Ավիատոմսերի շուկայում թանկացումները չեն դադարում. ինչո՞վ են զբաղված պատկան մարմինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռան ամիսներին ավիատոմսերի շուկայում արձանագրված թանկացումների շուրջ գրեթե յուրաքանչյուր օր «Ժողովուրդ»-ի խմբագրությունը ՀՀ քաղաքացիներից բողոքներ է ստանում: Մեր հարցումներն ուղղված ավիատոմսերի վաճառքով զբաղվող մի շարք ընկերությունների եւ զբոսաշրջային գործակալությունների, փաստեցին, որ թանկացումներ եղել են բոլոր ուղղություններով: Սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության եւ տնտեսական կարգավորման վարչության փորձագետ Աննա Չոբանյանը հակառակն է պնդում՝ նշելով, որ այս տարի ավիատոմսերի շուկայում գնանկում է արձանագրվել: Այս առիթով էլ «Ժողովուրդ»-ը զրուցեց Աննա Չոբանյանի հետ:

-Բազմաթիվ ավիաընկերությունների ներկայացուցիչների խոսքերով՝ այս տարվա ամռանն ավիատոմսերի սակագները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի թանկ են: Այս առումով ուսումնասիրություններ անցկացրե՞լ եք: Ի՞նչն է պատճառը, որ այս տարի ավիատոմսերն ավելի թանկ են, քան նախորդ տարի:

-Ավիատոմսերի գների բարձրացման հետ կապված համաձայն չեմ: Մենք ունենք կիսամյակային կտրվածքով ուսումնասիրություն, ըստ որի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արձանագրվել է միջինում 2.8 տոկոս գնանկում: Ես հասկանում եմ, որ 2.8 տոկոս գնանկումն այն չէ, ինչին որ ուզում ենք հասնել, բայց ամեն դեպքում էլի անկում է:

-Խնդրում եմ նշեք, թե ո՞ր կառույցի կողմից է վերահսկվում ավիատոմսերի շուկան:

-Մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք ստեղծել պայմաններ, որպեսզի լինի մրցակցություն, դրա հետեւանքով՝ գնանկում: Բայց մենք չենք կարող գնալ եւ ավիաընկերությանը պարտադրել ավիատոմսերի գինն իջեցնել: Մենք՝ որպես պետական կառույց, դրա իրավունքը չունենք: Ավիատոմսերի շուկան վերահսկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից:

-Իսկ եթե ավիատոմսերի գներն անհիմն են բարձրացված:

-Երբ կոնկրետ ավիաընկերություն չարաշահում է շուկայում իր դիրքը, այո՛, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը քայլեր պետք է ձեռնարկի: Բայց դա պետք է նախ ապացուցվի:

-Ի վերջո, ավիատոմսերի շուկայում ուսումնասիրություններ իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ:

-Մենք անընդմեջ հետեւում ենք շուկային, ավիատոմսերի գներին: Մենք երբեւէ չենք միջամտում ավիաընկերությունների գնային քաղաքականությանը: Բայց ներկայումս բանակցում ենք որոշ ավիաընկերությունների հետ, որպեսզի իրենք գան շուկա: Արդեն ունենք հայտեր ներկա ավիաընկերություններից, որոնք ավելացնում են իրենց հաճախականությունը:

-Արդյո՞ք մեր օդանավակայանի սահմանած գների պատճառով չեն մի շարք ավիաընկերություններ հրաժարվել դեպի ՀՀ չվերթներ իրականացնելուց: Ավիատոմսերի գների մեջ որքա՞ն մաս է կազմում օդանավակայանի ավիասպասարկումը, վառելիքը եւ այլն:

-Գնագոյացմանն, իհարկե, հետեւում ենք, շատ լավ տեղյակ ենք օդանավակայանի սպասարկման գներից եւ այլն: Օրինակ՝ եթե այս պահին մի ավիաընկերություն առաջարկում է բարձր գնով ավիատոմս, ապա դա չի նշանակում, որ օդանավակայանի սպասարկումը թանկ է: Այսօր շատ են կարծիքներ հնչում այն մասին, որ եթե ավիատոմսը թանկ է, ուրեմն օդանավակայանի սպասարկման պատճառով է: Բայց ես հայտարարում եմ, որ այդպես չէ: Իրականում շատ քիչ տոկոս է այն կազմում: Կոնկրետ թե որքան, այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ յուրաքանչյուր ավիաընկերություն ինչ-որ գին է առաջարկում: Նույնիսկ օդանավակայանը մեր եւ ավիաընկերությունների հետ բանակցելիս պատրաստակամ է բանակցային գործընթացի մեջ ընդգրկվել, յուրաքանչյուր ավիաընկերության առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում: Այսօր կան ուղղություններ, որոնք թանկ են, որովհետեւ մրցակցությունն է ցածր:

-Ներկայումս ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը գերադասում է դեպի եվրոպական երկրներ մեկնել Վրաստանի Թբիլիսիի օդանավակայանից, որովհետեւ այնտեղ ավիատոմսերը կրկնակի, նույնիսկ եռակի մատչելի են: Ի՞նչ կասեք այս մասին:

-Տեղեկացնեմ, որ ուղեւորների ծավալը, որն այնտեղից է մեկնում հանգստի, բավականին փոփոխվել է: Իհարկե, մենք էլ դա գիտենք եւ աշխատում ենք այդ ուղղությամբ: Դա կապված է 2005 թվականից Վրաստանում իրականացվող բաց երկնքի քաղաքականության հետ: Բացի այդ, այս շուկայում շատ մեծ ծավալ են գրավում թուրքական ավիաընկերությունները, որոնց շնորհիվ այնտեղ ստեղծվել է մրցակցություն: Մենք էլ մեր մասով ենք աշխատում, որպեսզի ներգրավենք այդ ավիաընկերություններին, որ կարողանանք մրցակցություն ստեղծել:

-Իսկ մինչ այդ դեպի եվրոպական երկրներ Վրաստանից մեկնելու դեպքում մեր քաղաքացիները տոմսի համար վճարում են 300 եվրո, մինչդեռՀայաստանում այդ նույն ուղղությամբ տոմսը վաճառվում է 900 եվրոյով:

-Համաձայն եմ: Հնարավոր է, որ Վրաստանից շատ էժան գնով մեկնեն եվրոպական երկրներ: Օրինակ՝ Եվրոպայի երկրների երկրորդական քաղաքները Վրաստանում սպասարկում է թուրքական մի բյուջետային ավիաընկերություն, որն էլ կարող է շատ ցածր սակագներ առաջարկել:

-Համեմատական ուսումնասիրություն կատարե՞լ եք Հայաստանի եւ Վրաստանի ավիաշուկաներում:

-Յուրաքանչյուր ամիս ուսումնասիրություն կատարում ենք: Մենք այնքան հարցումներ ենք ստանում այս թեմայի շուրջ, նաեւ տեղեկանում ենք, որ քաղաքացիները Վրաստանով են մեկնում հանգստի: Այո՛, համաձայն ենք՝ կան ուղղություններ, որոնք էժան են սպասարկվում Վրաստանից: Բայց բոլոր ուղղությունները չեն, կան ուղղություններ, որոնք մեր երկրով են էժան: Օրինակ՝ դեպի Մոսկվա:

-Իսկ Գյումրու օդանավակայանն այսօր որքանո՞վ է պատրաստ միջազգային թռիչքներ իրականացնել:

-Լրիվ պատրաստ է: Ունի լրիվ վերանորոգված թռիչքուղի, ավիացիոն անվտանգության վերահսկողության բոլոր մեխանիզմները, սարքավորումները: Տեխնիկապես օդանավակայանը լրիվ պատրաստ է, եւ մենք հիմա բանակցություններ ենք վարում բյուջետային ավիաընկերությունների հետ՝ Գյումրիից միջազգային չվերթների սպասարկման մասով:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս