ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԳՐԵԼՈՎ՝ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ ՏԵՂԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջապես ՀՀ իշխանությունները հրապարակեցին նոր Սահմանադրության ամբողջական նախագիծը, ինչով ապացուցվեց, որ նույնիսկ իրենց իսկ հրապարակած «Հայեցակարգը» հիմնաքարային փաստաթուղթ չդարձավ: Ըստ էության, նոր Սահմանադրությամբ իշխանության ներսում հակակշիռների մեխանիզմը ամբողջովին ոչնչացված է, ինչը նահանջ է թե՛ գործող Սահմանադրության, թե՛ համաշխարհային պառլամենտարիզմի դիրքերից: Այս պարագան ցցուն դրսեւորված է 4-րդ գլխում, որը սահմանում է Ազգային ժողովի էությունը՝ սկսած պատգամավորների քանակի արձանագրումից: Հատկապես այս դրույթը բավականաչափ քննադատության արժանացավ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից: Ստորեւ փորձենք հասկանալ, թե ինչպիսի բարդություններ կարող է առաջացնել այս նորմը, եւ արդյո՞ք Եվրոպայի պառլամենտական կառավարման համակարգ ունեցող ազդեցիկ պետություններում նման տարօրինակ լուծում գոյություն ունի:

Ըստ էության, իշխանությունների հղացած նոր Սահմանադրությունը երկրում արտաքնապես հաստատելու է խորհրդարանական կարգեր: Հարկ է, սակայն, նկատել, որ պետական կառավարման ասպարեզում գործնականում մեծանում է ոչ այնքան խորհրդարանի դերակատարությունը, որքան բացառապես մեկ խմբակցության եւ վերջինիս ներկայացուցիչ ԱԺ խոսնակինը: Ինչեւէ, ելակետ վերցնելով հենց իշխանությունների պնդումները խորհրդարանական կարգերի անցնելու մասին՝ կենտրոնանանք Եվրոպայի ամենաժողովրդավար եւ բարեկեցիկ կյանքով ապրող երկրների փորձառության վրա: Վերջապես, չէ՞ որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Հայաստանը պատկանում է եվրոպական արժեմահակագին, թեեւ դա նրա համար խոչընդոտ չհանդիսացավ 2013թ. սեպտեմբերի 3-ին, իր իսկ պնդմամբ, «մի գիշերվա ընթացքում» ԵՏՄ-ին անդամակցելու որոշման կայացման համար: Իշխանությունների «եվրոպամետ» ընկալումները լավագույնս կարելի է բնորոշել Վանո Սիրադեղյանի՝ մեկ այլ առիթով անչափ դիպուկ արված մեկնաբանությամբ՝ «Մի բուռ Եվրոպա՝ Ասիայի 4-րդ հարկում»:
Հրապարակված նախագծի 88-րդ հոդվածը սահմանում է Ազգային Ժողովի կարգավիճակը. «Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը»: Ըստ էության, այստեղ նորություն չկա, եւ ԱԺ-ի դերի փոփոխություն առաջնային հոդվածով նախատեսված չէ: Խորհրդարանական կառավարման հարցում արտառոցը 89-րդ հոդվածն է: Այն սահմանում է. «Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովում ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»: Նախ անդրադառնալով ազգային փոքրամասնություններին հատկացվող տեղերի հարցին՝ հարկ է արձանագրել, որ նպատակադրված կերպով այդպիսի տեղերի երաշխավորումը մեծ մասամբ բաժին է ընկնում նոր կամ հակա-ժողովրդավարական երկրներին, որոնց շարքում հիշատակելի են Խորվաթիան (հունգարների, իտալացիների, չեխերի, գերմանացիների եւ այլ ազգերի համար), Սինգապուրը (մալայացիների, հնդիկների համար), Սլովենիան (հունգարների եւ իտալացիների համար), Պակիստանը (ոչ-մահմեդականների համար) եւ այլն: Ուշագրավ է, որ Լեհաստանում եւս գործում է նման կանոն՝ վերաբերելով գերմանական համայնքին, որպեսզի այն մշտական ձայն ունենա երկրի խորհրդարանում: Հայաստանում էթնիկական պատկերը, սակայն, ամենեւին էլ բազմազան չէ, ուստի, ասենք, երկպալատ խորհրդարանի պարագայում էր միայն կարելի նման առանձնաշնորհ անել փոքրաքանակ ազգային փոքրամասնություններին: Ի վերջո, ամեն ընտրությունից առաջ ազգային գրեթե բոլոր փոքրամասնությունների «առաջնորդները» հայտարարություն են տարածում իշխանության թեկնածուին սատարելու մասին: Ուստի այսպիսի «բարեփոխմամբ» իշխանությունը ցանկանում է խորհրդարանում էլ ավելի մեծացնել իր «կայուն» մեծամասնությունը: Ի դեպ, Հայաստանում կարծես գոյություն չունեն ազգային փոքրամասնությունների կուսակցություններ եւ նման փոփոխությամբ կա՛մ կստեղծվեն հերթական արհեստական կառույցները, կա՛մ էլ ԱԺ-ում մի քանի տեղ կրկին մեծամասնական ընտրակարգով պիտի լրացվի:
Մեկ այլ նորամուծություն է ԱԺ-ի պատգամավորների քանակը սահմանադրորեն չամրագրելը: Փորձ է արվում կրկնօրինակել Գերմանիայում ծագած եւ մի քանի այլ երկրներում տարածված խառը ընտրական համակարգը, որը հանդես է գալիս իբրեւ մեծամասնականի ու համամասնականի հիբրիդ: Այս պարագայում ընտրողն առանձին քվեարկում է կուսակցական ցուցակի եւ դրանում ընդգրկված անհատ թեկնածուի օգտին համամասնությամբ՝ ըստ ավելի բարձր ձայներ ստացածների ձեւավորելով խորհրդարանը: Գերմանիայում, օրինակ, խորհրդարանի տեղերը սահմանված են նվազագույնը 598, իսկ ներկայումս գործող պատգամավորների թիվը 631 է: Բելգիայի խորհրդարանը երկպալատանի է, որտեղ Ներկայացուցիչների պալատը սահմանադրորեն բաղկացած է 150 պատգամավորից, իսկ Սենատը՝ 60 սենատորներից: Դանիայում արդեն գործ ունենք միապալատ պառլամենտի հետ՝ բաղկացած 179 անդամներից: Իտալիան էլ ունի երկպալատ խորհրդարան՝ ընդհանուր առմամբ հաստատագրված 945 պատգամավորներով: Ավստրիայում երկպալատ պառլամենտի Ազգային խորհուրդը ունի ֆիքսված 183 անդամ, իսկ Դաշնային խորհրդի կազմը կարող է տատանվել, թեեւ ներկայումս կազմում է 62 հոգի: Վերջապես, աշխարհում առաջին բուրժուական հեղափոխության հայրենիքը համարվող Նիդերլանդներում եւս գոյութուն ունի երկաստիճան խորհրդարան, որտեղ Սենատը բաղկացած է 75, իսկ Ներկայացուցիչների պալատը՝ 150 պատգամավորներից:
Արդ, կարելի է փաստել, որ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում կառավարման իրեն համապատասխան համակարգ եւ դրանով պայմանավորված՝ ֆունկցիոնալ մեխանիզմներ: Այդ ամենը պետք է լինի խստագույնս համապատասխան տվյալ պետության քաղաքական եւ մշակութային ավանդույթներին, հակառակ պարագայում «բարեփոխում» կոչվածը կարող է պատուհաս դառնալ ազգի ու պետության համար: Իսկ թե որքանով է համապատասխանում խորհրդարանական կառավարման այդ նորամուծությունը մեր պետությանը, կխոսենք հաջորդիվ:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԴԵՌԵՎՍ ՈՉ ՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում կկայանան համայնքի ղեկավարի հեթական ընտրությունները: Հիշեցնենք, որ 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած ընտրությունների արդյունքում ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը հաղթել էր ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանին: Վարդան Ղալումյանն այս տարի դուրս է եկել ԲՀԿ-ից, Վարուժան Ներսիսյանն էլ ներկայումս զբաղեցնում է անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետի պաշտոնը: Իջեւանի քաղաքապետի ընտրությունների համար թեկնածուների առաջադրումը սկսվել է օգոսոտոսի 9-ից եւ շարունակվելու է մինչեւ օգոստոսի 14-ը: Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առայժմ Իջեւանի քաղաքապետի որեւէ թեկնածու չի առաջադրվել: Հետաքրքիր է՝ Իջեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն հանդես կգա՞ սեփական թեկնածուով, թե՞ կպաշտպանի Վարդան Ղալումյանի թեկնածությունը:

 

ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԵԾ
Աշտարակ քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Հայկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով զորամասի ժամկետային զինծառայող, 2015թ. մարտի 30-ին՝ ժամը 06.45-ի սահմաններում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ դիտորդի պարտականությունները ստանձնելու նպատակով քնից արթնացնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նույն հենակետում որպես ավագ նշանակված, իր նկատմամբ պետ հանդիսացող, պայմանագրային զինծառայող Գրիգոր Աղաքարյանի հասցեին` անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Իջեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Գրիգոր Աղաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերոհիշյալ հանգամանքներում Հայկ Ղազարյանի կողմից հայհոյանքներ ստանալուց հետո ձեռքով հարվածներ է հասցրել նրա դեմքին՝ պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Հ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով, Գ. Աղաքարյանին` 358.1 հոդվածի 1-ին մասով: Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը, Աղաքարյանի հանդեպ` չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ ՑԱՎՈՏ ԹԵՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հրապարակ» օրաթերթը օրերս գրել էր, որ հայաստանյան եւ հատկապես Արցախից բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ կոնկրետ դժգոհություն ունի Սուրիկ Խաչատրյանից, անգամ բարձրաձայնել են նրա պաշտոնանկության հարցը, ինչքան էլ մարզպետը հայտարարի, թե չի ուրախացնելու մեզ. պաշտոնից չի հեռանալու:

«Նրանք նշել են, որ հերթական միջադեպը չպետք է ներվի, եւ Սուրիկ Խաչատրյանին պետք է հեռացնել պաշտոնից: Ասում են՝ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը պահանջում են հատկապես ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ եւ ԼՂՀ զինվորական ղեկավարությունը»:
Այս հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալու խնդրանքով Armlur.am-ը դիմեց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին: Վերջինս հայտարարեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Սա ուղղակի ինչ-որ սենսացիայի հետ է կապված կամ ուղղակի սադրանք է: Արցախի Հանրապետությունը չի միջամտում Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին: Ես կարծում եմ` սա ճիշտ է, ինչպես նաեւ՝ հակառակը», – նշեց նա՝ հավելելով, որ նման լուրերն ուղղակի հիմք չունեն:
Բաբայանը նշեց, որ իր համար շատ տարօրինակ է, թե ինչու են սկսում այդ հարցը շահարկել: Մեր այն դիտարկմանը, որ այդ ամենը կապում են Ավետիք Բուդաղյանի սպանության հետ, Բաբայանը նշեց. «Նորից ինչ-որ շահարկումներ են անում որոշ ուժեր, որոնք որեւէ ձեւով շահագրգռված չեն մեր հայկական կայունության ամրապնդման մեջ: Փորձում են իրենց նեղ, անձնական շահերի համար ցավոտ թեմաներ արծարծել ուղղակի մուտիլովկաների համար»:




Լրահոս