Դեռեւս ամանորյա տոներից առաջ Երեւանում գտնվող «Արայ» եւ «Տեխնոլայֆ» խանութները sms հաղորդագրություններ էին ուղարկել բազմաթիվ քաղաքացիների` տեղեկացնելով. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրե՛ք այս հաղորդագրությունը եւ ստացե՛ք զեղչեր»: ՀՀ ՏՄՊՊՀ-ի կարծիքով՝ այս ընկերությունները անբարեխիղճ վարքագիծ են դրսեւորել սպառողների նկատմամբ: Սակայն ընկերությունների իրավաբանները հակառակն են պնդում, նրանց գնահատմամբ` ընկերությունները գործել են իրավաչափ:
47-ամյա Լարիսա Գեւորգյանը նույնպես պատկանում է այն քաղաքացիների թվին, որոնց վերը նշված ընկերությունները «մոլորեցրել» են: «Երբ ստացա այդ հաղորդագրությունը, անմիջապես զանգահարեցի նամակում նշված հեռախոսահամարով, սակայն այն անընդհատ զբաղված էր: Հաղորդագրության մեջ գրված էր, որ դուք ընտրվել եք եզակի ակցիայի մասնակից, ներկայացրե՛ք այս հաղորդագրությունը «Արայ»-ի ցանկացած վաճառասրահին եւ ստացե՛ք մինչեւ 100 հազար դրամի զեղչ: Ու հեռախոսահամարն էր գրված»,-վրդովված պատմեց տիկին Լարիսան: Նա մի քանի ժամ փորձել է կապ հաստատել, սակայն չի հաջողվել, ինչի պատճառով այդ օրն ամուսնու հետ ստիպված Էջմիածնից եկել է Երեւան. «Ներս մտանք նշված խանութ, տեղեկացա, թե հայտարարված զեղչն ինչ է, ու հիասթափված հետ եկա»:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանի խոսքով՝ «Տնտեսության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տնտեսվարողների նման վարքագիծը, այսինքն` ապրանքի գովազդման կամ վաճառքի ընթացքում կեղծ, թերի, ոչ լիարժեք տեղեկությունների նշումը, որը թույլ չի տալիս, որ սպառողն ամբողջական պատկերացում կազմի առաջարկվող ապրանքի վերաբերյալ, դիտարկվում է որպես հասարակության մոլորեցում. «Սպառողների մոտ մոլորություն է առաջացել, եւ շատերը կարծել են, որ ինչ-որ բացառիկ ակցիա կամ վիճակահանություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով իրենք դարձել են տվյալ ակցիայի հաղթող մասնակիցը: Սակայն հանձնաժողովը բողոքները ստանալուց հետո պարզել է, որ զեղչը գործել է շատ բարձր շեմ ունեցող ինչ-որ ապրանքների վրա: Պետք էր ընդամենը սպառողներին տեղեկացնել, որ զեղչը տարածվում է միայն մեկ միլիոնից ավելի կամ, չգիտեմ, որոշակի գնային շեմ ունեցող ապրանքների վրա, պետք է անպայման նշվեր, որ զեղչը չի վերաբերում բոլոր ապրանքներին, ու թերեւս պետք է հաղորդագրության միջից հանվեր «եզակի» արտահայտությունը, որովհետեւ արդեն իսկ «եզակի ակցիա» արտահայտությունը ենթադրում է, որ տվյալ խանութը միակն է, որ նման ակցիա է հայտարարում»:
Այստեղ հանձնաժողովը տեսնում է անբարեխիղճ վարքագիծ, այդ պատճառով էլ հարուցվել է վարչական վարույթ: Սակայն ՏՄՊՊՀ-ն դեռեւս ընկերություններից հիմնավոր պատճառաբանություն չի ստացել նշված փաստերի վերաբերյալ: «Չեն վիճարկել, որեւէ ռեալ հակափաստարկ չեն ներկայացրել: Բայց նախօրոք տեղեկացված են եղել, թե ինչի համար են իրենք մեղադրվում: Հանձնաժողովը հակված է մտածելու, որ կա սպառողին մոլորեցնելու ակնհայտ միտում: Սակայն դեռ ուսումնասիրությունը չի ավարտվել»,-տեղեկացրեց Գ. Սահակյանը: Նա ասաց նաեւ, որ «Վեգա» խանութն էլ է հայտնվել հանձնաժողովի տեսադաշտում, քանի որ հաճախորդներին առաջարկել է 110 տոկոս զեղչ, որն անհավանական է. «Այն ենթադրում է անվճար ապրանք՝ գումարած ապրանքի տասը տոկոսի չափով հետ վերադարձ տվյալ գնորդին»:
Նշված ընկերություններն այս պահին մեղադրվում են անբարեխիղճ վարքագծի համար, իսկ դրա պատժաչափը կազմում է ընկերության տարեկան հասույթի մինչեւ մեկ տոկոսը: Սակայն «Արայ» խանութների ցանցի իրավաբան Արա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ընկերության գործողություններն իրավաչափ են եղել: «Ընկերությունը գտնում է, որ որեւէ մեկին չի մոլորեցրել: Մենք կարծում ենք, որ ընկերության նկատմամբ որեւէ վարչական պատասխանատվություն չի կարող իրականացվել, որովհետեւ ընկերության գործողությունները եղել են իրավաչափ: Իսկ այս պահի դրությամբ սպասում ենք իրենց որոշման ընդունմանը»,-մեկնաբանեց իրավաբանը: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ընկերությունն ինչ քայլեր կձեռնարկի, եթե հանձնաժողովը տուգանք կիրառի, պատասխանեց. «Եթե հանձնաժողովն այլ դիրքորոշում ունենա, մենք ազատ ենք դիմելու դատարան եւ դատական կարգով մեր իրավունքները վերականգնելու»:
Իսկ «Տեխնոլայֆ» ընկերության իրավաբան Վահագն Բալաբեկյանը վստահեցնում է, որ հանձնաժողովը որեւէ խախտման հետ կապված պաշտոնական հայտարարություն չի արել. «Վարույթն ընդունելուց հետո նիստ չի հրավիրվել, հրավեր չի եղել: Չի ասել, որ ձեր խախտումը դրսեւորվում է հետեւյալի մեջ կամ դուք մոլորության մեջ եք գցել սպառողին»: Հարցին՝ ընդունում է ընկերությունն իր մեղքի բաժինը, թե ոչ, իրավաբանը պատասխանեց. «Ընկերությունը եթե իմանա, թե ինչի մասին է մեղքը… Ես ձեզանից եմ առաջին անգամ լսում այդ խախտման մասին: Չի կարող մեղք ունենալ»:
ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԶԵՂՋԸ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԶԵՂՋ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ