ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՑԱՀԱՏԻԿ ՉԵՆ ՄԹԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գրեթե բոլոր մարզերի բնակիչները, ովքեր հացահատիկի, գարու մշակությամբ են զբաղվում, այս օրերին հայտնվել են դժվարին կացության մեջ: Բանն այն է, որ մինչեւ ցորեն, գարի մթերելը, վերամշակող ընկերությունները գյուղացիներին խոստացել էին կիլոգրամի դիմաց 180 դրամ, իսկ հիմա այն 100 դրամով են մթերում կամ էլ հրաժարվում են մթերել: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները, ովքեր հացահատիկի՝ գարու եւ ցորենի մշակությամբ են զբաղվում, տեղեկացրին, որ այս օրերին ոչ մի ընկերություն իրենցից ցորեն ու գարի չի մթերում:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ գյուղատնտեսության նախարարություն եւ հետաքրքրվեց, թե կոնկրետ ո՞ր ընկերություններն են այսօր գյուղացուց ցորեն, գարի մթերում եւ որքանո՞վ: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԳՆ-ից հայտնեցին հետեւյալը. «Այսօրվա դրությամբ ցորենի մթերումներ են իրականացնում համեմատաբար խոշոր հետեւյալ ընկերությունները՝ «Ալեքս Գրիգ», «Մանչո գրուպ», «Թալ Գրիգ», «Մանանա Գրեյն», «ԱՏ Գրեյն», «Դենիկ եւ Նառա» ՍՊԸ-ները: Իսկ մթերման 1 կգ գինը 110 -130 դրամ է: Բացի այդ՝ ցորենի մթերումներ են իրականացնում նաեւ համեմատաբար փոքր այլ ընկերություններ: Այսօրվա դրությամբ գարու մթերումներ են իրականացնում «Մանչո գրուպ», «Դենիկ եւ Նառա», «Արնդանե» ՍՊԸ-ները: Մթերման 1 կգ գինը 90-110 դրամ է»:
Մինչ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, թե հացահատիկի, գարու մթերումն ընթանում է իր բնականոն հունով, այս ընթացքում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի բնակիչները չեն դադարում դժգոհել մթերման գործընթացից:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Սոս Բարսեղյանն արդեն մի քանի տարի է, ինչ հացահատիկի մշակությամբ է զբաղվում: Նրա պատմելով՝ այս օրերին ով կարողանում է՝ վաճառում է իր ունեցած հացահատիկը, որոշներն էլ ստիպված պահեստավորում են, որ նորմալ գնով կարողանան վաճառել: «Բացի այդ՝ մեր ցորենի արտերը վնասվեցին, բայց գյուղատնտեսության նախարարությունից ոչ ոք չեկավ ու ոչնչով չօգնեց»,- վրդովված նկատեց մեր զրուցակիցը:
Սա դեռ բավարար չէ, հիմա էլ Վարդենիսի տարածաշրջանի գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ. «Ոչ մի ընկերություն բնակիչներից հիմա հացահատիկ չի մթերում: Նրանք պատճառաբանում են, որ մեր ցորենն անորակ է: Ցորենի, գարու մթերում գոյություն չունի, ամեն ինչ անտերության է մատնված: Ես ցորենի արտում եմ հիմա ու հսկայական ծախսեր եմ արել, բայց արի ու տես, որ մի դրամ օգուտ չունեմ: Հակառակը՝ անդադար վնասներ եմ կրում: Ու իմ նման շատերը, բոլորը»:
Զրույցի ընթացքում Բասեղյանը հիշեց, որ նախորդ տարի այս ժամանակահատվածում 1 կիլոգրամ ցորենը վաճառել են 140-150 դրամ, իսկ այս տարի 100 դրամով են վաճառում, այն էլ միջնորդ-գնորդների, ոչ թե ընկերություններին: «Իսկ գարին նախորդ տարի 120 դրամով էինք վաճառում, հիմա 80-100 դրամ: 100 դրամին էլ նույնիսկ համաձայն չեն»,- ներկայացրեց Սոս Բարսեղյանը:
Ենթադրվում է, որ ընկերությունները բնակիչներից ցորեն, գարի չեն մթերում, այլ Ռուսաստանի Դաշնությունից են ներմուծում, քանի որ վերջին տարբերակն ավելի եկամտաբեր է:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց որոշ ընկերությունների հետ (այս ցանկը գյուղնախարարությունն էր տվել) եւ հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ գյուղացուց ցորեն չեն մթերում: «ԱՏ Գրեյն» ընկերության աշխատակիցը, ով ներկայացավ Արմեն, «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենց ընկերությունն այս տարի բնակիչներից ցորեն չի մթերել եւ չի մթերելու: «Որակը ցածր է: Դրսից ենք ներմուծում, կոնկրետ Ռուսաստանի Դաշնությունից: Այդքան եկամտաբեր չէ ներմուծելը, բայց ինչ արած, տեղական ցորենի որակը շատ ցածր է: Նախորդ տարի նույնպես չենք մթերել. նման փորձ արեցինք, բայց երբ ուղարկեցինք լաբորատոր հետազոտության, պարզվեց, որ այն անորակ է»,- պատմեց «ԱՏ Գրեյն»-ի աշխատակիցը:
«Արնդանե» ընկերությունը նույնպես գյուղացուց ցորեն, գարի չի մթերում: «Քանի որ ես փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրներ ունեմ եւ բնակիչներից մթերում չեմ անում: Ցորեն, գարի ձեռք եմ բերում տեղական շուկայից, հիմնականում «Մանչո գրուպ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից եւ այլն»,- ներկայացրեց ընկերության տնօրեն Կարեն Մելքումյանը:
Իսկ, ահա, «Բաղրամյանի ալրաղաց»-ի աշխատակիցը տեղեկացրեց, որ զտված ցորենի 1 կիլոգրամը մթերում են 130 դրամով, իսկ չզտվածը՝ (հանրությանը հայտնի բունկերային) 110 դրամ:
Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր Կառավարությունը գյուղացուն թողել է իր խնդիրների հետ միայնակ: Ահա փաստը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեզ տրամադրել է մթերող ընկերությունների ցանկ, սակայն ընկերությունները հրաժարվում են ընդհանրապես մթերել, ուր մնաց նախարարության մատնանշած գնով:
Իսկ գյուղնախարար Սերգո Կարապետյանը բերքատվությունը բարձրացնելու համար դաշտերն օրհնելու կրկեսային ներկայացումներից ու «Առաջին լրատվականին» հարցազրույցներ տալուց զատ՝ իրականում ոչնչով չի աջակցում գյուղացուն. Հայաստանի գյուղերում ապրողներն անուշադրության են մատնված, դրա համար էլ օր օրի դատարկվում են գյուղերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՈՂՋ ՄԻՐԳԸ` ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Օգոստոսի 10-ի դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 50.315 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 46.450 տոննայի դիմաց: Այդ թվում` արտահանվել է 20.970 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 525 տոննա դեղձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51 տոննայի դիմաց, 1016 տոննա սալոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50 տոննայի դիմաց, 2190 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 369 տոննայի դիմաց: Օգոստոսի 10-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաեւ 3145 տոննա վարունգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 տոննայի դիմաց եւ 1024 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 84 տոննայի դիմաց: Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 83 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը. նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 30 տոկոս:

 

ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՐԳԵԼ
«Ս/թ ի հուլիսի 30-ին ՀՀ Կառավարության նիստին ընդունված որոշման համաձայն՝ մինչեւ 2016թ. հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվեցին տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները: Վստահ եմ, որ Կառավարության այս որոշումը ծառայելու է իր նպատակին, եւ մասնավոր հատվածն ավելի անկաշկանդ եւ ազատ գործունեություն ծավալելու հնարավորություն ստացավ»,- ֆեյսբուքյան իր անձնական էջում նման համոզմունք է հայտնել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` տեղեկացնելով.«Նաեւ դադարեցվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումները, ուստի կոչ եմ անում մասնավոր հատվածին, որպեսզի այնուհանդերձ հարգեն ու սրբորեն պահեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքը եւ դա անեն ոչ միայն որպես պարտավորություն, այլ որպես, նախ եւ առաջ, գիտակցված քայլ՝ հանուն հայոց լեզվի: Վերջ ի վերջո, մեզանից յուրաքանչյուրն իր հոգու պարտքը պետք է համարի ցանկացած պարագայում հարգել մեր արժեքներն ու մեր հարստությունները, լինի դա բիզնեսում, թե առօրյա կյանքում»,- ընդգծել է նախարարը:

 

ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՍԽԱԼԸ
Շուրջ 140 մասնագետներ ու 30 միավոր տեխնիկա է ներգրավվել Մոսկվայի մարզում «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռի եւ «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռի բախման արդյունքում 9-րդ զոհի որոնողական աշխատանքներին. ջրասույզներն արդեն հետազոտել են ջրամբարի հատակի 500 քմ-ը: Ռուսաստանի քննչական կոմիտեի տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը կազմել է 9 մարդ, որոնցից 2-ը` անչափահաս: Զոհերից 4-ը հայեր են: Ուղղաթիռն ու ինքնաթիռն արդեն դուրս են բերվել ջրից: Որպես ողբերգության հիմնական վարկած հետաքննիչները դիտարկում են օդաչուների սխալը:




Լրահոս