Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 237 քաղաքացիներից 16-ը տուժող են ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, մեկ ամսից ավել քննելով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիան բռնի կերպով ցրելու ոստիկանական գործողությունները, վերջապես հանգել է այն եզրակացության, որ բերման ենթարկված 237 քաղաքացիներից 16-ը տուժող են:

Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները 2015 թվականի հունիսի 22-ին փակել էին Բաղրամյան պողոտան եւ պահանջում էին Սերժ Սարգսյանին չեղարկել Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը: Եվ հունիսի 23-ի լուսադեմին ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրեցին բողոքի ակցիան՝ բռնություն գործադրելով ինչպես լրագրողների, այնպես էլ՝ քաղաքացիների նկատմամբ:

Ըստ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պաշտոնական տվյալների` ոստիկանական տարբեր բաժիններ էին տարվել 237 քաղաքացիներ, որոնց մեջ կային նաեւ լրագրողներ:

Նշենք, որ մեծամասամբ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ու կարմիր բերետավորներն էին բռնություն գործադրել լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ, կոտրել մեր գործընկերների տեսախցիկները, լուսանկարչական սարքերը, առգրավել հիշողության քարտերը: Այդ ամենը հաստատող տեսանյութերն ու լուսանկարներն առկա են:

Եվ ահա հրապարակված տեսանյութերը տասը օր ուսումնասիրած Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 3-ին պաշտոնական լիազորություններն անցնելու հիմքով քրեական գործ հարուցեց ոչ միայն լրագրողների, այլեւ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների առիթով:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ անցած մեկ ամսվա ընթացքում Հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել բազմաթիվ քաղաքացիներ եւ լրագրողներ, որոնք հարցաքննվել են եւ ցուցմունք տվել: Իսկ մինչ այդ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին էր ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակել, որի արդյունքում 12 ոստիկան ենթարկվեցին պատասխանատվության: Նշենք, որ ոստիկանության ծառայողական քննության արդյունքները եւս ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ վերջնական գնահատականը տալու համար:

Եվ ահա, «Ժողովուրդ»-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնությունների առթիվ հարուցված քրեական գործի ընթացքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը նշված օրը ոստիկանություն բերման ենթարկված 237 քաղաքացիներից տուժող է ճանաչել ընդամենը 16 անձի: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տուժողներից 12-ը լրագրողներն են: Ստացվում է, որ հունիսի 23-ին մասսայաբար բռնության ենթարկված քաղաքացիներից ընդամենը 4-ն են տուժող: Մնացած բոլորին «գրկած են տարել» ոստիկանական բաժանմունքներ, ինչպես հայտարարում էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Մինչդեռ բազում հրապարակումներ են եղել այն մասին, որ հունիսի 23-ին Ազատության հրապարակից բերման ենթարկած լրագրողներն ու օպերատորները՝ 1in.am-ից՝ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը, Գոռ Հովհաննիսյանը, Panarmenian.net-ից՝ Նիկոլայ Թորոսյանը, անկախ լրագրող Գեւորգ Ղազարյանը, «Ազատություն» ռադիոկայանից՝ Արթուր Պապյանը, Սիսակ Գաբրիելյանն ու Գարիկ Ազիբեկյանը եւ ilur.am-ից՝ Հակոբ Կարապետյանը, բռնության էին ենթարկվել: Ըստ էության, նրանք տուժողների ցանկում են:

Նկատենք, որ 3-4 տուժող քաղաքացիներով գործը քննելու ՀՔԾ-ի ձգտումն առնվազն զավեշտալի է, քանի որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից լրատվամիջոցներին դեռ այդ օրերին հայտնել էին, որ տեղի ունեցած բախումներից հետո իրենց մոտ է տեղափոխվել 13 քաղաքացի, որոնք համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել: Ընդ որում, նրանց մեջ լրագրողները չկային կամ երկու-երեք հոգի էին: Եվ սա միայն «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տվյալներն են, սակայն այլ հիվանդանոցներում եւս, վստահաբար կարելի է ասել, եղել են ոստիկանական գործողություններից տուժածներ: Բայց պարզվում է՝ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի աչքին ընդամենը 4-ն են երեւացել:

Իհարկե, չի բացառվում, որ քաղաքացիներն են հրաժարվել ցուցմունք տալ իրավապահների դեմ՝ հետագա խնդիրներից կամ հետապնդումներց խուսափելու համար: Իսկ ահա լրագրողների դեպքում պատկերն այլ է. նրանք չեն խորշել ոստիկանների դեմ մեղադրական ցուցմունքներ գրել՝ ներկայացնելով իրենց վիճակը, դրա համար էլ բոլորը տուժող են ճանաչվել: Թերեւս, լրագրողներին չի ստացվել «համոզել»:

Ինչեւէ, այս գործով ՀՔԾ-ում դեռես շարունակվում է նախաքննությունը, նշանակվել են մի շարք դատաբժշկական, ինչպես նաեւ՝ այլ փորձաքննություններ, իսկ թե ովքեր պատասխանատվության կենթարկվեն եւ, առհասարակ, դատելով ստեղծված իրավիճակից կենթարկվեն, թե` ոչ, կապրենք՝ կտեսնենք:

Քնար Մանուկյան




Լրահոս