայկական ամառային վեցերորդ խաղերի մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ համայն հայության մայրաքաղաք Երևանի  դռները միշտ բաց են յուրաքանչյուր  հայի առջև: Քաղաքապետը նաև նկատել է, որ մարզական այս մեծ տոնը հազարավոր հայերի համար դարձավ յուրօրինակ հնարավորություն ոչ միայն հայրենիք այցելելու, այլև նորանոր ընկերներ ձեռք բերելու:

«Երևանը հայտնի է իր ջերմությամբ ու հյուընկալությամբ, սակայն դուք հյուր չեք Երևանում այն բոլորիս տունն է, համայն հայության մայրաքաղաքը, որի դռները միշտ բաց են հայի համար: Վստահ եմ, որ սիրեցիք Երևանը, հիացաք նրա հայկական գեղեցկությամբ, գնահատեցիք մեր պապերից ու հայրերից ժառանգածը: Այսօր հայոց մայրաքաղաքի շենացման նվիրական գործին լծված է նոր սերունդը, երիտասարդությունը: Մասնակիցը դարձեք նաև դուք, որով և Երևանը առավել հոգեհարազատ կդառնա ձեզ: Երևանի քաղաքապետարանն արել էր հնարավորը Համահայկական խաղերի պատվիրակությունների, մեր հայրենակիցների առօրյան Երևանում գեղեցիկ դարձնելու համար, երեկոյան Երևանը վայելելու համար: Տոնական այս օրերին շատերդ միմjանց գտաք ու վերագտաք, խաղերից ու մրցակցությունից բացի, նաև միմյանց ճանաչեցիք ու արժևորեցիք: Այն առավել մեծ արժեք է դառնում, քանզի ձեր մտերմությունը կայացավ մայր հայրենիքում, քաղաքամայր Երևանում: Երևանյան ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին: Մենք հպարտ ենք աշխարհի հայ երիտասարդությամբ, նրանց նկատելի տաղանդով ու շնորհներով, մրցունակ ներուժով, ու նրանց մասնակցությամբ առավել շեն ու կայուն է լինելու մեր հայրենիքը, առավել հմայիչ` մեր մայրաքաղաքը: Բարի վերադարձ  եմ մաղթում ամենքիդ: Երևանը միշտ սպասելու է ձեզ: Բարով գաք Երևան»,- ընդգծել է քաղաքապետը:

Մարզական այս խոշոր ստուգատեսին, ի դեպ, Երևանի շուրջ 500 մարզիկներից կազմված պատվիրակությունն ակտիվ մասնակցություն ունեցավ՝ ստանալով ամենաշատ պարգևները: Երևանյան թիմի մարզիկներն արժանացել են 51 ոսկե, 42 արծաթե և 47 բրոնզե մեդալների, ինչի շնորհիվ թիմային հաշվարկով Երևանը զբաղեցրել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի առաջին հորիզոնականը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 




Լրահոս