ԵԶԱԿԻ ՄԵՏԱՂԱԴՐԱՄ
«ԱՄՆ-ում անցկացված աճուրդում ռեկորդային 10 մլն դոլարով վաճառվել է 1794թ. թողարկված մեկ դոլար անվանական արժեքով եզակի արծաթե մետաղադրամ»,-հայտնում է Reuters-ը: Ազատություն խորհրդանշող կնոջ դիմապատկերով մետաղադրամի բացառիկությունը նրանում է, որ այն առաջիններից է եղել, որ ձուլվել են Ամերիկայում: Մետաղադրամի սեփականատերն է դարձել Legend Numismatic ընկերությունը:
ԿԱԽՎԵԼ Է
Թաիլանդում հայտնաբերվել է անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ռուս միլիոնատեր Պակսմա Ռախմանի 25-ամյա որդու դին` կախված: Ոստիկանները հայտնում են, որ երիտասարդն անցնում էր բուժման կուրսեր դեպրեսիայի դեմ, եւ ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել, քանի որ մարմնի վրա չկան վնասվածքներ: Կատարվում է հետաքննություն:
ԱՌԵՎԱՆԳԵԼ Է
«Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը որոնում է մի տղամարդու, որը մեքենա է առեւանգել` չնկատելով, որ ավտոմեքենայի մեջ նորածին երեխա կա»,-գրում է Росбалт-ը: Հանցագործը մեքենան գողացել է այն պահին, երբ դրա տերը դրսում զրուցել է ընկերոջ հետ: Առեւանգողը միայն րոպեներ անց է նկատել, որ մեքենայում երեխա կա: Անակնկալի եկած` նա ոստիկանություն է զանգահարել եւ հայտնել, թե որտեղ է թողել երեխային ու մեքենան, իսկ ինքը թաքնվել է ապահով վայրում:
ՊԱՅԹԵԼ Է ՕԴՈՒՄ
Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ կայծակը հարվածել է մարդատար օդանավին, ինչի հետեւանքով վայրէջքի պատրաստվող օդանավի շարժիչներից մեկն օդում պայթել է: Այդ պահին օդանավում եղել է 112 ուղեւոր: Հմուտ օդաչուների շնորհիվ օդանավը վայրէջք է կատարել: Զոհեր եւ վիրավորներ չկան:
ԾԵՐԱՑԵԼ Է
«Չինաստանում 27-ամյա կնոջ դեմքը ծննդաբերությունից կես տարի հետո ծածկվել է կնճիռներով, նա վերածվել է 60-70 տարեկան ծեր կնոջ»,-գրում է Lifenews.ru-ն: Չինուհին խոստովանել է, որ մտածել է նույնիսկ ինքնասպանության մասին, սակայն որոշել է դիմել բժիշկների օգնությանը: Բժիշկները եկել են այն եզրակացության, որ աղջկա մոտ զարգացել է հազվագյուտ անետոդերմիա կոչվող հիվանդությունը: 27-ամյա կնոջն օգնելու միակ ճանապարհը պլաստիկ վիրահատությունն է: