ՔՆՆՉԱԿԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չի պատրաստվում պատժել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործը հսկող հատկապես կարեւոր գործերի քննության վարչության դատախազ Հակոբ Ենոքյանին:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին «ՀԺ»-ն լուր էր հրապարակել, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատախազ Հակոբ Ենոքյանը փորձել է ներազդել տուժողների վրա: Ավելի ուշ պարզվել էր, որ ծեծի գործը հսկող դատախազ Ենոքյանը զանգահարել էր տուժող կողմին՝ Զաքարյանների ընտանիքի անդամներից մեկին, եւ փորձել ներազդել նրանց վրա, ինչի մասին նախաքննական մարմինը տեղեկացել էր եւ համապատասխան միջնորդություն ներկայացրել պաշտոնյայի վերադասին: ՀՀ քննչական կոմիտեն անմիջապես միջնորդություն ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դատախազի գործողությունները քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ:
Այս փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել էր նաեւ Հարութ Զաքարյանի մայրը՝ տիկին Անահիտը՝ ասելով. «Միայն հարցրել է՝ Հարությունը ե՞րբ է գալու, առողջականը ո՞նց է, ի՞նչ տեղեկություն ունենք նրա վիճակի մասին: Այդքան բան, ավելորդ ոչինչ չի ասել այդ մարդը»:
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատախազի լիազորությունների մեջ ամենեւին էլ չի մտնում նման զգացմունքային գործառույթը: Նա չպետք է կապ հաստատեր տուժողների հետ՝ թեկուզ հետաքրքրվելու համար, թե ինչ վիճակում է Զաքարյանը: Թեեւ մյուս կողմից էլ կարող է արդարանալ, թե վերահսկելու նպատակով է զանգահարել: Իսկ ի՞նչ է մտածում այս մասին ՀՀ գլխավոր դատախազը:

Ինչ բացատրություն տվեց Գեւորգ Կոստանյանին
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ ՀԿԳՎ դատախազ Հակոբ Ենոքյանը այս առիթով կանչվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ բացատրություն տալու, թե ինչու է զանգահարել տուժող Զաքարյաններին: Համենայնդեպս, Ենոքյանը խիստ անհանգստացած իր մտերիմներին հայտնել է, որ գնում է մի հեռախոսազանգի համար բացատրություն տալու: Մեզ հասած տեղեկություններով՝ դատախազ Ենոքյանն իր այս քայլը բացատրել է քննիչի նկատմամբ ունեցած անվստահությամբ: Վերջինս հայտնել է, որ երբ հետաքրքրվել է, թե ինչու չեն հարցաքննում Հարություն Զաքարյանին, քննիչը պատասխանել է՝ նա երկրում չէ, կամ առողջականը լավ չէ, եւ, ահա, ինքն էլ չվստահելով քննիչին՝ անձամբ է փորձել հետաքրքվել, թե ինչ վիճակում է Հարությունը եւ արդյո՞ք ընդունակ է ցուցմունք տալու:
Այն, որ այս երկու գերատեսչությունները մշտապես փորձում են մեկը մյուսի վրա թերություններ գտնել, գաղտնիք չէ, սակայն այս դեպքն աննխադեպ էր այնքանով, որ ՀՀ քննչական կոմիտեն արդեն դատախազությանը փորձում է մեղադրել ներազդելու մեջ, եւ եթե առաջիկայում մարզպետի որդին կամ նրա հարազատները խուսափեն պատժից, պատասխանատվության ողջ բեռը կարող է ընկնել հենց դատախազ Ենոքյանի վրա:
Ինչեւէ: Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունից անցել է մեկ ամիս, եւ «Ժողովուրդ»-ն արդեն երկար ժամանակ է, ինչ հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժին՝ պարզելու, թե արդյո՞ք դատախազությունը ստացել է ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը եւ ի՞նչ է պատրաստվում անել. կպատժվի՞ արդյոք դատախազ Ենոքյանը:

Երկար սպասված պատասխան
Եվ, ահա, երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքումյանը երկար լռությունից հետո անձամբ է պատասխանել մեր հարցմանը՝ նշելով, թե չի պատրաստվում մեկնաբանել ասեկոսեները. «Պարզապես կուզեի ուշադրություն հրավիրել մի կարեւոր հանգամանքի վրա: Ի՞նչ տրամաբանությամբ կարող է լինել պնդում, որ դատախազը փորձել է ներազդել տուժողի հարազատների վրա, երբ այդ նույն դատախազը նախաքննական մարմնին ցուցում է տալիս քրեաիրավական գնահատական տալ Տրգրան Խաչատրյանի արարքին, ինչի արդյունքում վերջինիս մեղադրանք է առաջադրվում, եւ նա կալանավորվում է: Նույն այդ դատախազը ցուցում է տալիս խստացնել Սեյրան Խաչատրյանի եւ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը, եւ ասեմ ավելին՝ քննիչը բողոքարկում է դատախազի այս ցուցումը, ինչից հետո վերադաս դատախազը ոչ միայն մերժում է քննիչի բողոքը, այլեւ ցուցում է տալիս միջնորդել դատարանին Սեյրան եւ Էյներ Խաչատրյանների նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառել: Այս բոլոր փաստերը համադրելուց հետո, կարծում եմ, պատկերն առավել քան ակնհայտ է եւ հստակ, թե ով ում վրա է փորձում ներազդել եւ ինչ նպատակով: Դատախազությունը շարունակել եւ շարունակելու է իրականացնել օրենքով իր վրա դրված պարտականությունները՝ անկախ նրանից, թե ով ինչ ձեւով եւ նպատակով է դա փորձում շահարկել»:
Այսպիսով, թեեւ դատախազի խորհրդականը ֆորմալ առումով պատասխանել է մեր հարցին, բայց իրականում շրջանցել էր դրա բուն էությունը՝ այն համարելով ասեկոսե: Ստացվում է, որ կա՛մ քննչական կոմիտեն չի ուղարկել իր միջնորդությունը դատախազություն, կա՛մ դատախազությունում այլեւս քննչականի գրություններին որպես ասեկոսեի են վերաբերում: Երկու դեպքում էլ տխուր պատկեր է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ ներազդելու փորձ արած դատախազը (նրա հասցեին պաշտոնապես նման մեղադրանք է հնչել) չի պատժվելու: Դա երեւաց նաեւ հենց դատախազի խորհրդականի խոսքերից. Գեւորգ Կոստանյանը պաշտպանեց իր դատախազին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅՐՆ ԷՐ
«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել 2015թ հունիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում ծծնդկանին կրակած եւ ինքնասպան եղած երիտասարդի ողբերգական դեպքից: Հիշեցնենք, որ 1982թ. ծնված Հայկ Վարդանյանը բարձրացել էր Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ եւ իր մոտ եղած հրազենով կրակել կնոջ՝ Մ. Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել: Ըստ շրջանառվող լուրերի՝ ամուսինը կասկածել էր, որ երկու օր առաջ ծնված աղջիկ երեխան իր երեխան չէ: Եվ, ահա, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեն տեղի ունեցած միջադեպից հետո, քննչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով, ԴՆԹ հետազոտության էր ենթարկել նորածին երեխային, եւ նախօրեին ստացած եզրակացության համաձայն՝ նոր ծնված աղջիկը ինքնասպան եղած Հայկ Վարդանյանի երեխան է: Ասել է թե՝ այն վարկածներից մեկը, որ տղամարդը ցանկացել է կնոջը սպանել, քանի որ կասկածել է, թե ծնված փոքրիկը իրենը չէ, հերքվեց: Իսկ թե ինչը կարող էր լինել Հայկի կրակոցների պատճառը, դեռեւս հայտնի չէ: Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն դեռ չի հարցաքննել տիկնոջը՝ նրա առողջական վիճակից ելնելով:

 

ԷՔՍՏՐԱՍԵՆՍԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող Մուշեղ Մխիթարյանը, մինչ Անիի բնակարան բարձրանալը եւ սպանելը, շենքի բակում շանտաժի է ենթարկել իր ծանոթուհուն:
Նախ հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին սպանելու կասկածանքով երկու հոգին էին ձերբակալվել՝ «Յոնուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը եւ նրան ծանոթ մի աղջիկ: Ըստ տեղեկությունների՝ Մուշեղը իմացել է, որ Անին գումար ունի իր մոտ եւ այն վերցնելու նպատակով իր ծանոթուհու հետ գնացել է Անի Մաջնունյանի տուն: Սակայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Մուշեղն իր ծանոթուհուն համոզել է, որ իր հետ բարձրանա Անի Մաջնունյանի բնակարան, եւ միասին նրանից վերցնեն գումարը, սակայն աղջիկը չի ցանկացել բարձրանալ, Մուշեղը շենքի բակում սկսել է շանտաժի ենթարկել իր ծանոթուհուն, թե պիտի գաս, թե չէ… Սակայն աղջիկը հրաժարվել է, եւ վերջինները որոշել են, որ Մուշեղը միայնակ կբարձրանա, իսկ նրա ծանոթուհին շենքի բակում կսպասի: Այդպես էլ եղել է: Բայց երբ Մուշեղի ծանոթուհին տեսել է, որ նա շատ է ուշանում, բարձրացել է Անիի բնակարան եւ ականատես եղել մի տեսարանի, թե ինչպես է Անի Մաջնունյանը գետնին ընկած խռխռում, իսկ Մուշեղը, ըստ էության, գումարն ու ոսկեղենն է փնտրում:
Բայց թե ինչու այդքան չարացած ու այդքան դաժան, դեռ պարզվում է:

 

ՆՍՏԱՑՈՒՅՑԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Ազատության հրապարակում նախորդ շաբաթ նստացույց անող ազատամարտիկները առաջիկա օրերին սկսելու են մարզային այցելությունները, որոնց ընթացքում եւս կարող են նստացույցեր լինել` ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի:

 

ԸՍՏ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձին օժանդակելու մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցել է, որ ԱԱԾ-ն հրաժարվել է տրամադրել Աթաջանյանի մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները անգամ գլխավոր դատախազին ու դատարան դիմելու արդյունքում։ Հիմնավորումը մեկն է՝ նպատակահարմար չեն գտնում։ Թե ինչու, բացատրություն չկա: Փաստաբանը սա որակել է ապօրինություն՝ պնդելով, որ նախաքննական մարմինն իրավունք չունի ապացույցները թաքցնել իրենցից։

 

165 ԱՐԿ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
Օգոստոսի 8-ին եւ 9-ին, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 165 արկ: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 400 անգամ, արձակել է շուրջ 7 հազար 500 կրակոց:

 

ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՀԱՅՏՆԻ՞ Է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողություններով պարզվել են Անի Մաջնունյանի սպանության հանգամանքները, շարժառիթը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Երեւանի 20-ամյա բնակչին՝ Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:




Լրահոս